Կամ «ասանկ կըսեմ՝ անանկ հասկըցեք»
«Արարատ» ֆուտբոլային ակումբ-ՀՖՖ, իսկ ավելի ստույգ՝ Հրաչ Կապրիելյան եւ Արկադի Անդրեասյան-Ռուբեն Հայրապետյան (ըստ ամենայնի՝ վերջը չնշմարվող) հակամարտությունն արդեն անտանելի է դառնում:
Հանուն ամբիցիաների եւ միայն իրենց հասկանալի հակակրանքի համար մղվող ոխերիմ պայքարի, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու մոլուցքի՝ շատ բաների կարելի է գնալ: Եվ այստեղ ճիշտն ու սխալը մենք՝ մարզական լրագրողներս չէ, որ պետք է որոշենք: Կենաց ու մահու այս կռվի անհրաժեշտությունը, գուցե, կա: Բայց մինչեւ այնտեղ, որտեղ այդ անձնականն ավարտվում է: Դրանից այն կողմ արդեն նետվող քարերն ընկնում են ֆուտբոլասերների, ժողովրդի այգիները:
Հակամարտող կողմերը հատկապես վերջին շրջանում այնքան են իրենց դարդերը պատմել լրագրողներին, յուրաքանչյուրն իր արդարացիությունը լրատվամիջոցներին այնքան է փորձել ապացուցել, որ արդեն սկսում ենք հոգնել: Երկուսն էլ մտահոգված են հայկական ֆուտբոլի ներկայով ու ապագայով, երկուսն էլ պնդում են, թե «գիշերները չեն քնում», երբ մտածում են, թե ինչ է մեզ սպասվում վաղը: Ու երկուսն էլ վստահեցնում են, թե ամեն ինչի պատրաստ են, պայքարում ու պայքարելու են՝ հանուն մեր ֆուտբոլի պայծառ ապագայի: Այս պայքարում, բոլորն էլ գիտեն, որ փոխադարձաբար միմյանց քլնգելու օրինակների պակաս չկա: Սկսած կոնկրետ նպատակներ հետապնդող մրցավարությունից, վերջացրած ակումբներին ճնշելու մեղադրանքներով:
Մենք այս «խաղում» մրցավար, առավել եւս՝ դատավոր չենք, որ որոշենք, թե ո՞վ է արդար եւ ով՝ մեղավոր: Ընդամենը հազարավոր ֆուտբոլասերների պես երազում ենք, որ այս գզվռտոցը շուտ վերջանա, ու յուրաքանչյուրն իր էներգիան վատնի ֆուտբոլը մի քայլ առաջ տանելու համար: Սակայն…
Ով ինչպես ուզում է՝ թող մտածի. կողմնապահությունից հեռու ենք: Բայց այս կռվի մեջ բաներ են կատարվում, որոնց չանդրադառնալ չի ստացվում: Թե «Արարատ» ակումբի նախագահը ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ բարձրագույն խմբում թիմի խայտառակ մրցելույթներին եւ հետագային, լրատվամիջոցներն անդրադարձել են: Պարոն Հրաչ Կապրիելյանը հազար անգամ երդվելու աստիճան հայտարարել է, թե ինքը եկել է Հայաստան ու իր ուսերին վերցրել Հայաստանում եւ Արցախում ֆուտբոլը զարգացնելու առաքելությունը: Բայց «panorama.am»-ի հունիսի 18-ի կայքէջում տեղադրված «Արարատը» ցրել է մանկապատանեկան թիմերը» ինֆորմացիայում գրված է. «…ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Արարատը» իր բոլոր մանկապատանեկան թիմերը ցրել է: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «Արարատի» ղեկավարները նման քայլի են դիմել՝ հենվելով այն համոզմունքի վրա, որ, միեւնույն է, իրենց պատրաստած ֆուտբոլիստներին ցանկացած ակումբ կարող է «փախցնել»: Զարմանք է հարուցում միայն այն փաստը, որ այդ մասին ակումբը նպատակահարմար չի համարել տեղեկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:
Այսքանից հետո արժե՞ ընդհանրապես լսել ակումբի ղեկավարությանը կամ նրանց խոսքերին կարեւորություն տալ: Չմտածե՞նք, որ այս պարագայում նրանք, ինչ էլ որ եղած լինի, եթե դռները կողպում են մանկապատանեկան ֆուտբոլի առջեւ, ուրեմն թքած ունեն թե հայկական ֆուտբոլի՝ մասնավորապես, թե ընդհանրապես՝ ամեն ինչի վրա: