Մարդ մեկ անգամ է ծնվում եւ մեկ անգամ էլ պետք է մկրտվի, իսկ կրկնակի մկրտությունը մահացու մեղք է:
Քրիստոնեական աստվածաբանության մեջ «խորհուրդ» է կոչվում այն սրբազան արարողությունը կամ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, «անտեսանելի բաների տեսանելի կերպով հաստատումը, որով մարդն Աստծու փրկարար զորության պահպանությունն է ստանում»: Բոլոր խորհուրդները, որոնք կատարում է քրիստոնեական եկեղեցին, հաստատված են Հիսուս Քրիստոսի կողմից: Դրանք են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ՝ ամուսնության, ձեռնադրություն եւ վերջին օծում:
Հայերեն «մկրտություն» բառը նշանակում է լվացում, մաքրագործություն: Սակայն կրոնական իմաստով այն նշանակում է ծես, որի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ: Երբ մկրտության ժամանակ մարդը դառնում է քրիստոնյա, մենք կարող ենք ականատես լինել միայն դրա ծիսական ու արարողական արտահայտմանը, սակայն խորհուրդի բուն էությունը՝ Քրիստոսի եկեղեցուն հաղորդակից դառնալը, մնում է խորհրդավոր, անտեսանելի: Եվ հավատն է այդ անտեսանելիի նկատմամբ, որ մենք կոչում ենք խորհուրդ:
Այսպիսով, Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս մկրտվեց Հորդանան գետում՝ մարդկանց այդ խորհրդի կարեւորությունը ցույց տալու համար: «…Եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» /Հովհ. 3:5/,- զգուշացնում է Հիսուս Քրիստոսը: Ապա իր հարությունից հետո Քրիստոս խրատեց առաքյալներին. «Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19): Մկրտությունը դառնում է մեր փրկության առհավատչյան, քանի որ դրանից հետո մենք մեր բարի քրիստոնեական կյանքով արժանանում ենք Աստծո արքայությանը:
Եկեղեցին մկրտում է եւ՛ նորածիններին, որոնց ծնողները ձգտում են իրենց զավակներին դարձնել Քրիստոսի եկեղեցու անդամ, եւ մեծահասակներին, որոնք գիտակցաբար են ընդունել այդ որոշումը: Դրա հետ մեկտեղ հարկավոր է հիշել, որ կնքահայրերը ոչ թե հենց այնպես են մասնակցում մկրտության խորհրդին, այլ եկեղեցու առաջ ստանձնում են պատասխանատվություն, որ իրենց սանիկները դառնան ճշմարիտ քրիստոնյա: Եվ կնքահայրությունն ինքնին լոկ պաշտոն կամ հոգեւոր դաստիարակ լինել չէ: Մկրտությամբ կնքահայրն ու սանիկը դառնում են բարեկամներ: Նրանց մեջ անլուծանելի կապ է ստեղծվում: Այդ իսկ պատճառով չի խրախուսվում, որ կնքահայրը լինի ազգական եւ արյունակցական կապով մտերիմ անձ: Իսկ ամուսնական կապը կնքահոր եւ սանիկի միջեւ նույնքան անընդունելի է, որքան հոր եւ դստեր:
Եվ քանի որ մկրտությունը հոգեւոր ծնունդ է, ապա ինչպես մարդը մեկ անգամ է ծնվում, նույնպես եւ մեկ անգամ պետք է մկրտվի: Մկրտությունը համարվում է վավեր, երբ այն կատարվում է օծյալ հոգեւորականի ձեռքով, եկեղեցում, սրբալույս մյուռոնի առկայությամբ: Սակայն լինում են բացառություններ, երբ այս խորհուրդը կատարվում է եկեղեցու պատերից դուրս, օրինակ՝ մահամերձ հիվանդի, մկրտվողի անդամալուծության եւ այլ դեպքերում:
Մկրտության համար չկան սահմանված օրեր, այն կատարվում է ցանկացած օր եւ ժամի: Հարկ է իմանալ, որ կրկնակի մկրտությունը մահացու մեղք է: Երբեմն ոմանք չեն հիշում՝ մկրտվե՞լ են, թե՝ ոչ: Այդ պարագայում շատ կարեւոր է զգուշավորությունը: Անհրաժեշտ է քննել բոլոր ազգականներին, հարեւաններին, ստուգել ընտանեկան արխիվները: Եթե անգամ բարեկամ կամ ծանոթ անձանցից մեկն ասի, թե հիշում է նման իրադարձություն, ուրեմն մկրտությունն արգելվում է: Իսկ բացասական արդյունքի դեպքում հարցը պետք է որոշի թեմի առաջնորդը կամ եկեղեցու ավագ հոգեւորականը: