Քննակենտրոնների բողոքարկման օպերատորներին դիմորդները դժվարությամբ են գտնում
Միասնական պետական քննությունների բողոքարկման մեխանիզմը մի քիչ խրթին է: Ասվում է, օրինակ, որ դիմորդները կարող են բողոքարկել քննությունների արդյունքների հրապարակմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում: Սակայն այդ 24 ժամ ասվածը ոչ այնքան ճշգրիտ հասկացություն է, քանի որ եթե, ասենք, արդյունքները հրապարակվել են ժամը 12.00-ին, ապա նույն օրը ժամը 23.00-ին ոչ ոք չկա քննակենտրոնում, որ «բողոքն» ընդունի: Ըստ 2009-ի միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման ընթացակարգի՝ քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած՝ 5 օրվա ընթացքում: Առանձնահատուկ դեպքերում, նախարարի հատուկ որոշմամբ, ժամկետը կարող է երկարաձգվել մեկ օրով:
Նախորդ երկու օրերը «Առավոտը» լսեց բողոքարկման դիմած մի քանի դիմորդների դժգոհությունները: Օրինակ, դիմորդի ծնող Նարինե Կիրակոսյանն ասաց. «Բոլոր խնդիրներն առաջանում են նրանից, որ կոնկրետ չգիտենք, թե արդյունքները երբ են փակցվելու: Օրինակ՝ մենք ապրում ենք Հարավ-արեւմտյան թաղամասում, իսկ երեխաս քննություն է հանձնել քաղաքի մյուս ծայրամասում՝ Դավիթաշեն թաղամասում: Սկզբում ասել էին, որ անգլերենի քննության արդյունքները փակցնելու են ժամը 10-ին: Եկանք քննակենտրոն, տեսանք, որ դեռ կախված չեն: Հետո ժամը 15-ի սահմաններում լսեցինք, որ արդյունքները կախել են ժամը 11-ի մոտ: Մինչեւ նորից քաղաքի մեր ծայրից հասանք քննակենտրոն, ժամը 18-ը դարձավ, ու պարզվեց, որ բողոքարկման հանձնաժողովն այլեւս քննակենտրոնում չէ: Մեզ տեղեկացրին, որ առավոտյան այլեւս չենք հասցնի բողոքարկել»:
Հունիսի 17-ին, այն օրը, երբ քննակենտրոններում փակցվել էին օտար լեզու առարկայի արդյունքները, «Առավոտը» ժամը 18-ի սահմաններում այցելեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ ԵՊՀ-ի քննական կենտրոններ: Թիվ 20 դպրոցի դուռը բաց էր, ներս մտանք ու տեսանք, որ բողոքարկման հանձնաժողովն արդեն լքել էր տարածքը, չնայած, ինչպես պարզ դարձավ, դիմորդներից շատերն այդ ժամին էին եկել արդյունքներին ծանոթանալու, եւ նրանցից որոշները ցանկություն ունեին բողոքարկելու: Դպրոցի պահակը նրանց բոլորին հորդորում էր այցելել ԳԹԿ, որը գտնվում է դպրոցի հարեւանությամբ: Իսկ «Առավոտին» էլ ասաց, որ բողոքարկման հանձնաժողովը նոր է հեռացել քննակենտրոնից, քանի որ բողոքարկողներ չկային, իսկ հայոց լեզվի եւ մաթեմատիկայի քննությունների բողոքարկման օրերին, երբ դիմողները շատ են եղել, նրանք աշխատել են նույնիսկ մինչեւ ժամը 20-ը: ԵՊՀ-ի քննակենտրոնում ընդհանրապես դռները կողպված էին: Այստեղ «Առավոտի» հետ զրույցում ծնող Արմինե Կարապետյանը նկատեց. «Լավ կլիներ, որ արդյունքները եւս, ինչպես թեստերը եւ ճիշտ պատասխանները, տեղադրվեն ինտերնետում: Այդպես ավելի արագ կիմանայինք արդյունքները եւ կհասցնեինք ժամանակին բողոքարկել»:
Երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում այցելեցինք թիվ 20 դպրոց, որպեսզի գոնե այդ ժամին գտնենք բողոքարկման օպերատորական խմբին, բայց մեզ կրկին չհաջողվեց: ԵՊՀ-ում էլ հսկիչներն ասացին, որ մի քիչ սպասենք եւ նրանք կգան: Այդ պահին այս քննական կենտրոնում հանդիպեցինք ԳԹԿ-ի մի ներկայացուցչի, որը այսօր կայանալիք հայոց պատմության միասնական քննության հետ կապված կազմակերպչական հարցեր էր կարգավորում: Նրանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ կգան քննական կենտրոնի պատասխանատուները, նա հորդորեց սպասել: Սակայն անցավ կես ժամ, 40 րոպե, 50 րոպե, մեկ ժամ, այդպես էլ նրանք չեկան: Այնինչ, կային մարդիկ, որոնք ցանկանում էին բողոքարկել, բայց կամ գլուխները կախ տուն էին գնում, կամ ջղայնացած այցելում ԳԹԿ: Խնդիրն էլ ավելի է բարդանում մարզերում: Օրինակ՝ Իջեւանում քննություն հանձնած դիմորդներից մեկի ծնողը «Առավոտին» դժգոհեց, թե լավ կլիներ, որ արդյունքները փակցվեին ոչ թե մարզկենտրոնում, այլ իրենց բնակավայրում, քանի որ սողանքների պատճառով իրենց գյուղից մարզկենտրոն ճանապարհը դժվարանցանելի է դարձել:
«Առավոտը» նշված դժգոհություն-առաջարկները փոխանցեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանին: Ծնողների այն առաջարկի մասին, թե լավ կլիներ արդյունքները տեղադրվեին ԳԹԿ կայքէջում, Գ. Մանուկյանն ասաց. «Առաջարկը կփոխանցվի ԳԹԿ տնօրինությանը»: Իսկ քննակենտրոններից «բացակայող» բողոքարկման օպերատորների «մասով» ասաց. «Նրանք հունիսի 17-ին աշխատել են մինչեւ ժամը 18-ը, իսկ ժամը 18-ից հետո բողոքարկել ցանկացողներին ընդունել են ԳԹԿ-ում»:
Լուսանկարներում՝ ԵՊՀ եւ թիվ 20 դպրոցի քննակենտրոնները՝ հունիսի 17-ին, ժամը 18-ին