Էջմիածին-Երեւան երթուղու մենաշնորհից ոչ միայն սպասարկման որակն է տուժում, այլ ուղեւորն ինքը: Այս երթուղուց օգտվողները կամ ամուր նյարդեր պետք է ունենան, որ դիմանան վարորդների կամայականություններին, կամ՝ ամուր կապեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել նստելու տեղը երթուղայինի մեջ:
Վարորդները ուղեւորների հետ վարվում են այնպես, ինչպես սրտներն է ուզում: Մասնավորապես, եթե վերջիններիս սիրտը մի լավ ուրախանալ կամ, իրենց բառապաշարով ասած՝ ուղեւորների վրա «կայֆ» բռնել է ուզում, միկրոավտոբուսը կայանում են ժամերով սպասող, կուտակված ուղեւորներից այնքան հեռու, որ տեսնեն ու զվարճանան, թե ինչպես են ուղեւորները, հատկապես կանայք ու աղջիկները, վազքով, միմյանց հրմշտելով հասնում բաղձալի տրանսպորտին: Բայց հասնելը դեռ գործի կեսն է, որովհետեւ բուն նպատակին հասնելու՝ «Գազելում» նստելու տեղ ունենալու համար ուղեւորից լավ մարզավիճակ ու ճարպկություն է պահանջվում: Ով կկարողանա, իսկ ավելի շուտ՝ իրեն թույլ կտա հայրենակցին տրորելով ու վրայից ցատկելով հասնել նստարանին, նա էլ կնվաճի նստած երթեւեկելու իրավունքը. հակառակ դեպքում՝ ստիպված է տեղ հասնել շախմատի ձի դարձած: Սա դեռ ոչինչ, միայն թե տեղ հասնի ժամանակին ու առանց միջադեպերի:
Վարորդները նոր «ծառայություն» են ստեղծել: «Գազելներում» «բրոնյա» են անում իրենց հարեւանությամբ գտնվող նստելատեղերից առնվազն մեկը, որպեսզի ճանապարհի ինչ-որ հատվածից իրենց միանա խնամի-ծանոթ-բարեկամ մեկը:
Օրեր առաջ մի վարորդ, թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ սրահում 12-13-ի փոխարեն 18-20 ուղեւոր կա, մի ուղեւորից նախապես գանձած գումարի դիմաց համաձայնեց մինչեւ Մուսալեռ անձեռնմխելի պահել իր կողքի տեղը: Թափուր աթոռն իրենով լրացնելու ուղեւորներից մեկի համառ ջանքերն ապարդյուն անցան. վարորդն ավելի պնդերես գտնվեց եւ համառ ուղեւորին առաջարկեց պպզած դիրքով տեղ զբաղեցնել բազմամարդ, տոթ ու անձուկ սրահում:
Հարցին, թե ինչո՞ւ է ոտնահարում ուղեւորի երթեւեկելու իրավունքը՝ ազատ նստարանի առկայությամբ արգելելով նրան օգտվել դրանից, վարորդն ասաց, որ դատարկ նստարանի համար իրեն «գլխից» են վճարել:
Իսկ «գլխից» չվճարող ուղեւորները, ցավոք, հլու-հնազանդ ենթարկվում են վարորդների ինքնագործունեությանը եւ նրանց սահմանած անմարդկային կանոններին՝ երթեւեկում կիսանստած-կիսականգնած: