Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԷՐ

Հունիս 20,2009 00:00

Ընդդիմությունը կշարունակի բարձրաձայնել քաղբանտարկյալների գոյության մասին ու պահանջել նրանց անհապաղ ազատարձակումը:

Երեկ ՀՀ խորհրդարանը ընդունել է որոշում, որով հավանություն է տվել երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրում համաներում հայտարարելու առաջարկությանը: Ու թեեւ մասնավորապես իշխանությունները փորձում են հերքել, թե այդ համաներումն արվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ ու հե՛նց 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո կալանավորված ու դատապարտված անձանց խնդրին ինչ-որ կերպ լուծում տալու համար, այդուհանդերձ, Հայաստանի օրենսդիր մարմնում ծավալված քննարկումը դա էր հաստատում: Իշխանական կոալիցիայի անդամներից ոմանք հայտարարեցին, թե համաներումը կօգնի «ողջ հասարակությունով նոր էջից» սկսել, «Մարտի 1»-ի էջը թերթել»: Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն այս համաներման առնչությամբ հստակ է. պետք է ազատ արձակվեն բացառապես բոլոր քաղբանտարկյալները: Ընդդիմությունը կիսատ-պռատությունն ու ձեւականությունը չի հանդուրժի: Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանի առաջարկության, համաներումը չի տարածվելու 51 քաղբանտարկյալներից 15-ի, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, նաեւ դեռ 2008թ. հունվարին կալանավորված Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների վրա: Վերջիններս, ի դեպ, դատապարտվել են ոչ ավել, քան 2-2,5 տարվա ազատազրկման «չարամիտ խուլիգանության» համար, բայց նրանց հոդվածները, չգիտես ինչու, համաներման տակ չեն ընկել:

Երեկ այն պահին, երբ ՀՀ խորհրդարանում քննարկվում էր համաներման առաջարկի բովանդակությունը, դրսում՝ ԱԺ շենքի դարպասների մոտ, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատությունը պահանջող մի խումբ մարդկանց թվում էր նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նա անկեղծորեն զարմանում էր, թե իշխանություններն «էս ի՞նչ խաղեր են տալիս, մարդ չի հասկանում»: «Նրանց շանս էր տրված մարդ դառնալ, քաղաքակիրթ դառնալ, իսկ նրանք դրդում են, որ ժողովուրդն ակտիվ լինի, որ հրապարակներից տուն չգնա, դրդում են, որ ապստամբություն անի: Ներսում պատգամավորներ են, որոնք կալանավորման թույլտվություն են տվել իրենց գործընկերների համար ու հասկանում են դրանում իրենց մեղքի բաժինը: Նրանց շանս էր տրված, որ մաքրվեին մեղքից, որ տուն գնալուց մտածեին, թե մի բարի գործ արեցին…»:

Իսկ ընդհանրապես այս համաներմամբ իշխանությունն ի՞նչ հարց լուծեց, արդյոք հասարակության ու ընդդիմության հետ հաշտությո՞ւն կնքեց, երկրում համերաշխությո՞ւն հաստատեց: Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը քաղբանտարկյալների մի մասի, նաեւ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներում չկիրառելը կամ դա ինչ-ինչ պայմանների դեպքում տարածելը պարզապես որակեց որպես իշխանության կողմից «նենգության հերթական դրսեւորում»: Իսկ մասնավորապես Սասուն Միքայելյանի վերաբերյալ էլ կարծիք հայտնեց, թե դա վրեժխնդրություն է. «Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Սասունն անմեղ է: Ով՝ ով, բայց ամենալավը դա իրենք՝ իշխանությունները գիտեն: Նրան անազատության մեջ պահելու պատճառը, միգուցե, այն է, որ Սասունից իրենք սարսափում են ու ուզում են մի քիչ էլ պահել: Բայց այս ամենը անմտություն է»: ՍԴՀԿ ներկայացուցիչն ասաց, թե ինքը լուրջ չի վերաբերվում ո՛չ այս համաներման ակտին, ո՛չ իշխանության հայտարարություններին: «Դա ինձ շատ քիչ է հետաքրքրում, որովհետեւ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ ժամ առաջ ազատվել այս իշխանություններից, եւ որ «Մարտի 1»-ի բոլոր հեղինակները լինեն բանտերում: Հետո կորոշենք՝ նրանցից ում ներենք, ում՝ ոչ: Դա ավելի արդար կլինի»,- ասաց պարոն Եղիազարյանը:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյան. «Համաներումը տեղի ունեցավ բացառապես քաղբանտարկյալների շնորհիվ: Եթե քաղբանտարկյալներ չլինեին, չէր լինի նաեւ այս համաներումը, որից ավելի շատ շահում են ոչ թե քաղբանտարկյալները, այլ մյուս դատապարտյալները: Ընդ որում, իշխանությունը դա անում է ոչ թե իր կամքով, այլ ստիպված՝ մեր ժողովրդի ու միջազգային կառույցների ճնշման տակ: Ու ստացվում է, որ այն քաղբանտարկյալները, որոնք այսօր անազատության մեջ են, էլի այս կամ այն կերպ պայքարում են հանուն ազատ խոսքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների»: Ինչ վերաբերում է համաներման «կիսատ-պռատությանը», ապա նրա դիտարկմամբ՝ «իշխանությունը մինչեւ վերջ չկարողացավ հաղթահարել իր փոքրոգությունն ու քինախնդրությունը: Պարզ չի՞, որ ո՛չ Սասունը, ո՛չ էլ հետախուզման մեջ գտնվողները հանցագործներ չեն: Երեւի այդ մարդկանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի այս իշխանությունը, ու դա պայմանավորված է կամ այդ մարդկանց ազատության մեջ տեսնելու վախով, կամ, միգուցե, «հին հաշիվներով»: Եթե իշխանություններն ավելի պարկեշտ լինեին, ապա իրենց հայտարարած համաներումը պիտի տարածվեր 2008թ. հետընտրական գործընթացների ու «Մարտի 1»-ի գործերով անցնող բոլոր անձանց վրա, որովհետեւ իրականում նրանք որեւէ հանցագործություն չէին կատարել: Բայց այսպիսին է այս իշխանությունը»: Վ. Խաչատրյանը համաձայնեց, որ իշխանության այս քայլը «դրսերում» բարձր կգնահատեն, որովհետեւ ինչ-որ կիսատ-պռատ քայլ, այնուամենայնիվ, կատարվել է. «Բայց էլի պարտադրանքով, ու սա նաեւ այս իշխանությունների թուլության վկայությունն է: Ցավում եմ, որ մենք այս տիպի երկրում ենք ապրում, ուստի՝ այս իշխանության հեռացման հարցը շատ արդիական է»:

Մենք խոսեցինք նաեւ քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ, ում վրա հայտարարված համաներումը հստակորեն տարածվում է: Նա, գուցեեւ, սրտնեղած էր իր այն ընկերների համար, որոնք դեռ շարունակելու են մնալ անազատության մեջ, բայց նաեւ վճռական էր, որ ազատության մեջ հայտնվելուց հետո իրենք՝ «համաներվողները», կհամալրեն նրանց ազատության համար պայքարողների շարքերը: Իսկ ընդհանրապես՝ Ս. Այվազյանն ասաց. «Մենք համաներման խնդիր չունենք, բացարձակապես: Այն, ինչ արվեց մեզ համար, անընդունելի է: Դա արվեց մեր ժողովրդի՝ գնալով ահագնացող ճնշումների արդյունքում, իսկ որ այդ ճնշումները մոտ ապագայում ավելի են սաստկանալու՝ չեմ էլ կասկածում: Մենք մեր պայքարը՝ հանուն մեր երկրի ապագայի, մեր ազատությունների, շարունակելու ենք ազատության մեջ: Ուղղակի այս իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց ճղճիմությունն ու փոքրոգությունը՝ շարունակելով բանտերում պատանդ պահել մեր ընկերների մի մասին: Սա եւս մեկ անգամ գալիս է հաստատելու այն, որ մենք անհապաղ պետք է ազատվենք ոճրագործ, փոքրոգի ու ստահակ իշխանություններից:

Կարծում եմ, տվյալ դեպքում Սերժը ինքն իրեն շատ նման էր: Սասունի եւ մյուսների նկատմամբ դա ուղղակի քինախնդրության դրսեւորում էր: Կամ, այսպես ասեմ. ոչ թե ում հնարավոր եղավ ազատել՝ ազատեց, այլ ում հնարավոր եղավ պահել՝ պահեց»: Ս. Այվազյանն ասաց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ համաներման «տակ ընկած» իր մյուս զինակիցները շարունակելու են բողոքարկել իրենց նկատմամբ կայացրած եւ Ս. Այվազյանի ձեւակերպմամբ՝ «բացարձակ անարդար վճիռները», նաեւ շարունակելու են լինել Համաժողովրդական շարժման շարքերում. «Մենք պայքարելու ենք հանուն մեր երկրի ապագայի: Համաժողովրդական շարժումը մոտ ապագայում մի նոր թափ է ստանալու: Դուք դրան ականատես կլինեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել