Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվեց եւս մի ռամկավարական կուսակցություն

Հունիս 20,2009 00:00

Որի հիմնադիր համագումարին, ըստ նախաձեռնող խմբի անդամի, օպերատորներ են հրավիրել նախագահականից

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարը, որը փակ էր լրագրողների համար: Համագումարին ներկա «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կարող է կուսակցության հիմնադիր համագումարը փակ լինել, պարզաբանեց՝ «Փակ չի, ուղղակի աշխատանքային է, դրա համար էլ մամուլին չենք հրավիրել»: Հետագա զրույցում պարզեցինք, որ պարոն Ավետիքյանը համագումարին ներկա էր իբրեւ ՌԱԿ ներկայացուցիչ՝ «պարզապես նույն գաղափարախոսությանն է պատկանում, դրա համար էլ ես այստեղ ներկա եմ եւ ողջունում եմ»: Տեղեկացանք, որ նախաձեռնող խմբի անդամներից են «Ազգ» թերթի վերլուծաբան Արմեն Մանվելյանը, Գայանե Մուրադյանը, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, որոնց անունները չհաջողվեց ճշտել: «Առավոտի» հետ զրույցում Արմեն Մանվելյանը հավաստիացրեց, որ իրենք փակ-գաղտնի ռեժիմով չեն գործում, ամեն ինչ հրապարակային է՝ անգամ երեկվա փակ համագումարի մասին նախատեսվում է մամուլի հաղորդագրություն տարածել: Հարցին՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը խոսակցությունները (որոնք, մասնավորապես, տարածում է «մրցակից» ՀՌԱԿ-ը), որ Արմենական ՌԱԿ-ը ստեղծվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ՝ պարոն Մանվելյանը պատասխանեց, որ դրանք բամբասանքներ են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Թե ո՞րն է կուսակցության նպատակը, ի՞նչ անհրաժեշտություն կար եւս մեկ ռամկավարական կուսակցություն հիմնադրելու եւ նմանատիպ այլ հարցերի Ա. Մանվելայնը չցանկացավ պատասխանել. «Մենք հաղորդագրություն կտարածենք, կասենք, ուղղակի այսօր աշխատանքային քննարկում է, մենք ձեռնպահ ենք մնում այդ ամեն ինչը մեկնաբանելուց»: Իսկ ինչպե՞ս կարող է հիմնադիր համագումարը լինել աշխատանքային՝ «Առավոտի» հարցին ի պատասխան պարոն Մանվելյանն ասաց. «Նախաձեռնող խումբ կա, որ այսօր հավաքվում է հիմնադրի»:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Գայանե Մուրադյանն էլ սրտնեղեց՝ «Երբ դաշնակները փակ ժողով են անում՝ բան չեք ասում: Ամեն ինչ բաց է, հետո ձեզ տեղեկություն կտրամադրենք, մեր աշխատանքային պրոցեսը ձեզ հետաքրքիր չէ, ու մի լարեք իրավիճակը»: Ի դեպ, «Հ1»-ի եւ «Հ2»-ի օպերատորներին թույլատրվեց դահլիճում նկարահանումներ կատարել: Այս առիթով մյուս լրագրողների վրդովմունքը Գայանե Մուրադյանն այսպես փարատեց. «Իրենց նախագահականից են հրավիրել, մենք չենք հրավիրել: Նախագահն էլ ուղերձ է հղել»: Նույն հեռուստաընկերությունների լրագրողներին էլ, ի դեպ, չթույլատրեցին համագումարին ներկա գտնվել։ «Ձեր գործը չի, մենք հաղորդագրություն կուղարկենք»,- հայտարարեցին նախաձեռնողները:

Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանն էլ համագումարին մասնակցում էր հրավիրյալի կարգավիճակով:

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Մանվելյանն ընտրվել է ԱՌԱԿ ատենապետի պաշտոնակատար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել