Անկախ համաներման վերաբերյալ տարատեսակ մոտեցումներից՝ այս հարցում քաղաքական ուժերը համամիտ են
Ազգային ժողովի երեկ ընդունած համաներման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ինչ-որ չափով իրականություն դարձան հասարակության սպասելիքները: Սակայն արդյոք դրանով կարելի՞ է փակված համարել «մարտի 1»-ի էջը, եւ ո՞րը պետք է լինի ընդդիմության պատասխան քայլը՝ հանրապետությունում առկա բարոյահոգեբանական լարվածությունը թուլացնելու, «նոր էջից» սկսելու ուղղությամբ: Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ «մարտի 1»-ի էջը երբեք էլ հնարավոր չէ փակել, այն միշտ էլ մնալու է մեր հիշողության մեջ: «Դա շրջադարձային կետ էր Հայաստանի պատմության մեջ: Հեղափոխություն արեցինք, Խորհրդային Միությունը քանդվեց, պատերազմ հաղթեցինք, բայց փողոցներում 10 զոհ մենք երբեք չենք տվել»: Ինչ մնում է հարցի մյուս հատվածին՝ «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի անցյալից, ինքն իր համար մտածի՝ ինչը կարելի է անել, ինչը՝ ոչ, ինչն է լավ, ինչը՝ վատ: Ես ուրիշի համար պատասխան տալ չեմ կարող»:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով էլ՝ «Եթե խոսում ենք «մարտի 1»-ի էջը փակելու մասին, ապա պետք է լինի համաներում ոչ միայն իշխանությունների կողմից, այլ նաեւ՝ զոհերի, զոհերի հարազատների: Այսինքն՝ փոխադարձ ներողամտություն ու հանդուրժողականություն պիտի ազդարարվի»: Միաժամանակ, ներողամտության կողմնակիցը լինելով՝ նա հարցականներ ունի. «Արդյոք դա չի՞ խրախուսի նոր հանցագործություններ: «Մարտի 1»-ը ծանր հանցագործություն էր՝ դավադրություն ժողովրդավարության, հայրենիքի, հայ մարդկանց, վստահության, սիրո, իշխանությունների, ընդդիմության նկատմամբ: «Մարտի 1»-ի տխուր էջը անհետեւանք փակելը համարժեք չէ ցեղասպանության հանդեպ ներողամտությանը, բայց նման է այդպիսի մի բանի»: Պարոն Հայրիկյանն, ի դեպ, այս համաներումը համարում է «իրավիճակային, պատեհապաշտական, կամայական եւ բավականին էական սահմանափակումներով»: Ուստի՝ «քանի որ սա կամայական համաներում է եւ ոչ խաղաղ ցուցարարների վրա զինված հարձակման կամայական որոշում, հետեւաբար այս տեսակ կամայականությունը սիրո, բարիքի համար կատարված քայլի հետ համեմատելի չէ»: Ընդհանուր մթնոլորտում դրական փոփոխություններ կատարելու նախադրյալներ Հայրիկյանը հիմա էլ տեսնում է. «Ի վերջո, մարտի 1-ին իշխանություն է փոխվել, եւ անկուսակցական, գաղափարական պատասխանատվություն չկրող Քոչարյանին փոխարինել է կուսակցական պատասխանատվություն կրող Սերժ Սարգսյանը: Նա էլ չի սահմանազատվել Քոչարյանի օրոք կատարված քայլերից, որեւէ քայլ չարեց նրան սխալ ազդարարելու առումով: Չեմ ասում՝ դատապարտեր, բայց գոնե անհարկի հայտարարեր արտակարգ դրություն մտցնելը եւ մինչեւ վերջ չպահեր: Թե չէ էսպես՝ այս երկիրն ապագա չունի»:
«Այս համաներումը կիսատ է, եւ պետք էր, որ երկրի ղեկավարն իր մեջ ուժ գտներ եւ ցույց տար, որ այն մարդիկ, ովքեր նվիրված են եղել անկախ Հայաստանին, հայ ժողովրդին, ինչու չէ՝ նաեւ անձամբ իրեն՝ նույնպես ազատ արձակվեին: Երբ նրանց մեղսագրվող արարքները համեմատում ենք ժողովրդի եւ պետությանը նրանց մատուցած ծառայություններին՝ միանշանակ է, որ նրանք էլ արժանի էին ազատության: Միայն այդ դեպքում համաներումը կծառայեր նպատակին, եւ, գուցե, կարելի կլիներ մեր պատմության այդ սեւ էջը փակված համարել»,- նկատի ունենալով «մարտի 1»-ի գործով կալանավորված եւ դատապարտված 16 անձանց, ում համաներումը չվերաբերվեց, ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա կարծում է, որ դեռ հնարավորություններ կան, որպեսզի հանրապետության ղեկավարները ցուցադրեն իրենց մեծահոգությունը եւ գնան մինչեւ վերջ, մանավանդ, որ քաղաքական ուժերի համագործակցության 12 կետերում առաջին նախագահը ներառել էր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի կարծիքով՝ «Ամենահիմնականը հանրապետության նախագահի բարի կամքի դրսեւորումն է, որը ոչ մի կապ չունի նրա ընդդիմախոսների ամպագոռգոռ հայտարարությունների եւ անհիմն պահանջների, ոչ էլ մարտիմեկյան դեպքերի հետ: ՀՀ նախագահը ուղղակի հետեւողականորեն կատարում է իր նախընտրական ծրագրերի դրույթները եւ խոստումները, որը, իհարկե, ողջունելի է եւ հույս է ներշնչում, որ այդ քայլերը հետագայում եւս կլինեն շարունակելի»: