Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերը կտրատում են, որ տեղում խանո՞ւթ կառուցեն

Հունիս 19,2009 00:00

\"\"

Երեւանի Էրեբունի թանգարանի դիմացի պուրակը, որը 1999թ. մեծ հանդիսավորությամբ անվանակոչվեց Վազգեն Սարգսյանի անունով, այսօր ոչ միայն չի կարելի պուրակ անվանել, այլ նաեւ այն, ինչպես պարզվեց, արդեն Վազգեն Սարգսյանի անունը չի կրում:

Թե՛ Երեւանի քաղաքապետարանից, թե՛ Էրեբունու թաղապետարանից պուրակի ներկայիս անունը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին. մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ տվյալ տարածքում Վազգեն Սարգսյանի անվան պուրակ գրանցված չէ: Մինչդեռ 1999թ. դեկտեմբեր ամսին, առատ տեղացող ձյան տակ, ժամանակի իշխանական էլիտայի ներկայացուցիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, պուրակում մի-մի ծառ տնկեցին եւ տեսախցիկների առաջ սգակիր կեցվածք ընդունելով՝ հուզառատ խոսքեր ասացին, նշելով, որ նաեւ այդ ծառերի միջոցով վառ կպահեն Վազգենի հիշատակը: Իսկ այն, որ ձմռան կեսին տնկված ծառերը դժվար թե կպչեին, ոչ ոքի չէր հուզում: Կարեւորը՝ Վ. Սարգսյանի հիշատակին արված միջոցառումների նախաձեռնությամբ աչքի ընկնելն էր:

Տնկված ծառերը, իհարկե, չորացան, իսկ տարածքն էլ հետագա տարիներին ծառայեց տարբեր նպատակների՝ սկսած բանջարեղենային մեծածախ բացօթյա շուկայից, ավարտած ավտոկայանատեղիով ու աղբանոցով: Այդ փողոցին հարող հատվածում կառուցվեցին մի քանի տաղավար-խանութներ, որոնք հետագայում դարձան կահույքի վաճառակետեր: Ընդ որում, կահույքն ուղղակի դրվում էր փողոցում՝ տրանսպորտի համար նախատեսված երթեւեկելի հատվածում: Վերջին ամիսներին էլ այդ նույն հատվածը ծառայում է իբրեւ ավտոմեքենաների շուկա, իսկ մեքենաների մեծ մասն էլ կայանում է ուղղակի պուրակում:

Այնուամենայնիվ, պուրակի՝ խանութներին հարող հատվածում կան հատուկենտ քիչ թե շատ հասուն ծառեր, որոնք այդտեղ վաղուց են աճում: Եվ ահա օրերս նկատեցինք, որ պուրակի ամենամեծ՝ թվով 8 ծառերի կանաչ ճյուղերն անխնա կտրատված են, իսկ մի քանիսն էլ պարզապես հատվել են: Մենք փորձեցինք Էրեբունու թաղապետարանից պարզել, թե ով եւ ինչու է նման անխնա ձեւով կոտրատել այդ ծառերը, սակայն 2 օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել թաղապետարանի կանաչապատման վարչության պետ Մ. Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս բացակայում էր աշխատանքի վայրից: Իսկ ահա շրջակայքի բնակիչներից ու առեւտրով զբաղվողներից ոմանք մեզ հետ զրույցի ընթացքում կարծիք հայտնեցին, թե այդ ծառերը կտրատում են, որ չորանան ու տարածքն ազատվի՝ տեղում նոր խանութներ կառուցելու կամ էլ՝ ընդարձակ ավտոշուկա կազմակերպելու համար:

Հ. Գ. Մի քանի տարի առաջ Էրեբունի համայնքում, հենց թաղապետարանի առջեւ գտնվող հրաշալի պուրակն օրը ցերեկով հատվեց այն ժամանակվա թաղապետ Մհեր Սեդրակյանի կողմից՝ տեղում վերջինիս պատկանող գազալցակայանը կառուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել