Կամ՝ խորհրդավոր հեռախոսազանգ ԿԳՆ-ից
Երեկ, ժամը 11.30-ի սահմաններում, «Առավոտի» 52 87 52 հեռախոսահամարին մի զանգ եկավ: Երբ քարտուղարուհին վերցրեց լսափողը, լսվեց մի կնոջ ձայն, որը քարտուղարուհուն ասաց, որ զանգում է կրթության եւ գիտության նախարարությունից եւ խնդրեց շտապ լրագրող ուղարկել նախարարություն: Հեռախոսազանգի մասին ինձ տեղեկացրեց կրթության էջի պատասխանատուն, եւ ես շտապեցի ԿԳՆ: Ճանապարհին, բացի այն, որ մտածում էի հնարավորինս արագ հասնել ԿԳՆ, նաեւ խորհում էի՝ տեսնես ի՞նչ է պատահել, գուցե նախարարի փոփոխությունից հետո ԿԳՆ-ն ա՞յլ ոճով է սկսել աշխատել ու ոլորտի խնդիրների մասին նախարարությո՞ւնն է փորձում լրագրողներիս տեղյակ պահել, այն էլ՝ այս աստիճան հրատապ կերպով: Այնուհետեւ մտովի պատկերացնում էի, որ նախարարության նախասրահում կամ բաժիններից մեկում խմբված են լինելու տասնյակ ծնողներ ու դիմորդներ կամ աշակերտներ, ուսանողներ, որոնք դժգոհելու են կամ ընդունելության քննություններից, կամ վարձավճարներից, կամ այլ կրթական հիմնախնդիրներից: Հենց այսպիսի տրամադրվածությամբ ժամը 12-ին մոտ հասա ԿԳՆ նախասրահ, բայց պարզվեց, որ ոչ ծնողներ կան, ոչ դիմորդներ…
Ինչ-որ զուգադիպությամբ ԿԳՆ-ի նախասրահում տեսա հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին: Հարցրի՝ ի՞նչ է պատահել: Նա զարմացավ, ապա իմանալով, թե ինչի մասին է խոսքը, ասաց, որ ԿԳՆ-ից նման զանգ չի եղել, ապա հավելեց, որ մի քանի րոպե առաջ էլ նույն հարցով նախարարություն էր եկել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը: Որոշեցինք տարածքը չլքել ձեռնունայն եւ կասկածը սրտներումս, այլ՝ պարզել մանրամասները: Բարեբախտաբար, խմբագրության հեռախոսը ֆիքսում է բոլոր համարները: Քարտուղարուհու միջոցով պարզեցինք խորհրդավոր հեռախոսահամարը՝ 54 70 25: Նույն պահին Ա. Բաղդասարյանը զանգեց այդ համարով, եւ խորհրդավորությունը որոշ առումով ցրվեց, երբ պարզվեց, որ դա ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության հեռախոսահամարն է: Սակայն իրավիճակն ավելի խճճվեց, երբ վարչության պետ Արկադի Պետրոսյանը եւ նրա գործընկերները միաձայն պնդեցին, որ ոչ իրենք, ոչ էլ այլ աշխատակիցներ այդ հեռախոսահամարով չեն զանգել որեւէ լրատվամիջոցի: Մարզառազմական դաստիարակության բաժնի պետ Դավիթ Համբարձումյանը «Առավոտին» ասաց. «Մեր իմացությամբ՝ այդպիսի բովանդակության զանգ չի եղել: Եթե քաղաքացիները մեզ խնդրում են, թույլ ենք տալիս օգտվել հեռախոսից, բայց այսօր նման բան էլ չի եղել: Գուցե մտածեք՝ ինչ-որ խնդիրներ կան քաղաքացիների հետ, դրա համար էլ այսպիսի միջադեպ է գրանցվել, սակայն հավաստիացնում եմ, որ նույնիսկ այդպիսի խնդիր չունենք»: Արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Արման Այվազյանն էլ տեղի ունեցած միջադեպն այսպես մեկնաբանեց. «Սա նման է նախկինում գրանցված այն դեպքին, երբ զանգում-ասում էին, թե շենքի տակ ռումբ է դրված: Եթե որեւէ խնդիր գրանցվեր, ապա նախարարությունն ինչո՞ւ պիտի շահագրգռված լիներ, որ լրագրողներին կանչեր»:
Տեղեկացնենք, որ մինչ մենք զրուցում էինք խորհրդավոր հեռախոսահամարով սենյակում աշխատող անձանց հետ, նախարարություն այցելեց նաեւ «168 ժամ» թերթի թղթակիցը, որին նույնպես շտապ հրավիրել էին ԿԳՆ:
Տեղի ունեցածը, ինչպես ասում են, «կազմակերպված ակցիա» է կամ ԿԳՆ-ի, կամ նորանշանակ նախարարի, կամ լրատվամիջոցների դեմ: Կամ գուցե նախարարությունում ինչ-որ բան, այնուամենայնիվ, թաքցրի՞ն…