Ռուս-վրացական պատերազմը եւ հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանում խորքային աշխարհաքաղաքական փոխակերպումներ առաջացնելու լիցք ունեն, թեեւ երկուսն էլ հետեւանք են, անհամատեղելի գլոբալ շահերի բախման պատճառով սկիզբ առած շարունակական ռեակցիայի առաջին խոշոր շղթաները: Ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է առաջանա շահերի հավասարակշռման նոր մոտեցումների ու ձեռնարկումների, ռազմավարական նոր գործընկերական հարաբերությունների պահանջ: Արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականության հետեւանք է, ի՞նչ ազդեցություններ կարող է այդ «նորն» ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ունեցած դիրքերի վրա: Ստորեւ բերված հարցազրույցներով ավարտում ենք ներկայացնել հայ եւ ադրբեջանցի փորձագետների մեր հարցումների արդյունքները, հետեւանքներ անելու հնարավորությունը տալով ընթերցողներին, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի վերլուծաբաններին: Նրանց կողմից պատրաստված եզրակացությունները՝ առաջիկա համարներից մեկում: «Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
«Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծվել է եզակի եւ պարադոքսային իրավիճակ»
Հարցազրույց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ
– Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։
– Առաջացել է եզակի իրավիճակ՝ մեծ չափով պայմանավորված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անցած տարվա հնգօրյա պատերազմով, երբ ԱՄՆ-ը, որը բավական երկար ժամանակ շահագրգռված էր հայ-թուրքական սահմանի բացմամբ, այժմ չի բախվում Ռուսաստանի ուժեղ հակազդեցությանը։ Եթե մինչեւ հնգօրյա պատերազմը նկատելի էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման դեմ (համենայնդեպս, արգելակում էր այդ գործընթացը, քանի որ վախենում էր Հայաստանում իր ազդեցության եւ ներկայության թուլացումից), ապա հիմա, երբ հնգօրյա պատերազմը, այսպես ասենք, փակել է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության բոլոր հնարավորությունները, Ռուսաստանն ինքը շահագրգռված է Հայաստանի ապաշրջափակմամբ։ Մի կողմից՝ քանի որ Հայաստանը նրա ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից՝ քանի որ Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաղորդակցությունների բացումը թերեւս մի կողմ կվանի Վրաստանը, կմեկուսացնի տարածաշրջանային բոլոր նախագծերից՝ դրանով իսկ թուլացնելով ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում։ Չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը Վրաստանը համարում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության կղզյակ։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ը եւս, տեղյակ լինելով Ռուսաստանի նկրտումներին, շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Եվ այդ շահագրգռությունը կապված է երկարաժամկետ հեռանկարի հետ։ ԱՄՆ-ը համարում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի ռուսական ռազմաքաղաքական ներկայության թուլացմանը Հայաստանում, ուստի եւ՝ Հարավային Կովկասում։
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարո՞ղ է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։
– Կարճաժամկետ հեռանկարում, սահմանի բացման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտեցումները համընկնում են, ինչը, կրկնում եմ, եզակի եւ պարադոքսային իրավիճակ է։ Իսկապես, կարող է։ Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքականության համար պատասխանատու անձանց հայտարարություններից նկատելի է, որ, ամեն դեպքում, եթե այդ հարցում չկա փոխհամաձայնություն, ապա կա մոտեցումների ինչ-որ կոորդինացում։ Եվ ԱՄՆ-ը, եւ Ռուսաստանը, եւ ԵՄ-ը (ի դեմս Մինսկի խմբի համանախագահ Բ. Ֆասյեի, հատուկ ներկայացուցիչ Փ. Սեմնեբիի, Հ. Սոլանայի), փաստորեն, արտահայտում են նույնական կարծիքներ։ Օրինակ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը վերջերս արտահայտվել է այդ առիթով եւ Հայաստանին ու Թուրքիային հաջողություն ցանկացել հարաբերությունների նորմալացման գործում։
– Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։
– Կարճաժամկետ հեռանկարում սահմանը կբացվի՞ կամ ամբողջ ծավալով կնորմալացվե՞ն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները. ես կարծում եմ, չպետք է շտապել այս հարցերին պատասխանելիս։ Բայց այն բանի դինամիկան, ինչը կա այսօր հայ-թուրքական հարաբերություններում, արդեն իսկ ազդել է ղարաբաղյան գործընթացի վրա։ Հասկանալի է, որ հայ-թուրքական մերձեցումը նպաստել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ռիսկերի հավանականության նվազմանը։ Այն պայմաններում, երբ նշմարվում է տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում, Ադրբեջանի համար արդեն շատ դժվար է ակնկալել Թուրքիայի անվերապահ օժանդակությունը ղարաբաղյան հակամարտության մեջ ռազմական արկածախնդրության դեպքում։ Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ փաստերի ցանկացած դրական փոփոխություն մեր տարածաշրջանի հակամարտություններում (Աբխազիայում, Հարավային Օսիայում կամ առավել եւս հայ-թուրքական փոխհարաբերություններում) իր ազդեցությունն է թողնում նաեւ մյուս հակամարտությունների վրա։ Հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը լավ օրինակ է այն բանի, որ Հարավային Կովկասի հակամարտություններից գոնե մեկը ստացավ ինչ-որ լուծում։ Դա չի կարող չազդել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ողջ դինամիկայի վրա։ Ուստի՝ ես կարծում եմ, որ դա կփոխի ամբողջ ֆոնը ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ թույլ կտա, որ Հայաստանն ավելի հանգիստ նայի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հետագա բանակցություներին։ Հայ-թուրքական մերձեցումը կարող է նաեւ մասամբ հանգստացնել Ադրբեջանին, քանզի այդ դեպքում Թուրքիան ավելի ակտիվորեն կներգրավվի հարավկովկասյան նախագծերի մեջ։ Հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանի բացումը, Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիային կտա Հարավային Կովկասում սեփական քաղաքականությունը վարելու հնարավորություն։ Ես միանշանակորեն վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական դինամիկայի առաջացմանը։
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարո՞ղ է դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր խնդիրը, որի լուծումը կհամապատասխանի այդ երկրների շահերին։
– Շատ է խոսվում այն մասին, որ ելնելով ինչ-որ պոլիտկոռեկտ նկատառումներից, Հարավային Կովկասի քաղաքագետների կամ քաղաքական գործիչների քաղաքական կանխակալություններից, մեղադրվում են մեկ Ռուսաստանը, մեկ Ամերիկան, մեկ էլ ինչ-որ արտաքին ուժեր այն բանում, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում։ Այսքան երկար ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառն առաջին հերթին հակամարտող կողմերի քաղաքականությունն է, նրանք հակված չեն փոխզիջումների։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ, ղարաբաղյան հակամարտությունը միակ դեպքն է հետխորհրդային տարածքում, որտեղ համանախագահ երկրները (այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասի քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավված արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը) կարող են եւ հնարավորություն ունեն, եթե ոչ՝ հասնելու լիակատար փոխհամաձայնության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ապա միարժեքորեն ցուցադրելու սեփական դիրքորոշումը ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության հարցում եւ շատ առումներով համաձայնեցնելու բանակցությունների հետ կապված մոտեցումները։ Ուստի, այդ իմաստով, ես կարծում եմ, որ սա եզակի իրավիճակ է, որտեղ գոնե ընդհանուր գծերով Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Փարիզի դիրքորոշումները շատ առումներով մերձենում են։