Ընտրությունների արդյունքները կեղծված չեն՝ ուրբաթ օրը հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին։ Ինչպե՞ս է հնարավոր 11 միլիոն ձայն կեղծել, դիմելով Թեհրանի համալսարանի մզկիթում հավաքված հավատացյալներին՝ ասել է Համենեին՝ ակնարկելով քվեների այն տարբերությունը, որ կա գործող նախագահի եւ Միր-Հոսեյն Մուսավիի միջեւ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Պետք է հատուկ նշեմ, որ բոլոր չորս թեկնածուներն էլ հավատարիմ են այս պետությանը եւ վստահություն են վայելում։ Դա կարող եմ ասել թե՛ Մահմուդ Ահմադինեջադի եւ թե՛ Միր-Հոսեյն Մուսավիի մասին։ Այդուհանդերձ, քաղաքական պայքարի բոլոր կողմերը արժանի են խիստ քննադատության իրենց բացասական պահվածքի համար»,- ասել է Համենեին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Համենեին Իրանում այսօր տեղի ունեցող հուզումների ողջ մեղքը բարդել է Իսլամական Հանրապետության թշնամիների վրա։
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի դեռ ընտրություններից մի քանի ամիս առաջ՝ Մեշհեդում ունեցած իմ ելույթի ժամանակ։ Իրանական ազգի թշնամիները ցանկանում են կասկածի տակ դնել մեր պետության լեգիտիմությունը, մեր պետականության հիմքերը։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան բանկերի բաժանմունքներ կամ ավտոբուսներ հրկիզելը։ Ամերիկյան եւ բրիտանական ռադիոկայանները փորձում են ամեն ինչ ներկայացնել այն լույսի ներքո, թե իբր տեղի ունեցողը պայքար է Իսլամական Հանրապետության գործող համակարգի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:
«Իրականում ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը վստահում է պետական կառավարման համակարգին»,- հայտարարել է Համենեին։
Դիմելով բողոքի գործողությունների մասնակիցներին՝ Համենեին կոչ է արել հանգստություն ցուցաբերել. «Ընտրությունների արդյունքները փողոցում չեն որոշվում։ Սխալ է կարծել, թե փողոցային բողոքի ակցիաներով կարելի է հասնել ինչ-որ փոփոխությունների։ Եղեք համբերատար եւ փորձեք վերահսկել ձեր գործողությունները։ Ես երկու կողմին էլ կոչ եմ անում վերջ տալ բռնություններին»: