Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՄԱԼԻՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱՎ

Հունիս 19,2009 00:00

Երեկ Սոմալիում իրականացված ահաբեկչական գործունեության արդյունքում զոհվել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Օմար Հաշի-Ադենը: Մահապարտ ահաբեկիչը Բելեդուեյն քաղաքի «Մեդինա» հյուրանոցի մոտ պայթեցրեց այն ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր ինքը: Ականատեսների վկայությամբ՝ նախարարից բացի, այդ ահաբեկչության արդյունքում զոհվել է ամենաքիչը 20 մարդ եւս: Հիշեցնենք, որ աֆրիկյան այս հանրապետությունում արդեն երկու տասնամյակից ավելի է՝ չի դադարում քաղաքացիական պատերազմը: Իսլամիստ-գրոհայինները ձգտում են տապալել գործող իշխանությունը, որը պատերազմի պատճառով չի կարողանում վերահսկողություն իրականացնել ողջ երկրի տարածքում: Սոմալիի նախագահ, չափավոր իսլամիստ Շարիֆ Ահմեդը այս ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ մեղադրել է «Ալ-Քայիդ» խմբավորմանը: Ի դեպ, 2009-ի հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ Ահմեդը ստանձնեց նախագահի պարտականությունները, «Ալ-Քայիդը» նրան սրբազան պատերազմ՝ «ջիհադ» հայտարարեց: Այս տարվա մարտին մեկ այլ ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվել էր Սոմալիի ներքին գործերի նախարար Աբդուքադիր Ալի Օմարը, իսկ նրա թիկնապահը եւ երկու անցորդ զոհվեցին: Երեկվա ահաբեկչությունից ընդամենը մեկ օր առաջ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել էր տասը մարդ: Նույն օրը ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված ահաբեկիչները սպանել էին մի ոստիկանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել