Իսկ հոգեկան հիվանդները հրաժարվում են հայկական արտադրության դեղերն ընդունել, քանի որ, ըստ նրանց, անհամեմատ ավելի վատն են եւ նման են կավիճի:
Մեկ շաբաթից ավելի է, մեր հանրապետության հոգեկան հիվանդներն իրենց հասանելիք հոգեմետ ոչ բոլոր դեղերն են ստանում, ինչը հիվանդների առողջության վրա լուրջ ազդեցություն է թողնում: Օրերս «Առավոտին» էին դիմել հոգեբուժական կլինիկայից անվճար, այսինքն՝ պետպատվերի շրջանակներում դեղեր ստացող հիվանդներն ու նրանց հարազատները՝ դժգոհելով, որ որոշ դեղեր վերջացել են, իսկ հոգեբույժներն իրավունք չունեն դեղատոմս գրելու, որպեսզի գոնե դեղերի բացակայության ժամանակահատվածում հիվանդները հնարավորություն ունենան դեղատներից դրանք ձեռք բերել: Նրանց խոսքերով, իրենք ամեն ամիս այցելում են հոգեբուժական կլինիկա եւ ստանում դեղերը, սակայն վերջին օրերին կլինիկա այցելած հիվանդների բախտը չի բերել. «Սա ուղղակի անտանելի է, քանի որ մենք կախված ենք այդ դեղերից: Ամեն օր պետք է ընդունենք, որպեսզի մեզ լավ զգանք: Մենք պատրաստ ենք դեղերի մի մասը գնել, բայց այդ հնարավորությունն էլ չունենք»:
Որոշ հոգեբույժներ, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակվի, «Առավոտի» հետ զրույցում բացատրեցին, թե դեղերի բացակայությունն ինչ անդառնալի հետեւանքների կարող է բերել: Նրանց տվյալներով, այսօր մեր հանրապետությունում կա 14 հազար հոգեկան հիվանդ, եւ պետությունը պարզապես ի վիճակի չի լինի նրանց բոլորին վերահսկել. «Կավելանան նրանց կողմից իրականացվող հանցագործությունները, ինքնասպանությունները, անկարգությունները»: Մեզ հետ զրուցած հոգեբույժների համար էլ է հանելուկ, թե ինչո՞ւ առողջապահության նախարարությունը թույլ չի տալիս այս ասպարեզում մասնագիտացած բժիշկներին դեղատոմսով դեղեր նշանակել:
Նշենք, որ հոգեկան հիվանդների համար այլ երկրներից բերվող դեղորայքի մեծ մասն արդեն սկսել է արտադրվել Հայաստանում՝ «Արփիմեդ» դեղագործական ընկերության կողմից: Հենց այդ ընկերության դեղերն են արդեն մատակարարվում հոգեկան հիվանդներին: Մեզ դիմած հիվանդների խոսքերով, հայկական արտադրության դեղերն անհամեմատ վատն են եւ նման են կավիճի: Մինչդեռ, հիվանդների ներկայացմամբ, եթե արտասահմանյան արտադրության նույն դեղի 1 քառորդն են իրենք օգտագործում՝ բուժում ստանալու համար, ապա հայաստանյան արտադրության դեղը, եթե անգամ ամբողջությամբ էլ կուլ տան, նույն ազդեցությունը չի ունենում:
Այս առնչությամբ առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինա Հարությունյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հոգեկան հիվանդների համար անհրաժեշտ բոլոր հոգեմետ դեղերը կլինիկաներում կան. «Ամբողջ հարցն այն է, որ որոշ հիվանդներ չեն ցանկանում հայկական արտադրության դեղեր օգտագործել, ուզում են գումար տալ եւ դրա փոխարեն արտասահմանյան արտադրության նույն դեղը գնել, իսկ դրանք բավականին թանկ դեղամիջոցներ են: Հիմա ես հստակ չեմ կարող ասել, թե ով է արգելել դեղատոմսերի տրամադրումը հիվանդներին, դա մեր նախարարության մասնակցությամբ չի քննարկվել, սակայն նշեմ, որ պետությունը բոլոր հիվանդների համար գումար է տրամադրում եւ բուժման, եւ դեղերի համար, ուստի խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ այդ հիվանդները դեղորայք չեն ստանում: Այժմ այս հարցը քննարկվում է եւ մինչեւ այս ուրբաթ հարցը կլուծվի»: