Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կեղծել պատմական փաստերը

Հունիս 20,2009 00:00

\"\"Կամ ադրբեջանական քարոզչության հնարքները

Ֆրանկֆուրտի տոնավաճառում ամիսներ առաջ վաճառվել եւ նույնիսկ քարոզչական նպատակով մարդկանց անվճար բաժանվել են Ադրբեջանի արտգործնախարարության հովանավորությամբ հրատարակված մեծ քանակությամբ գրքեր՝ մի քանի լեզուներով: «Ադրբեջանցիները պետական հովանավորությամբ գիրք են հրատարակում եւ կազմի վրա, ասենք, Գառնիի տաճարն է, Ամբերդի ամրոցը, Երեւանի պարսկական մզկիթը, որ նորից ադրբեջանցիների հետ կապ չունի,- մտահոգված պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը եւ շարունակում,- Էջմիածնի մայր տաճարը հայ-թուրքական եկեղեցի է ներկայացվում, Գանձասարի վանքը՝ աղվանա-թուրքական եկեղեցի եւ այլն, եւ այլն: Գրքերը հրատարակել են նույնիսկ անգլերեն ու ֆրանսերեն: Մեր այն օղակները, որ առնչվում են այս խնդրին, պետք է տեղյակ լինեն այս մասին: Մենք փոխանցել ենք գրքերը մշակույթի ու արտգործնախարարներին, պետք է Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իմանա այս մասին: Մինչեւ հիմա ոչինչ չի ձեռնարկվում: Ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանցիները պետական մակարդակով քարոզչություն են անում, սակայն այդ ամենն անում են ոչ պրոֆեսիոնալ ձեւով, մակերեսային, կեղծ փաստարկներով ու հիմնավորումներով»: Այսպես՝ ադրբեջանցիների հրատարակած գրքերում բոլոր տեղանունները այնպես են, ինչպես մինչեւ 20-30-ական թվականները. այսպես՝ Վարդենիսի փոխարեն գրված է Բասարգեչար, Արարատի փոխարեն՝ Դաղալու, Վանաձորի փոխարեն՝ Բիյուք Ղարաքիլիսա (Մեծ Ղարաքիլիսա), իսկ Հայաստանի Հանրապետության անունը չկա, փոխարենը գրված է Արեւմտյան Ադրբեջան, եւ գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» («Les Monuments Azerbaտdjan d\’Ouest»): «Նորավանքի դեպքում, օրինակ, գրված է՝ «թուրք օղուզների հուշարձան, 13-րդ դար, Ամաղու գյուղում,- ներկայացնում է Ս. Կարապետյանը:- Այսինքն՝ մինչեւ հիմա ամբողջ գրականությունը շեշտում է, որ հայկական է, հիմա սրանք ասում են՝ «թուրք օղուզների եկեղեցի», եթե այդպիսի մի բան լիներ, այդ ուսումնասիրություններից գոնե մեկում թուրք օղուզ կլիներ, չէ՞, մինչեւ հիմա: Իրենց հրատարակությունների մեջ եթե մի տեղ գրում են Հայաստան, ուրեմն չակերտների մեջ են տալիս»:

Վերջին 50-60 տարիներին ադրբեջանցիները, ըստ Ս. Կարապետյանի, քարոզչական մի հնարք մեջտեղ բերեցին: Նրանք սկսեցին իրենց հորինած կեղծ պատմությունը, կեղծ փաստերը, մի խոսքով՝ ողջ ապատեղեկատվությունը լայնորեն հրապարակել տարբեր ձեւերով ու տարբեր երկրների գիտնականների միջոցով: Արդյունքում ստացվում է՝ իրենք տեր են դառնում մի ողջ պատմության. չէ՞ որ դա են «վկայում» այսինչ ու այնինչ գիտնականները: Դա արվում է նաեւ մեր հայկական խաչքարերի պարագայում: Ադրբեջանցիները պնդում են, որ խաչքարերը ալբանական ծագում ունեն:

Այս առնչությամբ Սամվել Կարապետյանն ասում է, որ քրիստոնեական մշակույթի վերագրումն իրենց ազգին, ինչպես նաեւ շատ պատմական փաստերի աղավաղումը, ադրբեջանցիներն սկսեցին 1960-ականներից. «Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք, որ այդքան վաղուց կաք իբր, լավ, ասենք՝ մի ազգ եք, որ ամեն 100 տարին մեկ անուն է փոխում, ինչպե՞ս եղավ, որ ընդամենը 1960-ականներից հանկարծ գլխի ընկաք, որ այդ մշակույթը ձերն էր, դրանից առաջ ինչո՞ւ չէիք ասում այդ մասին: Մենք այդ հուշարձանների ստեղծման պահից գիտենք, որ մերն է, այդ հուշարձանները դարերով այդ հողի վրա կանգնած էին, դուք հանկարծ քնից զարթնեցիք, ու՝ վա՜յ, այդտեղ խաչքար էլ կա՛… էստեղ մեր պետությունն է, մեր ազգն է ստեղծել: Այդպես չի լինում»:

Ինչ վերաբերում է «Արեւմտյան Ադրբեջան» անվանմանը, դրա շրջանառումը հաջորդ հնարքն է: Ադրբեջանական շատ կայքէջերում մեր պատմական հուշարձաններն ամբողջությամբ վերագրված են Ադրբեջանին, նրանց վրա գրված է՝ Արեւմտյան Ադրբեջան: Մեր այս նկատառմանը պրն Կարապետյանը այսպես արձագանքեց՝ «Ընդհանրապես, եթե մի բան այսօրվա Հայաստանին է վերաբերում՝ գրված է Արեւմտյան Ադրբեջան: Կանցնի մի 40 տարի, մեկ էլ կտեսնենք, որ 100 գիրք է ստեղծվել, որոնք վկայում են, թե սա ոչ թե Հայաստանն է, այլ Արեւմտյան Ադրբեջանը: Այս նույն ձեւով ադրբեջանցիները աշխատում են ալբանական թեզի վրա: Նրանք չեն հոգնում ասել, որ խաչքարերը ալբանական ծագում ունեն: Ալբանակա՞ն եք ասում, շատ լավ, ալբանները ապրում էին Նախիջեւանո՛ւմ, ալբանները ապրում էին Թիֆլիսո՛ւմ, Գարդվանի շրջանի Թելետ գյուղո՛ւմ: Ամեն տեղ ալբաննե՞ր էին ապրում… Իսկ հայերեն արձանագրություննե՞րը՝ «Սուրբ խաչս բարեխոս է Յակոբին (Հակոբին) թվին ՌՃԼե 1681 թիվ..»:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել