Անդրադարձ «Առավոտի» հրապարակմանը
«Առավոտ» թերթի 13.06.09թ. համարում տպագրված է «Արարման վեցերորդ օրը. արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը, նախորդների նման հագեցած է անճշտություններով» հոդվածը, որտեղ հոլովվում է նաեւ իմ անունը:
Քանի որ շեշտը դրված է, «մեղմ ասած, անճշտությունների վրա», նշեմ, որ հոդվածի հեղինակը հենվել է երկու ականավոր զինվորականների խոսքերի վրա: Կասկածի տակ է առնված երկու բժիշկների՝ Վաչագան Սարգսյանի եւ Գեւորգ Գրիգորյանի մասնակցությունը պատերազմին: Մեջբերեմ գրքում իմ մասին գրված տողերից. «Եղել է «Արաբո» ջոկատի եւ Շուշիի գումարտակի բժիշկը» (Ա. Չիբուխչյան), «Մարտակերտը ազատագրելու ժամանակ Շուշվա գնդի Վաչիկի եւ Օգանով Սամվելի զորամասի բժիշկն էի…» (Գ. Գրիգորյան): Գրքի հեղինակը կարող էր շփոթել «գունդ» եւ «գումարտակ» հասկացությունները, բայց փաստը, որ Մանիքլու գյուղում 1993թ. հունիսի վերջին մի կիսավեր խրճիթում վիրավորներ էի ընդունում ու նաեւ վիրահատում, թող ոչ ոք կասկածի տակ չառնի: Ես՝ Գեւորգ Գրիգորյանս, այդ օրերին Շուշիի գնդի բուժկետի բժիշկն էի: Իսկ ո՞վ է այնտեղ վիրահատել էջմիածինցի Զորիկ Հարությունյանին՝ ստորին ծնոտի հրազենային բաց կոտրվածքի կապակցությամբ, ո՞վ է գիշերը մեկնել դիրքեր, ուր բեռնատար մեքենան պայթել էր ականի վրա եւ քսանից ավելի ազատամարտիկ վիրաբույժի կարիք էր զգում: Այդ բժիշկը ձեր խոնարհ ծառան էր… Ու նման կեցվածքով կասկածի տակ առնել երկու բժիշկների մասնակցությունը պատերազմին, կարծում եմ, պատիվ չի բերում իրեն արդարության ջատագով համարող հոդվածագրին:
Ինչ վերաբերում է պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, նա գուցե եւ մոռացել է, բայց մենք ծանոթներ ենք, նախ՝ Ֆիզուլու ճակատից, իսկ պատերազմից հետո հանդիպել ենք «Կուր-Արաքս ազատագրված տարածքներ» կազմակերպության գրասենյակում, որի գործունեությանը համեստ մասնակցություն եմ ունեցել: Նա կարող էր նաեւ շփոթել, սակայն հոդվածում մեջբերված Հովսեփ Աղաբեկյանի խոսքերը, թե «ազատամարտի մեջ ցեխոտ կոշիկներով մարդիկ են մտել», խիստ վիրավորական են ինձ համար:
Ի պաշտպանություն իմ գործընկեր Վաչագան Սարգսյանի՝ ասեմ, որ ոչ մի անճշտություն չկա: Ժիրայր Սեֆիլյանը ինքն է նշում, որ նա եղել է գումարտակի բժիշկը, թեեւ՝ կարճ ժամանակով: Իսկ Վաչագան Սարգսյանի մարտական ուղին ստորագրել է բոլորիս կողմից սիրված զորավար Արկադի Տեր-Թադեւոսյանը, որին չհավատալը վեր է պարկեշտության ընդունված պատկերացումներից:
Ինչ վերաբերում է Նորայր Շահբազյանի հանիրավի մոռացված անվանը «Արարման վեցերորդ օրը» գրքում, կարծում եմ, որ արդարությունը կվերականգնվի, քանզի Անահիտ Չիբուխչյանը (որը, ի դեպ, ոչ մեկի պատվերը չի կատարում, այլ ազգանվեր գործունեություն է ծավալել պատերազմի մասնակից օդաչուների եւ բժիշկների անունները մոռացությունից փրկելու համար) կազմում է երկրորդ գիրքը արցախյան պատերազմի մասնակից բժիշկների մասին, ուստի համոզված եմ, որ ցավալի բացը կլրացվի: