Նախկին ֆոտոմոդել Պատրիցիա Դ’Ադարիոն մեղադրել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին այն բանում, որ վերջինս՝ իր բիզնես-գործընկերների հետ միասին, իրեն ներքաշել է մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Իտալական լրատվամիջոցները նախորդ օրը հայտարարել են, որ Բարի քաղաքի դատախազությունը ներկայումս ստուգում է քաղաքացուհի Դ’Ադարիոյի հայտարարությունն այն մասին, որ Բեռլուսկոնիի ընկերները նրան գումար են առաջարկել գիշերը վարչապետի ընկերակցությամբ վերջինիս վիլլայում անցկացնելու համար, իսկ անձամբ վարչապետը իր հետ կապվելու դիմաց Պատրիցիային նույնիսկ խոստացել է առաջ քաշել նրա թեկնածությունը Եվրախորհրդարանի պառլամենտում: Աղջիկը դատախազությունում պնդել է, որ իր հայտարարությունն ապացուցող ձայնագրություններ ունի: Նա պատմել է, որ Բեռլուսկոնիի գործընկերն իրեն 2000 եվրո է առաջարկել վարչապետին զվարճացնելու համար, սակայն վերջում խոստացածի կեսն է տվել, քանի որ ինքը չի մնացել ողջ գիշեր: Աղջիկը պատմել է, որ Բեռլուսկոնին այդ օրը իրեն եւ եւս քսան աղջիկների ցույց է տվել իր եւ Բուշի ֆոտոները, երգել է ու պարել: Երբ Պատրիցիան վարչապետին խնդրել է օգնել իրեն՝ սեփական հյուրանոցի շինարարությունն ավարտին հասցնելու գործում, վարչապետը համաձայնել է, եւ Պատրիցիան հաջորդ անգամ մնացել է նրա մոտ ողջ գիշեր: Սակայն Բեռլուսկոնին ոչ միայն իր խոստումը չի կատարել, այլեւ Պատրիցիայի տուն են մտել անհայտ անձինք ու տակնուվրա արել ողջ տունը: Բեռլուսկոնիի փաստաբանն այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե նույնիսկ այդ ամենը ճիշտ է (իսկ ակնհայտ է, որ դա սուտ է), ապա վարչապետը այդ աղջկա առաջին հաճախորդը չի եղել, հետեւաբար չի կարող մեղադրվել նրան մարմնավաճառության մեջ ներքաշելում»: