Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԱԳԻՐԸ ՊԱՀԵԼԸ՝ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց

Հունիս 19,2009 00:00

\"\"Հոգեբանը չի խրախուսում օրագրերի առկայությունը

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են դեպքեր, երբ արտահայտվելու, խոսելու, ինչ-որ մեկի հետ կիսվելու կարիք է ունենում: Երբեմն «վստահված անձը» լինում է ընկերուհին, սիրած անձնավորությունը, մայրը կամ քույրը: Սակայն շատ հաճախ անգամ ամենամոտ հարազատիդ հետ լիարժեք չես կարողանում անկեղծանալ: Այս պարագայում օգնության են հասնում օրագրերը, որոնք օգնում են ազատվել ամենածանր գաղտնիքներից անգամ:

Ի՞նչ է կյանքի օրագիրը, որքանո՞վ է այն մեզ օգնում թեթեւ ապրել եւ լինել լիարժեք անկեղծ, ճի՞շտ է, արդյոք, օրագիր պահելը, ի՞նչ բնավորության տեր մարդիկ են օրագիր պահում: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Արմեն Կարախանյանի հետ: Ըստ նրա, կյանքի օրագիրը մարդու ինքնարտահայտվելու միջոցն է. «Օրագիրը մեր կյանքի հայելին է: Ինչպես հայելին ես պահում քեզ մոտ եւ պարբերաբար հետեւում քեզ հայելիով, այնպես էլ օրագիրը: Այն մարդուն օգնում է իրեն, իր ապրումները, վարքը, կենսակերպը կողքից դիտել»: Ա. Կարախանյանի դիտարկմամբ, օրագիր պահելը հիմնականում հատուկ է իգական սեռին. «Առօրյա դիտումները ցույց են տալիս, որ օրագիր պահում են աղջիկները: 5-6-րդ դասարանից սկսած՝ մինչեւ ինստիտուտ կամ ավարտելը: Ոմանք դրանից հետո էլ շարունակում են օրագիր պահել, բայց դա արդեն ոչ թե գրելու, հիշողությունները ֆիքսելու միջոց է դառնում, այլ արդեն ձեռք բերված սովորություն է լինում»:

Հարցին, թե ի՞նչ է ընդհանրապես օրագիրը, հոգեբանը պատասխանեց. «Օրագիրը ընդամենը փորձ է քեզ հուզող հարցերը քո մեջից դուրս հանելու եւ հայելու մեջ տեսնելու: Հատկապես, եթե դու չունես համապատասխան մեկին, որի հետ կարող ես կիսվել կամ կան հարցեր, որ դու ինքդ չես ուզում պատմել, այդ աստիճան բացահայտել ինքդ քեզ, օրագիրը տալիս է այդ հնարավորությունը: Դա այն հայելին է, որի մեջ դու քեզ տեսնում ես դրսից, մտքերդ էլ տեսնում ես շարադրված»: Օրագիր պահելու ճիշտ կամ սխալ լինելու մասին էլ ասաց. «Եթե դա օգնում է մարդուն տվյալ պահին ճգնաժամային տարիքում որոշակի ապրումներ հաղթահարելու համար, ապա դրա առկայությունը մարդուն միայն կարող է օգնել»: Չնայած Ա. Կարախանյանը դեմ չէ օրագիր պահելուն, այնուամենայնիվ, կարծում է, որ միշտ կարելի է գտնել ավելի հարմար ձեւ այդ նպատակի ծառայության համար. «Օրինակ՝ օրագիր պահելու, ամեն օր շարադրելու փոխարեն, եթե դա օգնում է մարդուն ազատվել տանջող մտքերից, սթրեսից, կարելի է հաճախել որոշակի խմբերի, թրեյնինգների, հոգեբանների, մանկավարժների մոտ, ինչն ավելի էֆեկտիվ կլինի: Մյուս կողմից, եթե դա անընդհատ ներքին պահանջ է ամեն մի քայլը ֆիքսելու, որպեսզի անընդհատ անցյալ վերադառնալ, ուրեմն այն կարող է լինել: Անցյալ դարի մի շարք գրողների հոգեբանական կերպարների վերլուծությունից որքան ինձ հայտնի է՝ նրանց մեծ մասը պահել է օրագիր: Դա ավելի շատ տեխնիկական նպատակի է ծառայել, որովհետեւ նրանց օգնել է հետեւել սեփական ապրումներին, որպեսզի հետո շարադրեն: Այսինքն՝ նրանց համար դա չի եղել ինքնադրսեւորման ձեւ, այլ եղել է աշխատանքային գործիք»:

Հոգեբանի փոխանցմամբ, օրագիր պահելը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ. «Վնասն այն է, որ օրագիրը քեզ հնարավորություն է տալիս ինչ-որ տարիքի էմոցիաներ քարացնելու: Եվ հետո ամեն անգամ դրան անդրադառնալը քեզ կստիպի, որ դու չաճես: Այսինքն՝ դու քեզ արհեստականորեն որոշակի տարիքում կարող է կոնսերվացնես եւ հետագայում նա քեզ թելադրի մնալ այդպիսին: Այսինքն՝ այն, ինչ քեզ ստիպում է գրել, որպեսզի ազատվես դրանից, հակառակ ազդեցությունն է թողնում: Քանի որ արդեն գրել ես, անկախ քեզանից՝ անընդհատ վերադառնում ես դրան, կարդում, հիշում, ապրում նույն այդ ապրումներով, ինչ եղել է, եւ ինքնաբերաբար այն քեզ կոնսերվացնում է: Հասարակ մի օրինակ՝ վերցնենք մեր պատկերացումները կին եւ տղամարդ հարաբերությունների մասին, կամ բարոյականության, կամ մեծի ու փոքրի հարաբերությունների մասին եւ փորձենք համեմատել: 10 տարի առաջ մենք ինչպես էինք պատկերացնում, օրինակ, կին եւ տղամարդ հարաբերությունները: Մեր արժեքները այդ 10 տարիների հետ չեն փոխվել, բայց մեր պատկերացումները մեր ամեն մի տարվա, րոպեի հետ փոխվում են: Այն, ինչ դու գրել ես 10 տարի առաջ քո պատկերացումների մասին, կարդում ես այդքան ժամանակ անց եւ ինքնաբերաբար սկսում մտածել այն մտածելակերպով, ինչով գրել ես այդ տողերը 10 տարի առաջ: Ահա թե ինչ է անում օրագիրը… Դրանով քո մտածելակերպը կաղապարվում է եւ չի թողնում, որ հայացքներդ քեզ հետ զարգանան: Այսինքն՝ մենք արհեստականորեն մեզ դատապարտում ենք որոշակի հարցերի վերաբերյալ 5-րդ դասարանցու մակարդակից չաճել»: Ըստ հոգեբանի՝ օրագիր պահելը ստիպում է այն պարբերաբար վերընթերցել, ամեն օր գրել, իսկ վերընթերցելն արդեն բացասական հետեւանքներ է թողնում. «Ի՞նչ իմաստ ունի օրագիր պահել, եթե դու այն չես կարդալու: Հակառակ դեպքում մենք կգրեինք թղթի վրա, կճմռթեինք ու կնետեինք աղբարկղը, եթե գրելը այդքան օգնում է մեր միջից սթրես հանելուն, հանգստանալուն: Օրագրի նպատակը ամեն ինչ պահպանելն է՝ հիշողությունների ձեւով: Պատկերացնու՞մ եք բարոյականության վերաբերյալ 40 տարեկան կնոջ պատկերացումները, եթե նա այն պահպանել է նույն ձեւով, ինչ ուներ 12 տարեկան հասակում: Կանանց մեծ մասը հոգեբանի է դիմում այն պատճառով, որ նրանք շարունակում են 10-րդ դասարանցու մտածելակերպով վերաբերվել կին եւ տղամարդ հարաբերություներին, երբ վաղուց արդեն ընտանիք ունեն եւ բացահայտված կանայք են: Նրանց մտածելակերպը սահմանափակվում է՝ «ո՞նց կարելի է»-ի սահմաններում: Իսկ ի՞նչ կապ ունի «ոնց կարելի է»-ն, եթե դու ամուսնացած կին ես: Գուցե դա ճիշտ էր մանկապարտեզում կամ դպրոցում, երբ բացահայտ ասեինք «ոնց կարելի է»: Օրագիրը միայն մի առավելություն ունի՝ հնարավորություն է տալիս տվյալ պահին քո միջից հանել ապրումներն ու դրսից նայել դրանց»:

Հարցին, որքանո՞վ է օրագիրը մարդուն ազատում ապրումներից ու ճնշվածությունից, հոգեբանը մեկնաբանեց. «Եթե մանրամասն շարադրվի, որպեսզի հիշողությունները չխամրեն, այս դեպքում օրագիրը միայն կկատարի լուսանկարչական ապարատի դեր, այլ ոչ թե թեթեւացնողի, հանգստացնողի: Եվ եթե օրագիրը մարդուն օգնում է իր ապրումները հասկանալ ու չխելագարվել, ազատել ընկերուհիների ականջները ցավեցնելուց, ուրեմն այն անհրաժեշտություն է: Իսկ եթե ուղղակի պահվում է, որովհետեւ ընկերուհիներն էլ ունեն, ուրեմն նրան մեծ շրջապատ է պետք»: Օրագիր պահող մարդկանց բնավորության մասին էլ հոգեբանը ասաց. «Թյուր կարծիք կա, որ օրագիր պահողները բնավորությամբ բարդ են ու չշփվող: Ես գիտեմ մարդիկ, որոնք օրագիր են պահում, բայց բավական կիսվող են եւ անմիջական: Այսինքն՝ նրանք այնքան էլ ինքնամփոփ, գաղտնապահ մարդիկ չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել