Աստծունը՝ աստծուն, կայսրինը՝ կայսրին, իսկ կարկուտը՝…լոռեցուն
Արդեն քանի օր է, բնությունն անխնա ու առանձնակի դաժանությամբ «պատժում» է լոռեցիներին։ Սպիտակի եւ Տաշիրի տարածաշրջանների տասը գյուղերից հետո կարկուտի հաջորդ թիրախը Լոռու մարզկենտրոն Վանաձորն էր։ Հունիսի 15-ի երեկոյան սկսված հորդառատ անձրեւը սովորական չէր անձրեւի սովոր վանաձորցիների համար, վերջիններս չէին էլ ենթադրում, որ շուտով մնալու են անօթեւան։ «Սենց աղետ չէինք տեսել, ժամը 7-8-ի սահմաններում անձրեւ սկսվեց, 9-ին մոտ ուժեղացավ, ձորը փակվեց, ջուրը թափվեց բակ։ Մինչեւ հիմա էլ գալիս է: Դուռը փակեցի կարկուտի առաջ, բայց նույնիսկ փակ դուռն էր ուզում կոտրի… լույսը մարեց, չգիտեինք՝ ում զանգենք, ինչ անենք»,- պատմում են ահաբեկված բնակիչները։
Ամբողջ քաղաքը ողողված է ջրով՝ խուճապի մատնելով նաեւ քաղաքային իշխանություններին։ Ջուրը գոյացել էր ոչ միայն անձրեւից ու կարկուտից, այլեւ դրանց պատճառով խցանված ջրահեռացման համակարգի խափանումից։ Արդյունքում՝ քաղաքի երթեւեկելի փողոցները դարձել են անանցանելի։ Ողջ գիշեր փրկարար ու վթարային ծառայությունները աշխատել են ու էլի չի վերացել աղետի առաջացրած «անկարգությունը»։
Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ գիշերը ոտքի են հանվել արտակարգ իրավիճակների բոլոր ստորաբաժանումները, նաեւ էլեկտրացանցը, ջրմուղը՝ «աջակցելու քաղաքային իշխանություններին՝ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով կրած վնասները վերացնելու ուղղությամբ»։
Աղետի հետեւանքով բան չի մնացել քաղաքի ծերանոցի ձկնաբուծարանից, ավերվել են մշակելի ցանքատարածություններ, ավտոտնակներ, իսկ առանձին թաղամասերում՝ նույնիսկ բնակելի տներ: Խոսքը մասնավորապես Նալբանդյան 23 եւ Մարգարյան 8 հասցեների մասին է։ Կարկուտն այստեղ դույլերով են դուրս բերում տներից։ Նյութականից շատ ավելի մեծ վնաս է պատճառվել ու բնական է ավերակների մեջ հայտնված մարդու սարսափը՝ որտե՞ղ պիտի բնակվի այսուհետեւ. «Վերեւից քարերը թափվեցին, ամբողջը ջարդվեց, ոչինչ չունենք, անկողին էլ չունենք, ավտոտնակում պիտի քնենք, թե որտեղ, չգիտեմ, մնացինք դռներին»։ Բնակիչների մտահոգությունն անտեղի չէ. եթե նույնիսկ վերացվեն աղետի հետեւանքները, ապա դարձյալ «ամիսներ են պետք, որ տան պատերից խոնավությունը դուրս գա»։ Ոլորտի մասնագետների կարծիքով՝ այս իրավիճակում ապարդյուն է որեւէ բան ձեռնարկել. «տեխնիկան չի աշխատի, մարդկային օղակը՝ նույնպես»։ Լավագույն դեպքում մնում է հուսալ, որ մի քանի օր անձրեւ չի գա, եւ հնարավոր կլինի մաքրել ջրի բերած աղբը։ Հակառակ դեպքում՝ բնակիչների տարհանումը կդառնա անխուսափելի։
Լոռու մարզպետը հույս ունի, որ աղետը կշրջանցի մարզը, սակայն օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին կդիտվեն տեղումներ՝ անձրեւի եւ կարկուտի տեսքով: