Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհաջողված դիպլոմային աշխատանք»

Հունիս 20,2009 00:00

\"\"Այդպիսի գնահատական է տվել ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումին:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի երեկ հրավիրած ասուլիսը նվիրված էր Երեւանի ավագանու ընտրության արդյունքը վիճարկելու մասին Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումին: Հիշեցնենք, որ հայցադիմումը վարչական դատարանը մերժել էր: Այժմ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, ապա՝ նաեւ միջազգային դատական ատյաններ: Պարոն Ազարյանի նպատակն էր հերքել ՀԱԿ-ի առաջադրած բոլոր մեղադրանքները: Օրինակ, նա հայտարարեց, թե ընտրությունների օրը ոչ մի ժամկետային զինծառայող չի քվեարկել: Իբր միայն մեկ զինծառայող է ցանկացել քվեարկել, բայց նրա անունը չի եղել ընտրացուցակում: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը հայտարարել էր, թե քվեարկելու փորձի ժամանակ բացահայտել են բազմաթիվ զինվորների, որոնք փորձել են քվեարկել զինվորական գրքույկով եւ ասել են, թե իրենց զորամասից էլի շատերին են ազատ արձակել քվեարկությանը մասնակցելու համար:

ԿԸՀ նախագահը նշեց, որ որոշակի առաջընթաց է տեսնում անցած ընտրություններում: Մասնավորապես՝ «մտահոգիչ տեղամասերի առնչությամբ եղավ հանրապետության նախագահի, դատախազության արձագանքը, քրեական գործեր հարուցվեցին, մի քանի հոգի դատապարտվեցին ազատազրկման»: Անդրադառնալով ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հնչեցրած քննադատությանը՝ Ազարյանը նշեց, որ իրենք ամերիկացիների հետ հանդիպումներում բացատրել են, որ արձանագրված խախտումները չէին կարող ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա: Իսկ հետընտրական շրջանում Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի քննադատական կեցվածքը՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորման դադարեցումը՝ «չեմ կարծում, որ դրա հետ կապված է»,- ասում է ԿԸՀ նախագահը:

«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հետ ծավալված երկխոսության արդյունքում ԿԸՀ նախագահն այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչո՞ւ գրանցամատյանները ԿԸՀ-ն չի պահել իր մոտ, այլ ի պահ է տվել արխիվին: Ազարյանը հղումներ արեց «Ընտրական օրենսգրքին», սակայն հստակ չնշեց այն կետը, որտեղ հայերեն նշվում է, թե ԿԸՀ-ն իրավունք ունի գրանցամատյանը ընտրությունից անմիջապես հետո ի պահ տալ արխիվին: Գարեգին Ազարյանը հայտարարեց, թե այդ գրանցամատյանները պահելու ավելի ապահով տեղ, քան արխիվն է, երեւի թե չի կարող լինել:

Գարեգին Ազարյանի հայտարարությունների գլուխգործոցն այն էր, որ ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու կապակցությամբ դատարան ներկայացված ՀԱԿ-ի հայցադիմումը կազմել են հայերեն չիմացող իրավաբաններ: Ավելին, տվյալ հայցադիմումն, ըստ նրա՝ «չհաջողված դիպլոմային աշխատանք է, որտեղ հղումներ չեն արված, թե ի՞նչ աղբյուրներից են օգտվել»:

ՀԱԿ հայցադիմումի հեղինակ Տիգրան Աթանեսյանն այս որակումների առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես այդ անձին անձնապես չեմ ճանաչում, նման ցանկություն էլ չունեմ, բայց ծանոթ լինելով նրա հանրային կերպարին՝ կարող եմ ասել, որ նման հանրային կերպար ունեցող մարդու տված գնահատականներն ինձ համար եւ սեփական անձը հարգող ցանկացած մարդու համար չեն կարող ունենալ անգամ կոպեկի արժեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել