Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ

Հունիս 20,2009 00:00

Պատերազմից պատվով դուրս եկած սահմանապահ գյուղը ոչ միայն բազում խնդիրներ ունի, այլ նաեւ «հեղեղված» է ադրբեջանական հեռուստատեսային եւ ռադիոընկերություններով:

\"\"
Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով, գյուղը
շատ հոգսեր ու խնդիրներ ունի:

Չհայտարարված պատերազմում պարտությամբ հրադադար կնքած Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը պետության կողմից «հերոս բնակավայր» կոչում են ստացել: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ շեները, որ անխախտ են պահել իրենց սահմանները, պատվով դուրս եկել պատերազմական բոլոր փորձություններից, հրադադարի հաստատումից 15 տարի անց շարունակում են ապրել դժվարին կյանքով: Հիրավի, հերոս գյուղ է Կոթին: 1990-ական թվականներից այս հողի վրա, այս հողի համար 40 հոգի է զոհվել՝ ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիները հպարտ եւ արժանապատիվ մարդիկ են: Ներկայումս նրանցից շատերը շարունակում են հսկել գյուղի եւ Հայաստանի Հանրապետության սահմանները: Գյուղի խորհրդանիշը Կոթիի մուտքին հսկա, թեւատարած արծվի արձանն է: Գյուղապետարանի շենքի առաջ մարշալ Բաղրամյանի կիսանդրին է: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի սեղանին՝ մարշալի մասին Արամայիս Մնացականյանի գիրքն է, որ հրատարակվել է 1978 թվականին: Զորավարի Կարապետ պապը Կոթի գյուղից էր, որ համագյուղացիների հետ գնացել էր Գանձակի լեռնային ազատ հողերը՝ հիմնավորվել Չարդախլու գյուղում: Կոթին մի խորհրդանիշ էլ ունի, որ շարունակում է գերված մնալ: Գյուղի դիմացի սարին հինավուրց Սուրբ Սարգիս վանքն է, ուր ժամանակին եղել է Մեսրոպ Մաշտոցը:

Կոթին խորհրդային տարիներին խաղողի, պտղի եւ հացահատիկի շտեմարան էր: Սակայն հիմա այգիներ գրեթե չկան, քանզի արդեն 17 տարի գյուղի հողերը չեն ոռոգվում: Կոթեցիների աչքը ջուր է կտրել ոռոգման ջրի սպասելիս: Ոսկեպար գետի անապակ ջրերը շարունակում են ոռոգել Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: Մինչդեռ Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող ինքնահոս այս ջրատարով Կոթիում պետք է ոռոգվի 550 հեկտար տարածք: Ջրատարը երկու տարի առաջ պիտի գործարկվեր, սակայն «ԻՖԱԴ» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը ներկայումս սառեցված է: Ընթացիկ տարում ջրագծի շինարարությունը հաստատ չի ավարտվի: Կոթիի գյուղապետարանի հողաշինարար Արտավազդ Եսայանի վկայությամբ, գյուղի 4 հազար հեկտար հողերից 1080 հեկտարը սահմանամերձ է: Առավել վտանգավոր եւ ականապատված 560 հեկտար տարածք չի մշակվում: Գյուղում շուրջ 500 հեկտար աշնանացան է արվել, 25 հեկտար «Սամսուն» տեսակի ծխախոտ է մշակվում, տնամերձ հողատարածքներում էլ հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Ոռոգման ջրի բացակայությունը, սահմանամերձ, առավել բերրի հողերը մշակելու անհնարինությունը բացասական ազդեցություն են թողել համայնքի բյուջեի վրա: Կոթիի այս տարվա բյուջեն 28,426 միլիոն դրամ է, որի զգալի մասը՝ 21,776 միլիոնը պետական լրավճար է: Բյուջեի զգալի մասն էլ՝ շուրջ 16,5 միլիոն դրամ, նախատեսված է գյուղապետարանի, մշակույթի տան եւ 40 սան ունեցող մանկապարտեզի աշխատողների աշխատավարձի համար: Ինչպես հայտնեց համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը, համայնքի սուղ բյուջեով որոշակի աշխատանքներ են կատարվել՝ կառուցապատվել է գյուղամեջի հրապարակը, կենտրոնական փողոցում գիշերային լուսավորություն է անցկացվել, բարեկարգվել, կանաչապատվել է մանկապարտեզի, գյուղապետարանի շենքերի շրջակայքը: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող գյուղում պետական բյուջեի միջոցներով միայն մի ծրագիր է իրականացվում: 2005 թվականին սկսվել է 308 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը: Այս տարի կվերանորոգվեն եռահարկ մասնաշենքն ու կից շինությունները՝ ավարտելով կրթօջախի նորոգումը: Մինչդեռ սահմանամերձ շենը բազում չլուծված հիմնահարցեր ունի, այդ թվում՝ խմելու ջրի սուր պակաս: Բնակիչների մեկ- երրորդ մասը իր բակում ջրագիծ չունի եւ ստիպված մեքենաներով, ավանակներով, դույլերով ջուր է կրում գյուղի տարածքում գտնվող մի քանի աղբյուրներից: Միայն ջուրը չէ, որ պակասում է կոթեցիներին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդումները այստեղ վատորակ, կտրտված են հեռարձակվում: Գյուղի բարձունքում տեղադրված վերահաղորդչի միջոցով կոթեցիները հնարավորություն ունեն նաեւ հետեւելու արբանյակային «Հ1»-ի, Ռուսաստանի առաջին ալիքի եւ «ՌՏՌ պլանետա» հեռուստաընկերությունների ծրագրերին: Կոթին Հայաստանի այն եզակի գյուղերից էր, որ ուներ սեփական թերթ՝ «Երիտասարդ Կոթի»: Յուրօրինակ ու հետաքրքիր այս թերթի տպագրությունը ֆինանսների սղության պատճառով դադարեց: Սահմանագոտու եթերում հայկական ռադիոալիքներից միայն Հայաստանի հանրային ռադիոն է, մինչդեռ բազմաթիվ են ադրբեջանական հեռուստատեսային եւ ռադիոընկերությունները: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքերով, գյուղի հիմնախնդիրների լուծմանը աջակցել են բարերարներ, երեւանաբնակ եւ Ռուսաստանում ապրող գործարար կոթեցիներ՝ գյուղի դպրոցը հագեցվել է մարզագույքով, անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող կոթեցիներին դրամական աջակցություն է ցուցաբերվել: Սակայն կենսակերպի դժվարությունների պատճառով Կոթիից արտագաղթը չի մարել: Այս տարի 2300 բնակիչ ունեցող գյուղի դպրոցը 34 շրջանավարտ ունեցավ, մինչդեռ սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի ընդամենը 24-ը: Երկրիս կառավարիչներին հարկ կա՞ հիշեցնելու, թե որտեղ է սկսվում եւ որտեղ վերջանում հայրենիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել