Անապատացման դեմ պայքարի օրվա առիթով, բնապահպանության նախարարությունում բնապահպան մի քանի կազմակերպություններ «Հողերի դեգրադացիայի մեղմացման եւ Հարավային Կովկասում աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կառավարում» թեմայով նախօրեին քննարկում էին կազմակերպել: Ծրագիրն իրականացվելու է հարավային տարածաշրջանում՝ Խրամի-Դեբեդ եւ Ալազանի-Յորի գետերի ավազաններում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, այն կյանքի կկոչվի «Կանաչ արահետ» հ/կ-ի կողմից: Հ/կ-ի նախագահ Նունե Սարուխանյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Ալավերդիում, Թումանյանում եւ Ախթալայի տարածաշրջաններում: Նունե Սարուխանյանի խոսքերով՝ «Անապատացման խնդիրների գլխավոր պատճառներն են աղքատության բարձր մակարդակը, բնական ռեսուրսների անկայուն կառավարումը, գյուղատնտեսական վարման ոչ ճիշտ մեթոդները, ինչպես նաեւ կլիմայական գործոնները: Հայաստանը, աշխարհակլիմայական պայմաններից ելնելով, նույնպես ենթարկվում է անապատացման եւ բազմաթիվ կորուստներ է կրում: Արարատի մարզում, օրինակ, առկա է աղակալման երեւույթը, Տավուշի մարզում կան անտառահատման հետ կապված խնդիրներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում անասունների գերարածեցումը եւս բերում է արոտավայրերի անապատացման»:
Ըստ «Անապատացման եւ երաշտի դեմ պայքարի» հ/կ-ի նախագահ Աշոտ Վարդեւանյանի՝ «Հողերի դեգրադացիան բացասաբար է ազդում տեղի բնակչության եւ նրանց տնտեսության վրա: Հողերի վիճակի վատթարացումը հանգեցնում է հողերի բերրիության նվազեցմանը, ընդհանուր բերքի կրճատմանը, գյուղմթերքների որակի վատթարացմանը եւ արդյունքում՝ աղքատության մակարդակի բարձրացմանը»: