ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը երեկ առավոտյան քվեարկել է հաջորդ ֆիսկալ տարվա բյուջեում Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունն անցած տարվա $48 միլիոնի մակարդակին պահպանելու օգտին: Բացի այդ, հանձնաժողովը որոշել է ավելացնել Արցախին տրամադրվելիք մարդասիրական օգնությունը՝ հասցնելով այն 10 մլն դոլարի։
Հայաստանի համար ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում նախատեսվում է 450 հազար դոլար:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), ենթակոմիտեն քվեարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի համար ռազմական օգնության հավասարության պահպանման օգտին՝ յուրաքանչյուր երկրին հատկացնելով 3 մլն դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր կրճատել Հայաստանին տրամադրվող օգնության գումարը՝ հասցնելով այն 30 միլիոն դոլարի։
Մյուս կողմից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի արտաքին գործառնությունների ենթակոմիտեն, որը ղեկավարում է Նիթա Լոուին, հավանություն է տվել Ադրբեջանին օգնության սահմանափակման վերաբերյալ օրենքին՝ շրջափակման, Հայաստանի եւ ԼՂ նկատմամբ ագրեսիվ այլ գործողությունների պատճառով: