Հայաստանցի ծանրորդ, մինչեւ 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական 35-րդ առաջնությունում նվաճեց ընդամենը մեկ «փոքր» ոսկե մեդալ՝ պոկում վարժությունում:
Մրցավայր մեկնելուց առաջ Առաքելը գտնվում էր այնպիսի լավ մարզավիճակում, որ ոչ ոք նրա ընդհանուր հաղթանակին չէր կասկածում: Եվ դրա հնարավորությունը նա, իսկապես, ուներ: Սովորաբար, մինչեւ մրցավայր մեկնելը կազմակերպիչներին ուղարկվում են ծանրորդների բարձրացնելիք կիլոգրամների նախնական հայտերը, որոնցով էլ կազմվում են մեկնարկային ցուցակները: Աշխարհի առաջնության պաշտոնական կայքում ուժեղագույնների «A» խմբում ընդգրկված Առաքել Միրզոյանի անվան դիմաց գրանցված էր երկամարտի 330 կիլոգրամ, 10 կիլոգրամով ավելի, քան նրա գլխավոր մրցակիցներինը:
Պոկում վարժությունում պայքարն ընթացավ հիմնականում Առաքելի եւ Չինաստանի ներկայացուցիչ Չինգֆենգ Լինի միջեւ: Ու այդ պայքարում հայ ծանրորդի առավելությունն ակնհայտ էր: Առաքելը կատարեց երեք արդյունավետ մոտեցում (145, 150, 152 կգ): Առաջին երկուսում նա մրցակցին գերազանցում էր 3 կգ-ով: Իսկ երբ Լինը այս վարժությունում ձախողեց իր վերջին փորձը՝ 150 կգ, իսկ հայ ծանրորդին ենթարկվեց նաեւ 152 կիլոգրամը, տարբերությունը հասավ հինգ կիլոգրամի ու Եվրոպայի չեմպիոնը նվաճեց նաեւ աշխարհի երիտասարդական առաջնության պոկում վարժության հաղթողի կոչումը:
Մեկնարկը նորմալ էր ու խոստումնալից: Բայց հրում վարժությունում կատարվեց ամենաանսպասելին: Չինացի մարզիկը դեռ շարունակելու էր պայքարը: Դրա համար նա սկսեց 173 կիլոգրամից եւ այն բարձրացնելով՝ իր համար նախ ապահովագրեց մրցանակային տեղերից մեկը: Ճիշտ է, հետո նա տապալեց 178, այնուհետեւ նաեւ 180 կիլոգրամները: Այս վարժությունում պայքարին միջամտեց նաեւ թաիլանդցի Հանսվոնգ Փայսանը, որն սկսեց 170 կգ-ից, հաջող անցավ նաեւ 175 կիլոգրամի արգելքը, բայց չկարողացավ բարձրացնել 180 կիլոգրամը:
Երկրորդ վարժության եւ երկամարտում չեմպիոնի հարցը կախված էր միայն Առաքել Միրզոյանից: Նա մոտեցումներն սկսելու էր 180 կգ-ից (օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին եւ սանը տանն անցկացրած մարզումների ժամանակ գլխավերեւում պահում էր նաեւ 180 կիլոգրամանոց ծանրաձողը): Այդուհանդերձ, առաջին երկու փորձերը չեն հաջողվել: Մեր ունեցած տեղեկություններով, Առաքելը երրորդ՝ վճռորոշ մոտեցմամբ, այնուամենայնիվ, սանձել է քաշը, սակայն մրցավարները վարժության կատարման տեխնիկական խոտան են արձանագրել ու այդ մոտեցումն էլ չի հաշվվել: Արդյունքում, հայ ծանրորդն ստացել է զրո եւ զրկվել ոչ միայն չեմպիոնի կոչումը նվաճելու, այլեւ մրցանակակիր դառնալու հնարավորությունից:
Ի՞նչ կարելի է ասել: Թեկուզ մեկ «փոքր» ոսկին լուրջ ձեռքբերում է երիտասարդ ծանրորդի համար: Իսկ առաջնությունում ծավալված պայքարի ընթացքը ցույց է տալիս, որ Առաքել Միրզոյանը միանգամայն ի վիճակի է ձեռնոց նետել ցանկացած մրցակցի ու հաղթել, որ այսուհետեւ արդեն մյուսները պետք է մտահոգվեն նրան գերազանցելու խնդիրներով: Բայց, մեր կարծիքով, ձախողվելու հարցում, հնարավոր է, դերակատարություն ունեցավ նաեւ մարզչական սխալը: Առաքելը պոկումից հետո հաղթում էր ամբողջ հինգ կիլոգրամով ու, գուցե, կարելի էր որեւէ անակնկալ լիովին բացառելու նպատակով (ծանրամարտում ամենաանհավանական ձախողումները մշտական երեւույթ են) հրում վարժությունն սկսել ավելի ցածր քաշից, նախ ապահովագրվել, հետո միայն գրոհել 180 կգ եւ ավելի բարձր քաշերը: