Ասում է Ցյուրիխի տրիոյի եւ կվինտետի գեղարվեստական ղեկավար Բորիս Լիվշիցը
Ռ. Ասատրյանը, Ն. Դիվանյանը եւ Բ. Լիվշիցը (աջից)՝
Կոմիտաս են քննարկում:
Ցյուրիխի օպերային թատրոնի նախկին կոնցերտմայստեր, ջութակահար Բորիս Լիվշիցը, որը մեծանուն մանկավարժ Լ. Աուերի սանն է, սկսած 1965թ.՝ պարբերաբար այցելում է Հայաստան: Ծնունդով վիլնյուսցի այս երաժիշտը ժամանակին եղել է նաեւ Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար եւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: 26 տարի աշխատելով որպես Ցյուրիխի օպերային թատրոնի կոնցերտմայստեր, Բ. Լիվշիցը վարպետության դասեր է անցկացրել նաեւ Երեւանի կոնսերվատորիայում եւ Կամերային երաժշտության տանը, հանդես եկել համերգով:
Հայ ունկնդիրը հավանաբար կհիշի, այլ ստեղծագործությունների թվում, Բորիս եւ Ցվի Լիվշից եղբայրների, դաշնակահարուհի Գրետա Սարգսյանի եւ թավջութակահար Միքայել Հախնազարյանի մեկնաբանմամբ, Ալեքսանդր Յոլչյանի մշակումով՝ Կոմիտասի «Կռունկը»:
Այս օրերին Բ. Լիվշիցը դարձյալ Երեւանում է:
«Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ ինքն այլեւս Ցյուրիխի տրիոյի եւ կվինտետի գեղարվեստական ղեկավարն է, իսկ օպերային թատրոնի կոնցերտմայստերի պաշտոնը 2001-ին սիրով զիջել է Անի Կուրտիկյանին:
Աշխարհում ընդունված մի սկզբունք կա, ըստ որի՝ հայերն ու հրեաներն ունեն էթնիկ եւ մենտալիտետային նմանություն հատկապես արվեստի ու գիտության ոլորտներում:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Հայաստանը ձգում իրեն: «Ողջ կյանքում անընդհատ փնտրել եմ մարդկանց եւ երբեք մարդ ասելով՝ դրանից առաջ չեմ դրել որակում: Մասնագիտությանս բերումով, դեռեւս խորհրդային տարիներին Արեւմուտքում հասկանալի պատճառով շփվում էի միայն սփյուռքահայերի հետ, իսկ արդեն վերջին տարիներին բախտ եմ ունեցել բարեկամանալու ոչ միայն Արեւմուտքում ապրող ու ստեղծագործող երաժիշտների, այլեւ հայաստանցիների հետ: Երեւանում էլ ունեմ բարեկամներ՝ կոնսերվատորիայի պրոֆեսորներ Միխայիլ Կոկժաեւ, Գագիկ Սմբատյան եւ ուրիշներ: Այս այցելությանս մտերմացա երաժշտագետ Նաիրա Դիվանյանի եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի հետ: Վերջիններիս օգնությամբ էլ հայաստանյան օրերս «լցնում» եմ Կոմիտասով, ավելի խորը ուսումնասիրում նրա արվեստը, հետագայում Արեւմուտքում Կոմիտաս հնչեցնելու նպատակով»,- ասաց երաժիշտը:
Նա հավելեց նաեւ, որ այսօր արեւմտյան ցանկացած հեղինակավոր նվագախմբերում, որպես օրենք, 1-2 հայազգի արտիստ է աշխատում. «Մինչ այսօր հանդիպածս հայ երաժիշտները ե՛ւ բարձրակարգ արվեստագետներ են, ե՛ւ ինտելեկտով հարուստ մարդիկ»:
Երկու ժողովուրդների նմանությունների ու ողբերգական ճակատագրի «մասով» էլ մեր զրուցակիցն ասաց հետեւյալը. «Այն, որ հրեաներս ու հայերդ տաղանդավորի համբավ ունենք, գուցե ոչ բարձրաձայն, բայց ընդունում են այն ազգերը, որոնց հետ, մեղմ ասած, խնդիրներ ենք ունեցել: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, ձեզ հետ խնդիր ունեցողները վաղուց գոնե իրենց մեջ ընդունել են մեղքը»: