Բանաստեղծության բնորոշումն ըստ մանկագիր Նաիրա Համբարձումյանի
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում վերջերս բանաստեղծուհի, մանկագիր Նաիրա Համբարձումյանի «Ես բառ եմ դարձել» բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսն էր: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Համբարձումյանը բանաստեղծական երեք ժողովածուների, «Կանաչուկը» մանկապատանեկան գրքի, «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրության եւ երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
– Ի՞նչ է Ձեզ համար պոեզիան, բանաստեղծությունը:
– Եվ նորից ինքդ քեզ ժխտելով՝ ինքդ քեզ հաստատում ես՝ բանաստեղծությունը (պոեզիայի ըմբռնմամբ) մեծագույն գաղտնիքն է, միստիկան, եւ որքան շատ ես նրանից հասկանում, այնքան ավելի քիչ ես կարողանում բնորոշել այն: Քանի որ բանաստեղծությունը, լայն իմաստով՝ արվեստը, ինքը՝ մարդն է: Եվ ես գիտեմ այնպիսի մարդկանց, որոնց հոգիներում տիեզերքն է՝ անչափելի, անսահման, այսինքն՝ բանաստեղծությունը:
– Գրքի շապիկին Խուան Միրոյի կտավն է՝ «Ոսկեզօծ կապույտով երիզված արտույտի թեւը միանում է ալմաստներով լի մարգագետնում քնած կակաչի միջուկին». ի՞նչ է այն խորհրդանշում:
– Միրոյի կտավը պատահական ընտրություն չէ: Ինձ դուր են գալիս նրա կտավները՝ ոճի պարզության մեջ ասելիքի շատությամբ: Նրա պատկերային մտածողությունը, գույները, մի գծի կամ գույնի միջոցով ավելին ասելու կարողությունը մի տեսակ հարազատ է ինձ: Նույնը բանաստեղծական տողի մեջ է՝ բառի միջոցով արտահայտել ավելին, քան բառն ինքն է, տիեզերքը խտացնել բառի մեջ:
— Ժողովածուի խորագիրը՝ «Ես բառ եմ դարձել», գիրքը վերցնողին ուղղորդում է անպայման ընթերցել, տեսնել՝ ինչ կա ներսում:
– Բնության ստեղծած բոլոր հրաշքներից ամենահրաշալին է մարդը՝ այն պարզ պատճառով, որ նրան տրված է հաղորդակցման շնորհը՝ խոսքը, որի նվազագույն միավորը բառն է՝ այն ազդակը, որը զարգանում, եփվում, եռում, հետո մի օր պոռթկում եւ դառնում է բանաստեղծություն: Այդ բառերից էլ ծնվել են բանաստեղծություններս, ամբողջացել եւ դարձել ժողովածու: Իսկ ժողովածուն ես ինքս եմ, ուստի՝ «Ես բառ եմ դարձել»:
– Լույսի գովերգումը, որպես հավերժության շղթա, ընթերցվում է ժողովածուի շառավղում, դառնում Աստվածաորոնման ճանապարհ: Ինչպե՞ս եք կարողացել բանաստեղծական տողը դարձնել լուսեղեն սիմֆոնիա եւ ինչպիսի՞ն է Արարչի Ձեր ընկալումը:
– Յուրաքանչյուր մարդ, ինչով էլ որ նա զբաղվի, աշխարհի պատմության մեջ իր դերն է կատարում՝ միակը եւ գլխավորը: Ըմբռնելով աշխարհի լեզուն, աշխարհի հոգին, հասկանում ենք, որ ինչ-որ գաղտնիք մեզ տանում է դեպի Տիեզերք, այնտեղ, ուր Աստծո արարչագործության վեց օրերը դառնում են այն վեց հիմնական սյուները, որոնց վրա էլ խարսխվում է աշխարհը եւ յոթերորդ օրը հանգստանում: Այս կետում է ահա, որ հասկանում ենք՝ մենք տիեզերքի մի մասնիկն ենք, Տիեզերքը Աստծո հոգու մի մասն է, իսկ Աստծո հոգին մեր սեփական հոգին է: Տիեզերական ձգողականության անկռահելի զորության ուժով են իրար կապված աշխարհի ամենափոքր մասնիկն ու ամենամեծ ամբողջությունը եւ այդ վիթխարի ներուժից էլ ծնվում է սրբագույնը՝ հավատն առ Աստված: Բնամիստիկական տիեզերածնությունը բանաստեղծությունը առնում է իր նվիրական սահմանների մեջ, որտեղ իշխում է հայեցումը՝ աշխարհաճանաչման միջոցով բացահայտելով լույսի՝ որպես արարչական խորհրդի էությունը: Այս ընկալմամբ է գոյավորվում համատիեզերական նորոգությամբ նորոգված հայտնությունների հայտնությունը՝ լույսը աստվածային եւ բանաստեղծության մեջ դառնում լուսեղեն սիմֆոնիա: