Շվեդ նկարիչ Կոնի Բլոմի աշխատանքները բազմաթիվ զանգերի ու անհանգստության պատճառ են դարձել: Մարդիկ նրա ինստալյացիաներում օգտագործված գազարները շփոթել են պայթուցիկ նյութերի հետ ու վախեցել, տեղեկանում ենք bbc-com-ից: Նկարիչը The Bunny Project-ի շրջանակներում իր 15 ինստալյացիաները տեղադրել էր Օրեբրո քաղաքի մոտակայքում: Նա ենթադրում էր, որ իր այս զվարճալի մտահղացումը կդառնա ժամանակակից արվեստի փառատոնի մի մասը, որն անցկացվում է քաղաքում: Նրա աշխատանքները բաղկացած էին գազարների խրձից, որոնք կապված էին սեւ ժապավենով, վրան էլ ամրացված ժամացույցի մեխանիզմ: Ոստիկանությունը այդ ինստալյացիաների տեղադրումից մեկ ժամ չանցած բազմաթիվ ահազանգեր է ստացել, անգամ բացատրելուց հետո՝ ինչն ինչոց է, զանգողները չեն հանգստացել: Բլոմն էլ նեղացել է իր անմեղ աշխատանքների հասցեին հնչող քննադատություններից, ասելով, որ դրանք ընդամենը գազարներ են՝ ռումբերը ծաղրող: