«Արձակուրդային սեզոն է սկսվում, եւ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար: Ինձ զարմացնում է այն, որ բոլորը դիմումը գրում են հենց 1 ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք: Այս մոտեցումն անընդունելի է: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ ՀՀ-ում: Ձեր տեղակալներին էլ հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու: Տնտեսական ցուցանիշները բարվոք չեն, եւ 2009-ը ամենածանր տնտեսական տարին է կառավարության համար: Տնտեսական ցուցանիշները ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են, եւ մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը, պետք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին: Համար մեկ խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է, այն է, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետք է օժանդակենք Պետական եկամուտների կոմիտեին: Պետք է գիտակցենք, որ հարկահավաքման խնդիրը միայն Պետական եկամուտների կոմիտեինը չէ»,- երեկ հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ժամանակ: Վարչապետը նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել է 3 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ, թե իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, հարկահավաքման գործում Պետեկամուտների կոմիտեին օգնելու համար: Ըստ վարչապետի, այդ առումով մեծ ներուժ կա առողջապահության նախարարությունում, որովհետեւ բժշկական հիմնարկություններում դեռեւս հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ կան, գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան վերամշակող խոշոր ձեռնարկություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտում, շինարարության ոլորտում: