Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ցուցմունքները՝ հի՞մք

Հունիս 20,2009 00:00

\"\"Մայիսի 23-ի «Առավոտի» «Ստիպում են համագործակցել» հրապարակմամբ տեղեկացրել էինք «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանի եւ նրա տնօրենի՝ Հովհաննես Ամլիկյանի միջեւ տեղի ունեցած մի թյուրիմացության մասին: Տնօրենը, կարծելով, թե 3 մլն 900 000 դրամ գումար է պակասել հաշվապահությունից, դիմել էր ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությանը՝ նշելով, որ յուրացման մեջ կասկածում է Ն. Գրիգորյանին: Հետագայում գումարի վերահաշվարկի ժամանակ պարզվել էր, որ այն տեղում է, իսկ ոստիկանությունը հանգիստ չի տվել Ն. Գրիգորյանին:

Երեկ խմբագրությանը դիմած Ն. Գրիգորյանը հայտնեց, որ «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ աշխատող ընկերություններին («Թագ», «Չանախ», «Գոլդն Ռեյ», «Օտ Մարտինա», «Մայ Աննա», «Վիկտորիա», «Ոսկե պինգվին», «Երեւանյան պինգվին», «Դուստր Մարիաննա» եւ այլն) զանգում-կանչում են Երեւան քաղաքի դատախազություն: Դատախազ Բատիկյանը նրանց ստիպում է ընդունել Ն. Գրիգորյանի կողմից՝ քննիչների հարկադրմամբ գրված կեղծ մեղադրանքները, սպառնալով, որ հակառակ դեպքում վերոնշյալ ընկերությունները չեն աշխատի: «Ես բազմիցս հերքել եմ իմ գրած կեղծ բացատրությունները, ասել եմ, որ «Ջեներալ Փրինթ Հոլդինգը» եւ մյուս ընկերությունները դարձել են իմ եւ քննիչների զոհը: Դատախազությունն իմ նախկին ցուցմունքը դարձրել է խաղաթուղթ եւ ձեռնոց է նետում այդ ընկերություններին, հիմա էլ նրանց ստիպելով ընդունել հանցանքներ, որոնք չեն կատարել: Դժվար չէ պատկերացնել, թե այդ ամենի արդյունքում քանի ընտանիք կմնա առանց գոյատեւման միջոցի: Մի՞թե օրենքը մի քիչ էլ սովորական քաղաքացուն չպետք է պաշտպանի»,- հարցնում է Ն. Գրիգորյանը: Նա հույս ունի, որ թերթի միջոցով գոնե այս անգամ իր ձայնը լսելի կլինի պատկան մարմիններին:

Նշենք, որ երկու անչափահաս երեխաների մոր՝ Ն. Գրիգորյանի նկատմամբ հարուցված (խարդախության հատկանիշներով) քրեական գործի նախաքննությունը շարունակվում է անցյալ տարվա նոյեմբերի 8-ից: Չնայած Ն. Գրիգորյանի եւ իր տնօրենի միջեւ հաշտության պայմանագիր է կնքվել, իսկ գլխավոր հաշվապահն էլ ներողություն է խնդրել վերոհիշյալ ընկերություններից՝ իր նախորդ ցուցմունքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել