Արդեն քանի տարի ԱԻԲԱ-ն պայքարում է, որպեսզի կանանց սիրողական բռնցքամարտն ընդգրկվի ամառային օլիմպիական խաղերի ծրագիր՝ պատճառաբանելով, որ բռնցքամարտը միակ մարզաձեւն է, որը Խաղերում ներկայացված չէ գեղեցիկ սեռով: Եվ, կարծես, մոտ է նպատակին հասնելուն՝ արդեն 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում:
Հայերիս հոգեբանության մեջ կին եւ բռնցքամարտ հասկացություններն անհամատեղելի են: Դժվարանում ենք պատկերացնել ռինգ, որտեղ երկու աղջիկ իրար մռութ են ջարդում: Թեկուզ սիրողական մակարդակով, որտեղ մարզիկները պաշտպանիչ սաղավարտ են կրում: Էլ չենք խոսում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին: Սակայն աշխարհում կանանց բռնցքամարտը, այդ թվում նաեւ՝ պրոֆեսիոնալ, բավականին զարգացած է: Տարբեր վարկածներով անցկացվում են մենամարտեր, հռչակվում ըստ քաշային կարգերի աշխարհի չեմպիոններ, շնորհվում գոտիներ: Ու հետաքրքիրն այն է, որ մենք էլ ունենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, այն էլ՝ երկու վարկածով աշխարհի չեմպիոն: Դա Սյուզի Կենտիկյանն է, որը, ճիշտ է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:
Մեր պատկերացմամբ, կին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը, ինչպես տղամարդիկ, պետք է որ կոտրած քիթ ու դեմքին բազմաթիվ սպիներ ունենա: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ստորեւ ներկայացվող լուսանկարներում պատկերված են պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհիներ: Սակայն նայելով այդ գեղեցկուհիներին, ակամա մտածում ես, թե առնվազն թոփ մոդելներ են: Բայց նրանց հետ շփվելիս պետք է զգույշ լինել: