Նոր մանրամասներ մահափորձի գործով
Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի, անհայտ անձինք Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա փորձել էին տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ պայթյուն իրականացնելու համար։ Նշված տարածքում հայտնաբերվել էր 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հեռակառավարման սարք, ձեւափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան, ինչպես նաեւ՝ «ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար տեսախցիկ ծառայող ձեւափոխված «Sonny-Ericson» տիպի բջջային հեռախոս»։ Կալանավորվել է 8 անձ, այդ թվում «Մուսկուլ Գագո» մականունով Գագիկ Մաթեւոսյանը, որը 1992-97 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ որպես հրամանատարի տեղակալ։ Ի դեպ, ըստ ԱԱԾ-ի, «Մուսկուլ Գագոյի» բնակարանին կից կառույցում հայտնաբերվել է ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղ պատրաստվում էին քիմիական նյութեր եւ պայթուցիկ սարքեր։ Վերոհիշյալ հանցագործության պատվիրատուն ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանն էր, Արաբկիրի նախկին թաղապետի որդին։ Պատվիրատուն 150 հազար դոլար էր տրամադրել ոմն Ռաֆայել Մասումյանի։ Վերջինս դիմել էր փախուստի՝ թաքնվելով Վրաստանի տարածքում։ Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Մասումյանը նույնպես ձերբակալվել եւ կալանավորվել է։
ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ՝ Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ վերջինիս հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ։