Նախորդ շաբաթ գերմանական ազդեցիկ «Դեր Շպիգել» շաբաթաթերթում հետաքրքիր հոդված կար՝ նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմի մասին: Լրագրող Ուվե Կլուսմանին հաջողվել է աչքի անցկացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվող գաղտնի փաստաթղթերը՝ 2008 թվականին Կովկասում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետաքննության արդյունքների մասին: Նա պարզել է, որ հանձնաժողովի հավաքած փաստերը հերքում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պնդումները, թե իր երկիրը «ռուսական ագրեսիայի» անմեղ զոհն էր:
Փորձագետները վկայություններ են գտել այն մասին, որ 2008 թվականի օգոստոսի 7-ին Սահակաշվիլու հրամանով Հարավային Օսեթիայի սահմանին են մոտեցել 12 հազար զինվորականներ եւ 75 տանկեր: Բացի այդ, Վրաստանի նախագահի արտահայտած մտքերը կասկածի տեղիք չեն թողնում, որ նա մտադրված էր լուծել երկրի տարածքային ամբողջականության հարցը ռազմական ճանապարհով:
Եվրամիության հովանու տակ գործող՝ օգոստոսյան ռազմական հակամարտության հանգամանքների հետաքննության Միջազգային առաքելության առայժմ պաշտոնապես չհրապարակած փաստաթղթերը առաջին հերթին Սահակաշվիլու մեղքն ապացուցող փաստեր են պարունակում: Այժմ այդ փաստաթղթերը գտնվում են հանձնաժողովի Ժնեւյան բյուրոյի նախագահ Հայդի Տալյավինիի սեղանին: Տալյավինին պետք է հանձնաժողովի եզրահանգումները ներկայացնի Եվրամիության երկրների Նախարարների խորհրդին՝ հուլիսի վերջին: Այդ հանձնաժողովի եզրահանգումներից շատ բան է կախված՝ նշում է «Դեր Շպիգելը», մասնավորապես այն, թե՝ կարելի՞ է արդյոք Վրաստանը լուրջ թեկնածու համարել ՆԱՏՕ մտնելու համար, թե՞ այդ երկրի ղեկավարը արկածախնդրի մեկն է: