Կամ թեստերի արտահոսքի հարցի լուծման 2 տարբերակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից
«Նախարարը գա՝ ասելու եմ», «Էդ հարցերը անպայման նախարարին կտաս». երեկ առավոտյան ժամը 9-ին ԵՊՀ քննական կենտրոնի բակում ծնողների զրույցներնում նման արտահայտություններ էին հնչում, մինչ նրանք սպասում էին ՀՀ նախագահի եւ ԿԳ նախարարի այցին: Երեկ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի 3573 դիմորդ քննություն հանձնեց հայոց պատմություն եւ 1328 դիմորդ՝ քիմիա առարկաներից: «Առավոտը» մոտեցավ ԵՊՀ բակում խմբված ծնողներին եւ նրանց խնդրեց գնահատել քննությունների անցկացման գործընթացը: Մի ծնող ասաց. «Գործընթացը դժվար ընթացավ, թեստային հարցերը երեխաներին եւ ծնողներին մեծ սթրեսներ պատճառեցին»: Մեկ այլ ծնող էլ պատմեց.«Տնտեսագիտական համալսարանում անցկացված անգլերեն քննության ժամանակ հանձնաժողովականները երեխաներին անընդհատ շտապեցրել են, թե շուտով ժամանակը կլրանա»: Մեկ ուրիշն էլ դժգոհեց տեխնիկական հարցերից. «Այսօր թե հայոց պատմություն, թե քիմիա առարկաներ հանձնող երեխաները քննասենյակներ էին մտնում նույն մուտքից: Դա շատ անհարմար էր, քանի որ կուտակումներ էին առաջանում»: Որքան էլ զարմանալի է, գտնվեցին նաեւ ծնողներ, որոնք գոհ էին քննական ընթացքից. «Բացի հայոց լեզվի թեստի բովանդակությունից, մնացած ամեն ինչից գոհ ենք»:
Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց քննակենտրոն, ոստիկանները պաշարեցին ծնողներին՝ նրանց հետ հրելով: Հետո նախագահը, առանց լրագրողների ուղեկցության, մտավ քննասենյակներ, տեսավ, թե ինչպես են բացվում ծրարները, աչքի անցկացրեց հայոց պատմության թեստը եւ առանց ծնողների հետ խոսելու կամ կարծիքներ արտահայտելու՝ լքեց տարածքը:
Այնուհետեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զրուցեց լրագրողների հետ: Մրցութային միավորների հետ կապված մանրամասներ նախարարը չհայտնեց. «Մրցութային միավորները դեռ բացահայտման տվյալ չեն, քանի որ առջեւում են լրացուցիչ, մի շարք առարկաների գծով կենտրոնացված, ներբուհական նեղմասնագիտական քննությունները, որոնց արդյունքում կփորձենք օգոստոսի 1-ին տալ ամփոփ նկարագիր այս տարվա դիմորդների արդյունքների վերաբերյալ»: Լրագրողներին հետաքրքրում էին նաեւ թեստերի արտահոսքի հետ կապված հարցերը: Այս թեմայի մասին խոսելիս Ա. Աշոտյանը կես-կատակ, կես լուրջ ասաց. «Ես այդ հարցի լուծման հետ կապված երկու տարբերակ եմ առաջ քաշել, որոնք կոչում եմ եգիպտական եւ Սան Մարինոյի տարբերակ: Նախկինում եգիպտական փարավոնները իրենց համար դամբարան նախագծողին զրկում էին կյանքից, որ գաղտնիքները չբացահայտվեն: Իսկ Սան Մարինոյի սահմանադրության մեջ գրվում է, որ այնտեղ չեն կարող աշխատել ոստիկաններ եւ դատավորներ, որոնք Սան Մարինոյի քաղաքացիներ են»:
Մինչ նախարարը շփվում էր լրագրողների հետ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ զրույցի էին բռնվել մի քանի տիկիններ: Նրանցից մեկն ասաց. «Տղաս 10 տարի առաջ դպրոցի գիտելիքներով առանց պարապելու ընդունվեց բուհ, իսկ այս տարի մյուս երեխաս պարապել է կրկնուսույցի մոտ»: Այդ պահին Մանուկ Մկրտչյանը փորձեց վերցնել տիկնոջ ձեռքի անձրեւանոցը, ծիծաղով զգուշանալով, թե ջղայնացած է եւ կարող է դրանով հարվածել: Մյուս կինն ասաց. «Իսկ մեր ժամանակ ընդամենը երեք օր էինք պարապում եւ ընդունվում բուհ»: Այնուհետեւ ծնողների հարցերին պատասխանելու հերթը հասավ նախարարին: Նրան, ինչպես ամեն հանդիպման ժամանակ, ծնողները հարցախեղդ էին անում ամենատարբեր թեմաներով: Մի ծնող նախարարին ասաց, թե հնարավոր չէ՞ դպրոցները հասցնել այն մակարդակի, որ երեխաները կրկնուսույցի մոտ պարապելու պահանջ չունենան: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Երեխաներն այդ պահանջը չունեն, դուք ունեք այդ պահանջը»: Ծնողներին հետաքրքրեց, թե հայոց պատմության թեստերը բա՞րդ են: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Թեստ չեմ տեսել, ես չեմ մասնակցել ոչ թեստի կազմավորման փուլում, ոչ էլ դրանից հետո: Ինձ համար բարդ էր, քանի որ վերջին անգամ 17 տարի առաջ դպրոցում եմ ուսումնասիրել հայոց պատմություն»: Իսկ մրցութային միավորների մասին նախարարն ասաց. «Դուք պիտի շահագրգռված լինեք, որ ոչ մեկը չիմանա այդ մասին: Հենց ասեմ, մնացածները շահեկան վիճակի մեջ կհայտնվեն»: Մի ծնող էլ մտահոգվեց, թե չներկայացած դիմորդները հետո գալիս են քննության եւ 20-եր ստանում: Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ ինքն անձամբ է ներկա լինելու լրացուցիչ քննություններին: «Առավոտը» զրուցեց նաեւ Նելլի Բոյախչյանի հետ, որի որդին հայոց եւ օտար լեզվի քննություններից «20» է ստացել: Ծնողն ասաց. «ԵրեխՊաս կրկնուսույցի մոտ չի պարապել, այլ՝ դպրոցի ուսուցչի մոտ: Այնուամենայնիվ, գիտելիքը գնահատվում է»: