Նրանք զարմացած են, որ ՀՀ բուհերում կարելի է 4 ամիս դասի չգալ եւ քննություն ստանալ
Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի ունեցավ օտարերկրյա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Ավարտական վկայական ստացավ 92 օտարերկրյա քաղաքացի, որից 82-ը՝ բակալավրի, 10-ը՝ մագիստրոսի: Բուհում օտարերկրյա քաղաքացիների առաջին խմբերը ձեւավորվել են դեռ 1976-ից: Ներկայումս համալսարանում գործում է Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, որտեղ սովորում է 330 արտասահմանցի: Ուսուցումը հայերեն եւ անգլերեն է: ՀՊՃՀ-ում հիմնականում սովորում են Վրաստանից, Սիրիայից, Չինաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Հորդանանից ժամանած երիտասարդներ: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ողջունելով օտարերկրացի շրջանավարտներին, ասաց. «Ցանկանում եմ, որ Հայաստանում անցկացրած տարիները իրոք լինեն գիտելիքների, հմտությունների ձեռքբերման, ինչպես նաեւ մեր եւ ձեր հայրենի երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների մի նոր ալիքի բարձրացման տարիներ: Կցանկանայի, որ Հայաստանում ձեռք բերած գիտելիքներն օգտագործեիք ի նպաստ ձեր երկրների»:
«Առավոտը» զրուցեց նաեւ օտարերկրացի շրջանավարտների հետ, որոնք մեզ իրենց տպավորությունները պատմեցին ՀՀ-ում ստացած կրթության մասին: Ուսանողներից ոմանք բավականին անկեղծ էին, օրինակ՝ իրանցի Փեդրամ Անաստին, որն ասաց. «Ես պետք է Իրանից դուրս գայի, որպեսզի բանակում չծառայեի: Սակայն առաջին տարիներին չէի ուզում Հայաստան գալ, քանի որ 6-7 տարի առաջ ամեն ինչ բարդ էր: Բայց եկա, ընկերներով մնացինք Հայաստանում եւ հարմարվեցի: Ձեր երկրում պիտի լուրջ ուշադրություն դարձնեն կրթությանը, քանի որ լինում են դեպքեր, երբ 4 ամիս ուսանողը դասերի չի հաճախում, բայց գալիս եւ քննություն է ստանում»: Չինաստանից ժամանած Լի Չանն էլ ասաց. «ՀՀ-ում կրթություն եմ ստանում փոխանակման ծրագրի շրջանակներում: Ձեր երկրում ստացած կրթությունն ինձ մեծ բան տվեց, փորձ, գիտելիքներ, ընկերներ: Քանի որ սովորում էի իրանցի եւ Իրաքից եկած ուսանողների հետ, նրանց հետ եմ ավելի շատ շփումներ ունեցել: Բայց հայ ընկերներ էլ ունեմ, նրանք շատ հոգատար են եւ ընկերասեր, եթե նրանք չլինեին՝ գուցե Հայաստանում ես չկարողանայի ինձ այսպես ազատ զգալ»: Իրանցի Հումեն Սեդղոմիսն էլ ասաց. «Հայաստանում անցկացրած տարիները դեռ երկար կհիշեմ: Ընդհանուր առմամբ այստեղ ստացած կրթությունից գոհ եմ, բայց կային նաեւ խնդիրներ: Օրինակ՝ մասնագիտական առարկաների համար, որոնք պահանջում են փորձարկումներ, նախատեսված չէին համապատասխան սարքավորումներ՝ փորձեր կատարելու համար: Դա բացասական ազդեցություն էր ունենում կրթական գործընթացի վրա»: