Պետական կառույցները մեղադրում են, ձեռնարկությունները՝ խորհուրդ տալիս, իսկ գյուղացին տուժում է:
Գյուղատնտեսական տարին վաղուց է մեկնարկել, գյուղացիներն էլ արդեն իրենց վար ու ցանքն արել-վերջացրել են, բայց համոզված չեն, որ բերքի իրացման խնդիր չեն ունենա: Նախորդ տարվա դառը փորձից մի լավ դաս քաղեցին մասնավորապես Արմավիրի մարզի սոխ մշակողները: Հետեւելով այս մշակաբույսի աճեցման հարցում մասնագիտացած որոշ գյուղերի օրինակին, այլ կուլտուրաներ աճեցնողները եւս սկսեցին համատարած սոխ ցանել՝ վստահ լինելով, որ սոխը սպառման լայն շուկա ունի: Բայց ապրանքը չիրացվեց, մնաց գյուղացիների պահոցներում: Երկար մնաց, ծլեց ու դարձավ աղբ:
Մեկնաբանելով դառը դատած, դատարկ նստած գուղացու վիճակը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեղքի ու մեղադրանքի սլաքն ուղղեց հենց հողի մշակի կողմը: Ասաց, որ երբ գնորդը պատրաստ էր սոխի 1 կգ-ի դիմաց վճարել 80 դրամ, գյուղացին չվաճառեց, սպասեց, մինչեւ թանկանա՝ դառնա 120 դրամ: Հետո էլ՝ այդ գնով գնորդ չգտնվեց, եւ բերքը մնաց-փչացավ:
Եթե անգամ մարզպետը իրավացի է, դա դեռ չի նշանակում, որ պետական կառույցները չպետք է աջակցեն գյուղացուն բերքը իրացնելու հարցում: Ոչ միայն մարզպետարանը: Գյուղնախարարությունն էլ հաստատ անելիք ունի: Ճիշտ եւ կազմակերպված աշխատանքի արդյունքում ոչ գյուղացու ապրանքը կփչանա, ոչ էլ մթերողը ներկրման աղբյուրներ կորոնի: Օրինակ, ինչո՞ւ պետք է հանրապետության պահածո արտադրող, գյուղմթերք ներկրող ընկերությունները սխտորը ներկրեն Իրանից, երբ այդ մշակաբույսը կարող էր արտադրել եւ հաջողությամբ արտադրում է մեր գյուղացին: «Դա մեր՝ մթերողներիս խնդիրը չէ: Գյուղացուն ուղղորդելը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Դա կարող է անել կառավարությունը՝ կողմնորոշելու համար հողագործին. ինչ աճեցնի, որ իրացման մեծ շուկա ունենա: Կոնկրետ ինձ համար ավելի լավ կլիներ, որ սխտորը ոչ թե ներկրեի, այլ տեղից մթերեի, բայց մեր գյուղացիները իմ պահանջին համապատասխան ծավալ չեն ապահովում»,- սա ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի տեսակետն է:
Եվ ոչ միայն սխտորը, պարզվում է, որ ոչ միայն ՄԱՊ-ը. այլ ընկերություններ եւս դրսից են ներկրում նաեւ գազար եւ այլ գյուղմթերք, որի որակյալ եւ համով տեսակները մշակվում են Հայաստանում: Այսօր Երեւանի շուկաներում 1 կգ գազարը վաճառվում է մինչեւ 1000 դրամով: Եթե կրկնվի սոխի պատմությունը, ապա եկող տարի գյուղացու ամբարներում գազարն է փչանալու: Ու այսպես այնքան, մինչ չունենանք «կազմակերպված գյուղատնտեսություն»: Մինչեւ այն պահը, երբ էլ չենք ասի՝ «ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»:
Հ. Գ. Նորանշանակ գյուղնախարարը առաջին շրջայցով եղավ Արմավիրի ու Արարատի մարզերում: Այս մարզերը ապահովում են պտուղբանջարեղենի՝ ներքին շուկայի պահանջարկի շուրջ 80%-ը, եւ նախարարը խոստացավ աջակցել գյուղացուն: