Հարցազրույց «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ
– Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։
– Առաջին՝ այսօր Հայաստանը լիովին կախված է երկու, ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական երկրներից՝ Ռուսաստանից եւ Իրանից։ Այս գործոնը կանխորոշում է Հայաստանի արտաքին քաղաքական նախապատվությունները։ Ընդ որում՝ հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը չի կարող ամբողջովին օգտագործել արեւմտամետ Վրաստանի հնարավորությունները։ Մի կողմից՝ Վրաստանը լիովին խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն անկասկած ազդում է Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ Մյուս կողմից՝ Վրաստանը, կառուցելով Հայաստանի հետ սեփական՝ առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունները, ստիպված է այս կամ այն չափով հաշվի առնել Ադրբեջանի շահերը։
Սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից։ Դա թույլ կտա Հայաստանին հետագայում վարելու նվազ «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, ըստ էության՝ հրաժարվելու ռուսամետ արտաքին քաղաքականությունից։
Երկրորդ՝ Արեւմուտքը եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը անհրաժեշտ են համարում Հարավային Կովկասի ինտեգրումը եվրատլանտյան տարածություն, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի կառույցներ, որպես միասնական աշխարհաքաղաքական միավոր։ Սակայն Հարավային Կովկասը չի կարող դառնալ եվրատլանտյան տարածության միասնական շղթայի վստահելի օղակ, քանի դեռ Հայաստանում կան ռուսական ռազմակայաններ։ Այսինքն, վերջին հաշվով սահմանափակելով Հայաստանի վրա Ռուսաստանի եւ Իրանի քաղաքական-տնտեսական ազդեցությունը, Հայաստանին տալով անվտանգության հստակ երաշխիքներ՝ Արեւմուտքը եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը փորձում են հասնել նրան, որ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն այդ երկրից։ Անկասկած, Մոսկվայում շատ լավ գիտեն, թե ինչ վերջնական նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը՝ միարժեքորեն օժանդակելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Ուստի՝ զարմանալի չէ, որ Մոսկվան պաշտոնական մակարդակում ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերությունների նորմալացման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին հաղորդմանը։ Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվան միարժեքորեն հանդես եկավ ի նպաստ թուրքական նախաձեռնության, այսինքն՝ Հարավային Կովկասում կայունության պլատֆորմի, որը ներկա պայմաններում սկզբունքորեն չի կարող իրականացվել։ Երրորդ՝ նախագահ Օբաման լուծեց նաեւ որոշակի մարտավարական խնդիրներ։ Նրան պետք էր ապրիլի 24-ի հայտարարության մեջ չօգտագործել «ցեղասպանություն» բառը, որպեսզի չփչացնի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները, որոնք արդեն իսկ հեռու են իդեալական լինելուց։
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարո՞ղ է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։
– Միանշանակ՝ ոչ։ Եվ առհասարակ պետք չէ սպասել ինչ-որ վերադասավորության։ Եվ պատճառը բնավ, այսպես կոչված, բարի կամքի բացակայությունը չէ։ Չեն համընկնում շահերը։ Բավական է բերել միայն մեկ օրինակ։ Ռուսաստանը փորձում է իր վերահսկողության տակ պահել էներգապաշարների տեղափոխման երթուղիները, առաջին հերթին՝ կասպիական ավազանից դեպի Եվրոպա տեղափոխվող գազի, որպեսզի հետագայում ազդեցության լծակներ ունենա այնպիսի առաջատար եվրոպական երկրների նկատմամբ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան։ Իսկ ԱՄՆ-ը, ընդհակառակը, ձգտում է արագացնել այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսին է «Նաբուկոն», որոնք շրջանցում են Ռուսաստանը եւ որոնցում Թուրքիային եւ, իմիջիայլոց, Ադրբեջանին հատկացվում է առաջատար դեր։
Ի դեպ, հայ-թուրքական հարաբերությունների եւ դրան զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը կարող է դառնալ «Նաբուկոյի» մասնակից։ Այդ դեպքում Հայաստանը կազատվի երկիրը գազով ապահովելու հարցում Ռուսաստանից եւ Իրանից կախվածությունից։
– Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։
– Հազիվ թե։ Եվ խնդիրը բնավ էլ ինչ-որ նախապայմանները չեն, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը եւ որոնց անհրաժեշտության մասին այդքան շատ խոսում են Բաքվում։ Բուն հայ-թուրքական հարաբերություններում կան այնպիսի պոտենցիալ սպառնալիքներ, որոնք կարող են վտանգել վերը ներկայացված՝ եվրատլանտյան տարածություն Հարավային Կովկասի ինտեգրման եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ողջ հայեցակարգը։ Եթե դատենք ըստ կողմերի հայտարարությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների այնպիսի օրախնդիր հարցեր, ինչպիսիք են ցեղասպանությունը, տարածքային եւ նյութական հավակնությունները, չեն հանվում օրակարգից։ Դրանք ուղղակի դրվում են մի կողմ։ Այսօր ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան ավելի մեծ բանի ընդունակ չեն։ Իսկ դա դանդաղ գործողության ական է, որը կարող է նորից գործի դրվել ցանկացած պահի՝ կախված քաղաքական իրադրությունից։ Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել եւ այն, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում չեն կարող լինել ոչ մի տեսակի միջազգային երաշխիքներ։
– Ղարաբաղյան հակամարտության կարգավ որումը կարո՞ղ է դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր խնդիրը, որի լուծումը կհամապատասխանի այդ երկրների շահերին։
– Դարձյալ, միանշանակ՝ ոչ։ Ադրբեջան այցից առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց տվեց ադրբեջանական ԶԼՄ-ներին, որտեղ շարադրեց Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Առաջին, ըստ Լավրովի, կողմերը՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, իրենք պետք է պայմանավորվեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ։ Այսինքն, հակամարտության կողմերին դրսից չպետք է պարտադրվեն կարգավորման ինչ-որ բանաձեւեր։ Սա վիճելի պնդում է: Երկրորդ՝ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կսատարի կարգավորման այն տարբերակը, որը կպահպանի ուժերի ներկա հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այսօր տարածաշրջանում մենք ունենք հետեւյալ դասավորությունը. ռուսամետ Հայաստանը, ամերիկամետ Վրաստանը եւ չեզոք Ադրբեջանը։ Բայց ակնհայտ է, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը չկատարվի ռուսական միանձնյա հովանավորության պայմաններում, ապա անկասկած կհանգեցնի ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտման։ Իսկ ռուսական միանձնյա հովանավորությամբ կարգավորմանը, այսինքն, օրինակ, հակամարտության գոտում բացառապես ռուսական զորքերից կազմված խաղաղարար ուժերի տեղաբաշխմանը, չեն համաձայնի ոչ Ադրբեջանը, էլ չխոսելով ԱՄՆ-ի մասին, ոչ նույնիսկ Հայաստանը։
Այսպիսով, Լավրովն ըստ էության բաց տեքստով հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում է խափանել հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որը չի տեղավորվում նրա աշխարհաքաղաքական շահերի շրջանակում։ Իսկ նրա աշխարհաքաղաքական շահերին համապատասխանող տարբերակը ձեռք չի տալիս մյուս շահագրգիռ երկրներին։ Դարձյալ, խնդիրը բարի կամքի բացակայությունը չէ, այլ շահերի բախումը, որոնց մասին արդեն հիշատակեցի։
Ոչ մի քննադատության չի դիմանում նաեւ այն փաստարկը, թե Վրաստանի օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ փակվեցին Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցությունները, Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գոնե Հայաստանում գտնվող ռուսական զորքերի մատակարարումներն իրականացնելու համար։ Ամեն ինչ տրամաբանական է, բայց միայն առաջին հայացքից։
Բանն այն է, որ ոչ հայ-թուրքական սահմանի բացումը, ոչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի սկիզբը ոչնչով չի փոխի Հայաստանում ռուսական զորքերի վիճակը։ Ամեն դեպքում, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, թույլ չի տա իր տարածքով ռազմական նշանակության բեռներ տեղափոխել Հայաստանում ռուսական ռազմակայանների համար։ Ադրբեջանը եւս նախքան հակամարտության վերջնական կարգավորումը չի թողնի իր տարածքով ռազմական նշանակության բեռներ տեղափոխել Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանների համար։ Նույնիսկ տեսականորեն, հազիվ թե Ադրբեջանը նպաստի տարածաշրջանում գտնվող ռուսական զորքերի ռազմական հզորության մեծացմանը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ դաշնակիցներ են։
Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ է Հայաստանում գտնվող սեփական զորքերը ապահովել Միջին Ասիայի եւ Իրանի տարածքով՝ պահպանելով գոյություն ունեցող հակամարտությունները, որոնք թույլ են տալիս նրան մանիպուլացնել տարածաշրջանի երկրները։ Ինչպես վերը նշվեց, իրադարձությունների զարգացման, ավելի ճիշտ՝ ըստ ամերիկյան սցենարի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման դեպքում ինքնըստինքյան վերանում է Հայաստանում ռուսական զորքերի ներկայության անհրաժեշտությունը։