ՀՀ քաղաքացիների բնապահպանական գիտակցությունը բարձրացնելու նպատակով, երեկ «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ն քննարկում էր կազմակերպել:
Ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ «ՀՀ-ում բնապահպանական կուլտուրան բարձրացնել է պետք, մասնավորապես՝ հասարակության մեջ դեպի բնությունը սեր առաջացնելով: Այսօր ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք կանաչ եւ ջրային գոտիների վերացման, ապօրինի շինարարությունների եւ այլն: Ցավալին այն է, որ այս բացասական դինամիկան տենդենց չունի պակասելու»:
Ըստ Ա. Պողոսյանի՝ էկոլոգիական լուրջ խնդիր են նաեւ օրեցօր ավելացող տրանսպորտային միջոցները, որոնց առատությունից օդը խիստ աղտոտվում է: Ա. Պողոսյանը գտնում է, որ կառավարության անդամները, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետը, ավագանին, պիտի հետեւողական լինեն բնապահպանական ծրագրերին. «Կարեւոր է շահագրգռել հասարակությանը իրականացնել այս կամ այն բնապահպանական ծրագիրը: Այս առումով շատ արդյունավետ կլինեն «Կանաչ համայնք» մրցույթի ամենամյա անցկացումները: Կառավարությունը կարող է իրականացնել ցանկացած միջոցառում՝ կանխելու կանաչ գոտիների վերացումը եւ բնությանը վնասող այլ գործողություններ, սակայն դրա համար նախեւառաջ անհրաժեշտ պայման է հասարակության շահագրգռվածությունն ու նախատրամադրվածությունը»: Ա. Պողոսյանը առաջարկում է նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում խստացնել բնապահպանական խախտումների հետ կապված տուգանքներն ու պատժամիջոցները. «Մենք եկել ենք այն համոզման, որ անհրաժեշտ է այդ վերահսկողությունները իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության համակարգում բնապահպանական ոստիկանության բաժանմունք ստեղծել, ինչը իրականացնելու համար անհրաժեշտ է հարցը բարձրացնել պետական մակարդակի»:
Ասոցիացիայի բնապահպանական ծրագրերի ղեկավար Աշոտ Միրզոյանն էլ առաջարկում է դպրոցական ծրագրերում եւ բուհերում բնապահպանական դասընթացներ անցկացնել, ԶԼՄ-ներով բնապահպանական թեմաներով հաղորդումներ պատրաստել, սոցիալական, բնապահպանական գովազդներ մշակել ու տարածել եւ այլն: