Պարտքերի մեջ թաղված Ախուրիկ գյուղում 2 օրից գյուղապետի ընտրություններ են
Ախուրիկցիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է այս գյուղապետարանի դուռը բացվել ու այնտեղ նիստ եղել:
Թե ով կզբաղեցնի գյուղապետի աթոռը՝ ախուրիկցիներին բացարձակապես չի հետաքրքրում. այս պահին նրանց հուզող միակ հարցը օրերս տեղի ունեցած պտտահողմն է՝ իր ավերիչ հետեւանքներով: Շիրակի մարզում բարձրացած պտտահողմը ավերել էր Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերի տները՝ թռցնելով կտուրները, ջարդուփշուր անելով ապակիները, օդում ֆռռացնելով գյուղի կովերին եւ այլ առարկաներ: Այսօր գյուղացիների ուշքումիտքը ոչ թե գյուղապետի առաջիկա ընտրություններն են, այլ այն, թե կառավարությունը կփոխհատուցի՞ վնասը. «Վերջը ձեր ղեկավարներն ու դուք ի՞նչ եք մտածում, ե՞րբ պտի բերեք ու կռիշներս կապեք, եկել-հարցնում եք՝ գյուղապետն ո՞վ պտի լինի, ջհանդամը լինեն ընտրությունները, էս կործանված գյուղին ում ուզում ես բեր դիր, կուզես Անդրանիկ փաշին բեր դիր, օգուտ կլինի՞: Երբ որ էս գյուղը կործանվավ, քանդին-ծախին ու փախան՝ դուք ո՞ւր էիք: Թե որ կռիշները բերին աչքներս մտցրին, կմտածենք ձայն տալու մասին, թե չէ՝ օգուտներս ո՞րն է, որ լեղապատառ ընտրության վազենք, էն է անղեկավար կմնանք, համ էլ էդ Շիրակի մարզպետին մի հատ փոխանցեք, թող չալարի, գա գյուղ տեսնի, թե ինչպես ենք վեդռոները տան մեջտեղը շարել ու անձրեւներին պահակ նստել»,-գյուղապետի ընտրության մասին մեր հարցերին ի պատասխան բողոքեցին ախուրիկցիները: Գյուղացիների ներկայացմամբ, գյուղապետերի «խերը» իրենք չեն տեսել, «ամեն ինչից խեղճ են ապրում»՝ հացից, խմելու ջրից, նույնիսկ կովերը արածելու վայր չունեն: Ըստ նրանց, գյուղի ջահելները խոպան են գնացել, իրենք էլ «շան օրի են». պարապությունից ամբողջ օրը գյուղի կենտրոնում հավաքվում ու «թուղթ» են խաղում:
Իսկ թե ինչո՞ւ է Ախուրիկը կիրակի օրն արտահերթ ընտրությունների պատրաստվում, ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը, պարտքերի մեջ թաղվելով, ծախեց տուն-տեղն ու գյուղից փախավ: Այժմ նրա պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ գյուղապետի տեղակալը՝ ԲՀԿ-ական Համբարձում Խաչատրյանը, ՀՀԿ-ական Վարդան Խաչատրյանը, որը նաեւ ավագանու անդամ է, եւ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության աշխատակից Վարդիթեր Գասպարյանը: Սակայն թեժ պայքար ծավալվել է 2 թեկնածուների՝ Վարդիթեր Գասպարյանի եւ ՀՀԿ-ական Վարդան Խաչատրյանի միջեւ:
Հետաքրքիրն այն է, որ գյուղում քարոզարշավ տեղի չի ունենում, նախընտրական բուկլետներ չեն բաժանվում, իսկ թեկնածուները «գյուղափրկիչ» ծրագրերից խոսում են միայն լրագրողներին տեսնելիս: Մեզ հետ զրույցում թեկնածուներից Վարդան Խաչատրյանը իր՝ գյուղապետ դառնալու հավակնությունն այսպես մեկնաբանեց. «Գյուղում ինձ բոլորը վստահում են, ես իմ աշխատասիրության վրա կասկած չունեմ, կուզենայի, որ գյուղը չտարբերվի մյուս գյուղերից: Ես 47 տարվա ընթացքում ոչ մի անգամ գյուղից չեմ բացակայել, աշխատել եմ այնպիսի բնագավառում, ինչպիսին ոռոգման ջուրն է՝ բոլորի հետ շփվել եմ, բոլորը գոհ են մնացել ինձնից: Իմ հակառակորդներն իրենց լծակներն օգտագործում են, ով ինչ հնարավորություն ունի՝ կօգտագործի, որ ինքն անցնի, բայց վարկաբեկելը գյուղում հեշտ չի ստացվում, քանի որ 3 թեկնածուներս էլ գյուղից ենք, գյուղացիները այդպես հեշտ չեն հանձնվում, նրանք բոլորին ընտանիքներով՝ մեծից փոքր ճանաչում են: Բոլորն էլ ուզում են, որ գյուղացիներն իրենց գովեն, բայց գովելով բան չի ստացվում, մարդիկ աչք ունեն՝ տեսնում են: Իսկ քարոզարշավի կարիք գյուղում չկա, քանի որ բոլորս էլ ամեն առավոտ իրար տեսնում, բարեւ-բարի լույս ենք անում, էլ իմաստը ո՞րն է: Քարոզարշավ կանի այն մարդը, որին չեն ճանաչում, ով ուզում է ինչ-որ բանով խաբի ժողովրդին»: Նրա ամենալուրջ հակառակորդը Վարդիթեր Գասպարյանն է, որը ծնունդով Ախուրիկից է եւ ժամանակին աշխատել է Ախուրիկի սովխոզի տնօրեն: Նա թեկնածու առաջադրվելու հանգամանքը այսպես բացատրեց. «Ինչո՞ւ եմ վերադառնում Ախուրիկ, խնդիրները պարզ են, գյուղը ֆինանսական ծանր վիճակի մեջ է, պարտքեր, որոնք ահռելի են, մի տարվա բյուջեի չափով պարտքեր ունի, այսինքն՝ տասնյակ միլիոններ եւ ավելի: Եթե գյուղապետի պաշտոնի համար առաջադրված լինեին այնպիսի թեկնածուներ, որոնք կկարողանային գյուղը ստեղծված իրավիճակից հանել, հաստատ չէի գնա, քանի որ թողնում եմ շատ նորմալ աշխատանք: Եթե գյուղը մնա նախկին գյուղապետարանի աշխատակիցների ձեռքում, դա կնշանակի՝ նոր պարտքեր, թաքցնել հինը, եղածը եւ ոչ թե վերջակետ դնելով՝ սկսել զրոյից: Իմ նպատակն է գնալ գյուղ եւ առաջին 3-4 տարում զրոյացնել պարտքերը: Ասածս անկեղծ է, ոչ մի ֆինանսական ակնկալիք չունեմ, իմ աշխատավարձը մարզպետարանում ավելի բարձր է, քան գյուղապետի էսօրվա աշխատավարձն է: Չեմ գնալու նախկին գյուղապետի արածը բացելու, դրան հակված չեմ, գնում եմ զրոյից սկսելու, երբ նախկին գյուղապետը հայրական օջախն է վաճառել ու գնացել, նրա մասին այլեւս խոսելը առնվազն անբարոյականություն է: Ես նորից եմ կրկնում, ինչու չէ՝ մեկ-մեկ հայրենասիրություն ասածը եկեք նյութականացնենք, աննյութական չէ, ես սիրում եմ իմ գյուղը, ես գիտեմ իմ գյուղը: Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչից պետք է սկսեմ, նույնիսկ նստելու աթոռ-սեղան Ախուրիկում չկա, 4 պատ է: Իսկ եթե էսօր իմ մրցակիցները՝ իմ գյուղացիները, հազար տարվա ծանոթ, իջնում են էնքան, որ երկուսով մի բան են ուզում, որ Գասպարյան Վարդուհին գյուղ չգնա, այ, դա ինձ պարտադրում է գնալ»,- ասաց տիկինը՝ հարյուր տոկոսով համոզված լինելով, որ ամսի 23-ից գյուղապետի չեղած աթոռին հաստատ ինքն է նստելու: