Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամն ու բանկերը գրոհում են

Հունիս 19,2009 00:00

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում առավել քան ակնհայտ է ճգնաժամի ազդեցությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Նոյեմբերյան) բանկերից եւ վարկային կազմակերպություններից հայցեր է ընդունում ժամկետանց ավանդների գումարների եւ տոկոսների բռնագանձման վերաբերյալ: Օրինակ, «Անիվ» հիմնադրամը 517 հազար դրամ փոխառության գումարի եւ 18 հազար դրամ բանկային տոկոսի բռնագանձման հայցով դիմել է առաջին ատյանի դատարան: Ըստ այդ հայցի, Արարատ եւ Ֆարման Բաբայանների նկատմամբ բռնագանձումը պետք է տարածվի վարկի գրավի առարկաների վրա եւ մինչ պարտավորությունների դադարման օրը պետք է հաշվարկվի ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսը:

«ԱԳԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն էլ երեք հայց է ներկայացրել վարկառուների դեմ: Մի դեպքում բանկը դատարանից պահանջում է Կողբ գյուղի բնակչից բռնագանձել 48 544 դրամ: Մնացած հայցերով բանկը պահանջում է վարկ վերցրած երկու տարբեր խմբերից յուրաքանչյուրից բռնագանձել 1542 դոլարին համարժեք գումար:

«ՎՏԲ» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղից տեղեկացանք, որ մասնաճյուղը ոչ բարեխիղճ վարկառուների դեմ 5 հայց է ուղարկել առաջին ատյանի դատարան, եւ պատրաստվում է եւս 4-ը ուղարկել: «Արդշինինվեստբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղն էլ 9 հայցադիմում է ուղարկել դատարան: Դրանք հիմնականում վարկերի գումարների բռնագանձելու հայցեր են՝ մեծամասամբ Բագրատաշենի ենթաշրջանի բնակիչների ժամկետանց վարկային պարտավորություններին են վերաբերում, որոնց դիմաց հիմնականում վարկառուների տներն են գրավադրվել: «Արդշինինվեստբանկը» նաեւ բարդացրել է վարկ տրամադրելու պայմանները: Այդ պատճառով ընթացիկ տարում «Արդշինինվեստբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղը դեռեւս ոչ մի վարկ չի տրամադրել: Մեր տեղեկություններով, նշված հայցերով դատական նիստերի մեծամասնությունը կայացել է, հայցադիմումները՝ բավարարվել: Հայաստանյան բանկերի Նոյեմբերյանի մասնաճյուղերից ստացված տեղեկություններով պարզ է դառնում, որ ճգնաժամի պատճառով անհուսալի վարկերի թիվն ավելացել է:

Ճգնաժամի հետեւանքներն ակնառու են նաեւ Նոյեմբերյան քաղաքի խանութներում: Երեկոյան ժամը 19-ն է, ամառային երեկո, առեւտրի համար հարմար ժամանակ: Լեւոն Գասպարյանին պատկանող խանութում հաճախորդներ չեն երեւում, մինչդեռ մեկ տարի առաջ մթերք ու արդյունաբերական ապրանքներ վաճառող այս խանութում հերթեր էին գոյանում: Լեւոնի կինը՝ տիկին Աիդան մատնացույց է անում ապառիկի՝ «նիսյայի» հաստափոր 3 տետրերը, որտեղ պարտքառուների ցուցակներն են: Այս խանութը տարածաշրջանում ծառայող զինվորականներին ապառիկ հեռուստացույցեր էր վաճառել: Քանի որ ապառիկ հեռուստատեխնիկա ձեռք բերած երեք սպաները այդպես էլ չէին կարողացել վճարել հեռուստացույցի դիմաց, վաճառատան տերը ստիպված էր դրանք զինծառայողների տներից ետ վերցնել եւ իրենց գնով, առանց շահույթ ակնկալելու նորից վաճառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել