Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Հունիս 20,2009 00:00

\"\"Նախարարները չեն վստահում կառավարությանը

Երեկ չէ առաջին օրը երկրաշարժ տեղի ունեցավ: Այսինքն, դա երեւի գիտեք: Զանգվածային լրատվամիջոցները, ցուցադրելով իրենց արհեստավարժության ողջ փայլը, հարցուփորձ էին անում մարդկանց, թե ով որտեղ է եղել այդ ժամանակ, ինչի շնորհիվ է նկատել ցնցումները, ինչ է արել իր անվտանգության համար: Մարդիկ էլ շատ ջերմեռանդ պատմում էին, նույնիսկ՝ արվեստագետները: Դե, մեղադրելու չի, երկրաշարժ… պատմական ուրիշ աղետներ տեսած ժողովուրդ է… Այլապես երկրաշարժն ուժեղ չէր, որեւէ պաշտոնական հաղորդագրություն էլ չէր եղել, թե հետագա ցնցումներից տագնապելու պատճառ կա:

Միանման թղթակցությունների այս հեղեղում առանձնացավ մեկը: Որը ոչ թե ժողովրդի պահվածքից էր խոսում, այլ՝ կառավարության: Վախվորած հեռուստատեսությունների մեկի լուրերում…. Հեռուստատեսությունների մեկի վախվորած լուրերում…. մի խոսքով… հայտնեցին, թե ինչ էին արել երկրաշարժի պահին մի խումբ նախարարություններ, որոնք կուտակված են կառավարության շենքերից մեկում (էն, որ Վերնիսաժի կողքն է): Նախարարությունների աշխատակազմը իր ղեկավարության ցուցումով դուրս էր եկել փողոց եւ ժամեր անցկացրել այնտեղ:

Այ քեզ սրտացավությու՛ն… Տեսեք, թե նախարարներն ինչպես են մտածում իրենց ենթակաների մասին: Երեւի մտածեցիք, էլ ինչու եմ ասում՝ վախվորած: Զանգվածային լրագրողների հերթական քծնանքն է կառավարության հասցեին… Բայց ասում եմ վախվորած, որովհետեւ նույնիսկ այդ լուրում (հեռուստատեսության անունը չեմ տալիս, որ մյուսները չնախանձեն) հասկացվում էր ակնարկ, թե արդյոք վայե՞լ էր այդ հաստատություններին խուճապը:

Խնդիրն իհարկե ավելի խորն է, եթե ստիպել է պատմիչին գրիչ վերցնել: Այս միջադեպը ցույց է տալիս, որ նախ.

ա) նախարարները չեն վստահում… կառավարությանը, եթե չեն սպասում տեղահանման պաշտոնական հրահանգի, իրենք են տալիս.

բ) նրանք չեն դիմում բնակչությանը, որ բոլորը փրկվեն, այլ՝ իրենց ազգուտակին, պարզ է՝ առաջին հերթին, երեւի հեռախոսազրույցների ձայնագրություններն ինչ-որ տեղ պահպանվում են, հետո նաեւ՝ իրենց «աշխատողներին»:

Սա մի վառ օրինակ է, թե ինչպես են պահելու իրենց նման նախարարներն ավելի վատ իրավիճակում (Աստված մի արասցե՜, պատերազմ կա, բան կա): Նրանց հետ չեն պահի նույնիսկ մոտակա օրերին ստացվելիք կաշառքները…

Ահա այս ֆոնին է, որ նույն հեռուստատեսության նույն օրվա լուրերը հաղորդում են, թե վարչապետն արգելել է նախարարներին ամառը մեկ ամսով արձակուրդ գնալ, ինչպես նաեւ՝ հանգստանալ Հայաստանից դուրս: Գիտե՞ք ինչու: Ճգնաժամ է, նախարարները մոռացել՝ բոլորով դիմում են գրել (վարչապետն էլ մենակ անցկացնի կառավարության նիստերը): Բայց նախ.

ա) նախարարները որ Հայաստանում հանգստանան, դա ծախսի տակ է գցելու մարզպետներին, հետեւաբար՝ թշվառ մարզերի բնակչությանը.

բ) իրենց ներկայությամբ խուճապի բուն են, եւ եթե իրենց տեղում չլինեն, կարող է պետական մտածողությամբ օժտված մարդիկ մնացած լինեն տեղակալների-բաների մեջ, որոնք ավելի ճիշտ որոշումներ կընդունեն վտանգի պահին:

Այնպես որ, պետք չէ կանխել նախարարների արձակուրդ գնալը: Թող գնան: Երկա՛ր, ինչքան հնարավոր է երկար:

Ի դեպ՝ վարչապետն էլ:

Հա, մեկ էլ… Դե, դուք իմացաք, էլի, թե՝ ով:

Ինքն, էլի, էս ԺԷԿ-ի պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել