ԱՄՆ-ում ստրկության վերացման օրվա՝ հունիսի 19-ի նախօրեին ԱՄՆ Սենատը պաշտոնական ներողություն խնդրեց բոլոր աֆրոամերիկացիներից: Սենատի ընդունած բանաձեւում խոսվում է «ստրկության անմարդկային, անարդար, դաժան, արյունարբու բնույթի» ճանաչման մասին: ԱՄՆ ժողովրդի անունից Սենատը ներողություն խնդրեց աֆրոամերիկացիներից՝ «նրանց եւ նրանց նախնիների հանդեպ կատարված իրավախախտումների համար»: Ստրուկների սերունդներին դրամական փոխհատուցում տալու մասին այդ բանաձում որեւէ խոսք չկա: Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո այս բանաձեւը դեռ պետք է հաստատվի նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից: Հիշեցնենք, որ առ այսօր ԱՄՆ Կոնգրեսն իր ամբողջ կազմով՝ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, դեռ ներողություն չի հայցել ստրկատիրության համար: 1998-ին իր աֆրիկյան ուղեւորության ժամանակ նախագահ Բիլլ Քլինթոնն էր իր անձնական ափսոսանքը հայտնել ստրկատիրական կարգերի համար, 2003-ին բանավոր խոսքում ստրկատիրական կարգերի հանցավորության մասին խոսել էր Ջորջ Բուշը, իսկ 2008-ին առանձին Ներկայացուցիչների պալատն էր իր զղջումը հայտնել ստրկատիրության կապակցությամբ: Այս տարի առաջին դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, որ ստրկության վերացման օրը երկիրը նշում է երկրի առաջին սեւամորթ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: