Նյութեր են նախապատրաստվում
«Իրականում երկրում գոյություն չունի հասարակական բեւեռացում: Բեւեռն այդ իրենք են եւ ոչ ընդդիմությունը, որին իրենք ապակողմնորոշելու նպատակով մատնացուցում են: Իսկ պետությունը նրանք մի կողմ են հրել, հանձինս պրեզիդենտական իշխանության անկարողության: Եվ այժմ նրանց հիմնական թշնամին մնացել է մերկ ժողովուրդը»:
Մեջբերվածը Գեղարքունիքի մարզի Գավառի 47-ամյա բնակիչ Գեորգի Բիձյանի «Առավոտին» ի պահ տված «Քաղաքական օրագրի» վերջին գրառումներից է: Նա նախաբան էր ընտրել՝ «Պետության անունով հանցագործություն կատարելը հեշտ է, պետություն կառուցելն է դժվար» տողերը:
Ինչպես «Առավոտի» հունիսի 12-ի «Սպանությունից երկու օր առաջ գրել էր» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանի մոտ հայտնաբերվեց Գեորգի Բիձյանի դիակը: Նրա ճակատին առկա էր հրազենային վնասվածք: Գ. Բիձյանին ուղղակի գնդակահարել էին:
«Վերջին օրերին ինձ անընդհատ անհանգստացնում են հրատարակած գրքերի կապակցությամբ: Սիրալիր եւ թե հրամայական տարբեր մոտեցումներով առաջարկում՝ հավաքել, վերացնել: Դրանք տարբեր՝ թե ծանոթ, թե անծանոթ մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են գրքում ներկայացված մականուններով: Նայած հանգամանքներից, ես ներկայացնում եմ ճանաչողական եւ թե խուսափողական պատասխան»,- գրում է նա, ով իր համար վերցրել էր «Գեւորգ Մարդպետունի» գրական կեղծանունը:
Երեկվա դրությամբ Գավառի հրապարակագրի գնդակահարության գործով որեւէ մեկը ձերբակալված չէր: Թեեւ կասկածյալները բազմաթիվ են:
Երեկ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Հայրապետյանը տողերիս հեղինակին հրավիրեց ոստիկանություն՝ որպես վկա հարցաքննելու: Հարցաքննության պատճառն այն էր, որ սպանությունից 2 օր առաջ տեսել եմ Գ. Բիձյանին: Վերջինս մեզ էր տրամադրել որոշ նյութեր՝ ծանոթանալու համար: Բացատրություն վերցնելուց հետո 2 ընթերակաների մասնակցությամբ ինձնից առգրավել են Գ. Բիձյանի՝ խմբագրությանն ի պահ տրված հրապարակումները: Մասնավորապես, մեքենագիր «Քաղաքական օրագիր» (37 թերթ), «Խնդրագիր» (3 թերթ), «Մականունների երկիր, թե մականունավորների քաղաքականություն» (17 թերթ), «Ով է պետությունը» (5 թերթ) տեքստերը: «Արձանագրություն առգրավում կատարելու մասին»՝ ՀԿԳ քննիչ Խ.Հայրապետյանի որոշումը տրամադրվել է ինձ:
Հիշեցնենք, որ Գ. Բիձյանը իր նյութական միջոցներով հրատարակել էր «Ինչ է կանացիությունը» եւ «Հայհոյանք»՝ 1000 դրամ արժեցող գրքույկները: Նա մասնավոր գրավաճառների մոտ տարածել էր այդ գրքույկները, որոնք, ինչպես մեր վերջին զրույցի ժամանակ ասաց Գ. Բիձյանը, գրավաճառների մոտից ինչ-որ մարդիկ հավաքել էին: