Երեկ մեկնարկեց «Digitec business» ֆորումը, որտեղ մի շարք կազմակերպություններ ներկայացնում էին տեղեկատվական տեխնոլոգիաններում իրենց նորարարությունները: Ֆորումին մասնակցում էին բավականին մեծ թվով ընկերություններ: «Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն ասաց, որ իրենք ներկայացնում են նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ. «Այն հանրապետությունում առկա ամենախոշոր համակարգերից է եւ հնարավորություն է տալիս ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը ցանկացած կազմակերպությունում: Համակարգը ներդրված է արդեն մի քանի նախարարություններում: 2-րդ փաթեթը, որ մենք ներկայացնում ենք՝ անձնակազմի կառավարման տեղեկատվական համակարգ է, որը եւս ներդրված է պետական եւ մասնավոր ընկերություններում»: Նա ասաց, որ ճգնաժամի պայմաններում որոշել են զեղչային ճկուն համակարգ առաջարկել փաթեթները ձեռք բերողների համար: Մեր հարցին, թե ֆորումը կօգնի՞ իրենց սպառող գտնել, պարոն Չոբանյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ մենք այսօր գործընկերներ կգտնենք»:
Հայ-նորվեգական «ADC» ընկերության մենեջեր Սերգեյ Դավթյանի խոսքերով՝ իրենք ներկայացնում են վիրտուալ անձնական սերվեր. «Այն մեկ սերվերը բաժանում է մասերի, այսինքն՝ մեկ հզոր մեքենան բաժանում է առանձին սեկտորների: Բավականին մատչելի է, գինը սկսում է 10 հազար դրամից»:
Ֆորումի հովանավոր՝ «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն ասաց, որ իրենք բիզնես-սեկտորի համար բջջային նոր սակագնային պլաններով են հանդես գալիս. «Ինչպես նաեւ նոր տարիֆային պլաններով՝ ֆիքսված բաժանորդների համար: Բայց ավելի շատ այսօր «Բիլայնը» շեշտը դնում է իր նոր տեխնոլոգիաների վրա, այսինքն՝ ներկայացնում է կորպորատիվ տեղեկատվական փոխանցումով ցանց, ինչպես նաեւ կորպորատիվ ինտերնետ: Մեր նպատակներից մեկն է հաստատել գործընկերային եւ արդյունավետ հարաբերություններ՝ առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների հետ, քանի որ այն նորագույն տեխնոլոգիաները, որոնք մենք առաջարկում ենք՝ համապատասխանում են նրանց պահանջներին: Մենք կարող ենք հեշտացնել, ինչու ոչ՝ նաեւ տրամադրել խնայողության հնարավորություններ այն բիզնեսին, որի շնորհիվ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիաների զարգացած երկրներից մեկը»: