Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակի պատմությունը մարդկային դրամա է հիշեցնում:
Շենքի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, պատկան մարմիններին, հայտնելով, որ վերելակը խանգարում է իր անդորրը, այն անսարք է, աղմկոտ ու վտանգավոր կյանքի համար: Նույն շենքի 20-ից ավելի բնակիչներ պնդել են հակառակը: Սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2008 թ. դեկտեմբերի 23-ի 152-Ա հրամանով վերելակն «ազատազրկվել» է, դադարեցվել է շենքում նրա «ազատ գործելու լիազորությունը»: Ի դեպ, հրամանն այդ ժամանակ շենքի կառավարչի կողմից չի կատարվել, այն ի կատար է ածվում այս տարվա փետրվարի 24-ից: ԱԻՆ-ի կողմից հարուցվում է թիվ 1 վարչական վարույթը՝ շենքի կառավարչի դեմ: Վարույթին մասնակցում է միայն մեկ բնակիչ:
Նշված մուտքի վերելակապաշտպան բնակիչները պահանջում են հնարավորություն տալ գործազրկության մատնված վերելակին աշխատել, պատճառաբանելով, որ ճոպանի գումարը իրենք տվել են, բացի այդ՝ նյութական աջակցություն են ցուցաբերել վերելակի «վերականգնողական» աշխատանքների համար: Վերելակի հարցը հասնում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առավոտը» ստացավ մի ողջ փաթեթ: Ըստ այդ փաթեթի տրամաբանության, վերելակը «չարաշահել» է իր լիազորությունները: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Պետրոսյանին են դիմել փորձագիտական վարչության փորձագետ Վ. Ղազարյանը, ուսումնական բաժնի պետ Դ. Աղաջանյանը: Նրանց զեկուցագրում ասվում է, որ տեղի է ունեցել «վերելակի հետազոտում»՝ բնակիչների մասնակցությամբ: Պարզվել է, որ վերելակը գրանցված չէ նշված կենտրոնում, բացակայում են նրա տեխնիկական անձնագիրը եւ շահագործման հրահանգը: «Կասկածյալ» վերելակն արտադրվել է Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքում: Չնայած արտերկրի քաղաքացիությանը՝ վերելակի «հորանի դռները ձեռքով բացվող են»: Այդ վերելակը ՀՀ-ում գործունեություն է ծավալել 1972-ից: Ներկայումս նիկոպոլյան դարաշրջանի վերելակներից մեր հանրապետությունում մնացել է 20-25 հատ: Փորձագետները հանգել էին այն եզրակացության, թե «վերելակը ենթակա չէ վերանորոգման, այն պետք է փոխարինվի նորով»: Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին ուղարկած պաշտոնական գրության մեջ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենը տեղեկացնում է. «Նշված հասցեում վերելակի շահագործման ընթացքում տեխնածին վթարների ու միջադեպերի ռիսկի հավանականությունը բավականին բարձր է: Դրա շահագործումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար»:
ԱԻՆ-ի կողմից «Առավոտին» տրամադրած փաթեթում առկա էր Իսակովի պողոտայի վերոհիշյալ շենքի բնակիչներից մեկին ուղղված՝ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նման տիպի վերելակ ԱՊՀ երկրներում չի արտադրվում: Նաեւ. «Հաշվի առնելով այն հանգամանքները, որ այս տիպի վերելակներին անհատական մոտեցում է անհրաժեշտ, ուստի մեր կողմից ուսումնասիրություններ են կատարվում փնտրել որեւէ երկրում արտադրող նմանատիպ վերելակներ, որպեսզի առանձին ծրագրով լուծվի ձեր վերելակի հիմնանորոգման կամ նորով փոխարինելու հարցը»: