Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ասպետ». խաղում ենք ազգովի

Հունիս 19,2009 00:00

Հունիսի 17-ին «Հրազդան» մարզադաշտում անսովոր տոնական տրամադրություն էր: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նշում էր ավանդույթ դարձած «Մանկության մեկ օր…» միջոցառումը: Նախորդ տարի նմանատիպ միջոցառում կազմակերպվել էր Դիլիջանում, իսկ ինչպես այս միջոցառման ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներից պարզվեց, հաջորդ տարի «Հայ ասպետն» ու ՀՀ մարզերը կհամախմբվեն Արցախի երկնքի տակ՝ Ստեփանակերտում: Տոնին ներկա էին ՀՀ մարզերից ժամանած երգի, պարի խմբեր եւ «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթող թիմերի, քաղաքապետարանների եւ մարզպետարանների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում մայրաքաղաք ժամանած հյուրերին ողջունեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Յուրաքանչյուր մարզի խումբ ՀՀ քարտեզում իրեն համապատասխանող գույնի թիկնոցներով շքերթով մտավ հրապարակ: Ապա հրապարակ մտան «Հայ ասպետ» հեռուստախաղի 9 ամիսների բրոնզե մեդալակիրները: ՀՀ հիմնի հնչելուց հետո երեւանյան երկինքը ողողվեց եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ եւ ծիրանագույն փուչիկներով: Հյուրերի հանդիսավոր ներկայացումից հետո մեկը մյուսի ետեւից հաջորդեցին մեր էստրադայի երգիչ-երգչուհիների՝ երեկոն էլ ավելի աշխուժացնող կատարումները: Միջոցառմանն իրենց երաժշտական ողջույնն էին բերել Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Զարուհի Բաբայանը, Միհրան Ծառուկյանը, «Զորական» համույթը, Մարատ Հայրապետյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Արսեն Գրիգորյանը (Ասո), Մկրտիչ Մկրտչյանը: Յուրաքանչյուր երգիչ իր կատարումից հետո բեմին տեղադրված եռագույն զամբյուղներից ընտրում էր փուչիկ, որի մեջ թաքցրած էր այն տոմսի համարը, որի տիրոջը վիճակված էր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում շահել մրցանակ: Միջոցառման ավարտին մրցանակի արժանացավ 9 մասնակից, որոնցից մեկը՝ համակարգիչ, երկուսը՝ հեռուստացույց, երկուսը՝ բջջային հեռախոս, իսկ մյուսներն էլ փափուկ խաղալիքներ շահեցին: Մեզ հետ զրույցում «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը նշեց. «Այս խաղարկության համար բազմաթիվ մրցանակներ էինք նախատեսել, ցավոք՝ ճիշտ պատասխաններն էին քիչ»:

«Հայ ասպետի» հեռանկարային ծրագրերի մասին զրուցեցինք հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Ամիրխանյանի հետ. «Նպատակ ունենք ստեղծել մանկապատանեկան կենտրոն, որը մրցակցության միջոցով ՀՀ բոլոր դպրոցներում կիրականացնի հավելյալ կրթության հատուկ ծրագիր եւ այն կդառնա հանդիպումների, տարբեր համահայկական ծրագրերի իրականացման վայր՝ յուրօրինակ պատանեկան տուն, որտեղ կհյուրընկալվեն նաեւ Սփյուռքից ներգրավված խմբեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել