Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:
Տղամարդկանց պայքարին մասնակցեցին «Միկա», «Շախմատային ակադեմիա», «Բանկային արքա» եւ «Կոտայք» թիմերը, որոնք նույն հերթականությամբ էլ դասավորվեցին մրցաշարային ամփոփիչ աղյուսակում: Հաղթող թիմի ավագ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ իրենց ակումբը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում հաղթողի կոչումը, իսկ ընդհանուր առմամբ սա անցկացված հանրապետության ակումբային հինգ առաջնություններում «Միկայի» երրորդ բարձունքն է: Այս անգամ չեմպիոն թիմի կազմում էին Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Արա Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը, Դավիթ Կարաթորոսյանը, Սարգիս Մանուկյանը:
Ակումբակիցներից ետ չմնաց նաեւ կանանց «Միկա Երեւան» ակումբը (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Դրոնավալի Հարիկա (Հնդկաստան), Լիլիթ Գալոյան, Արմինե Բաբայան: Ճիշտ է, առաջնությունում նրանց միակ մրցակիցը «Շախմատային ակադեմիան» էր: «Միկա Երեւանը» հաղթել է անցկացված բոլոր չորս առաջնություններում:
Այժմ տղամարդկանց առաջնության առաջատար երեք թիմերը եւ կանանց երկուսը նախապատրաստվելու են հոկտեմբերի 3-11-ը Մակեդոնիայի Ստրուգա քաղաքում կայանալիք Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը: