Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Հունիս 19,2009 00:00

Դիրիժոր Վարդան Հակոբյանը Բուրգասում ներկայացրել է Հայաստանը

\"\"
Վարդան Հակոբյանի առջեւ նոր հորիզոններ կբացվեն:

Հարուստ ավանդույթներ եւ երեւելիներ ունեցող հայ դիրիժորական դպրոցի ներկայացուցիչները (Կոնստանտին Սարաջեւ, Մելիք Փաշաեւ, Միքայել Թավրիզյան, Միքայել Մալունցյան, Դավիթ Խանջյան, Ռաֆայել Մանգասարյա, Յուրի Դավթյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան…) եւ մերօրյա դիրիժորներից ոչ մեկը չի մասնակցել այս ոլորտում անցկացվող մրցույթների։ Միայն Մելիք Փաշաեւը 1935 թ. մասնակցելով ռուսաստանյան մրցույթի, շահել է երկրորդ մրցանակը, իսկ առաջին տեղը գրավել է հանրահայտ Եվգենի Մրավինսկին։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ Վարդան Հակոբյանը, փաստորեն, առաջին հայ արվեստագետն է, որը հունիսի 1-12-ը մասնակցել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված օպերային դիրիժորների միջազգային մրցույթին։ Երիտասարդ դիրիժորը 2005 թ. ընթացքում Ատլանտայում եւ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է վարպետության դասերի՝ աշխարհահռչակ Յուրի Տեմիրկանովի, Լեոնիդ Կորչմարի, Պյոտր Գրիբանովի, Շյոն Էդվերդսի եւ Ադրիան Գնամի մոտ։

Ասենք, որ դիրիժորը մասնակցելով օպերային դիրիժորների մրցույթին, Երեւանում ընդամենը մեկ անգամ՝ երեք տարի առաջ, Ազգային օպերային թատրոնում ղեկավարել է Վերդիի «Տրավիատան»։

«Առավոտի» հետ զրույցում Վ. Հակոբյանն ասաց, որ Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը իրեն խորհուրդ չի տվել մասնակցել օպերային դիրիժորների միջազգային մրցույթին, քանի որ 24 երկրներից մասնակիցները ոլորտում ունեին տասնյակ եւ ավելի տարիների փորձ։ Պարտադիր ծրագրում պետք է 20 րոպեի ընթացքում ժյուրիի ընտրությամբ դիրիժորը ներկայացներ հատվածներ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մասկանիի «Գեղջկական պատիվ», Բիզեի «Կարմեն» եւ Պուչինիի «Բոհեմ» օպերաներից։ Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ է, այնուամենայնիվ, մրցույթին մասնակցելու որոշում ընդունել, մեր զրուցակիցը ասաց հետեւյալը. «Մինչ ինտերնետից մրցույթի մասին տեղեկանալը, երազումս տեսա դասախոսիս՝ Էմին Խաչատրյանին, որն անհանգստանում էր իմ պասիվությամբ։ Փորձեցի արդարանալ, թե ոչ հաճախ, բայց ղեկավարում եմ Ֆիլհարմոնիկ նվագախումբը… բայց նա անդրդվելի էր։ Արթնացա ու ասացի՝ մասնակցելու եմ ե՛ւ վերջ…»։

Դիրիժորը հայտնեց նաեւ, որ մասնակցել է մրցույթի երեք փուլերին: Որ ոչ մի մրցանակի չի արժանացել՝ իրեն չի անհանգստացնում. «Փոխարենը այնտեղ ղեկավարել եմ Բուրգասի օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը եւ մրցույթի շնորհիվ շփվել Բուլղարիայի վեց թատրոններից հրավիրված մեներգիչների հետ։ Ես նաեւ PR գործունեություն եմ ծավալել, ներկայացրել հայ դիրիժորական դպրոցը, որի շնորհիվ մրցույթի կազմակերպիչ Էնթոնի Արմորին ցանկություն հայտնեց լինել Հայաստանում, ծանոթանալ մեր օպերային արվեստին՝ հետագայում Հայաստանում էլ նման մրցույթ անցկացնելու նպատակով»։

Ի դեպ, պարոն Արմորին շնորհակալական նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարությանն ու Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությանը՝ նշելով, որ դիրիժորը փուլերի ընթացքում ցուցադրել է պրոֆեսիոնալիզմ եւ արտիստիզմ, սակայն մրցանակային տեղ չի գրավել օպերային դիրիժորի որոշակի փորձ չունենալու պատճառով։

Վ. Հակոբյանը մեզ տրամադրեց նաեւ մրցույթին հետեւող 10 ագենտներից մեկի՝ Վիեննայի Blue Danube Musik Impresario GmbH համերգային գործակալության կողմից ստացված հրավերը՝ առաջիկայում Արեւմուտքում համերգներ ղեկավարելու եւ ձայնագրություններ կատարելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել