Կարծում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը
Թեեւ Հայաստանը արձանագրում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը զարգացում է ապրում, սակայն Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներում ՏՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի նահանջ կա: Ոլորտի զարգացման հեռանկարների եւ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեր երկրի՝ միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտություն կա, պարոն Երիցյանն ասաց. «Երկու գործոն կա, որ ազդում է վարկանիշի ձեւավորման վրա։ Առաջինը կոչվում է կարծր տեղեկատվություն, որոնք զուտ փաստեր են, վիճակագրություն։ Այդ տեսակետից վիճակը բոլորովին բարվոք է։ Բայց երբ անդրադառնում ենք տնտեսվարող սուբյեկտների հարցման արդյունքներին, ապա դրանք բավականին բացասական են։ Սա կարող է պայմանավորված լինել եւ՛ դրական, եւ՛ բացասական գործոններով։ Բացասական՝ որովհետեւ մեզ մոտ բոլորը հոռետես են, դժգոհ, իսկ դրական իմաստով՝ նշանակում է, որ պահանջատեր են։ Այսինքն, եթե այլ երկրների ցուցանիշներն ինչ-ինչ պատճառով բարձր են, իրենց բիզնեսն ավելի քիչ պահանջներ ունի եւ բավարարված է։ Մինչդեռ մեզ մոտ կտրուկ փոփոխությունների ակնկալիք ունեն։ Այդ պատճառով ոչ թե ցուցիչները բարելավելու ուղղությամբ պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնել, այլ մեր խնդիրն ավելի լուրջ է. պետք է փոխվի մեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ»։
Անդրադառնալով ՏՏ ոլորտի վրա տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, Ն. Երիցյանը ասաց. «Այս մեր ընկերություններն աշխատում են դրսից եկած պատվերների վրա, դրանց մեծ մասը պահպանել է այդ պատվերները, որովհետեւ նման ոլորտներում, որոնք գիտահետազոտական արժեքի վրա են կառուցված, որեւիցե հետընթաց չի գրանցվել։ Եղան ընկերություններ, որոնք կորցրին իրենց պայմանագրերը, բայց սա ամենաարագ վերականգնվող ոլորտներից է։ Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանում այդ սեկտորի աճի տեմպերը մեծ չեն, բայց որոշ առումով պահպանված են, էական անկում չկա։ Մեկ ընկերություն փակվեց, բայց դրա պատճառը ճգնաժամը չէր, այդ ընկերությունը վաղուց այլ-այլ պատճառներով որոշում էր կայացրել, որ պետք է փակվի։ Այս ոլորտն աճում է, պահանջարկը մեծանում է, անընդհատ աճում է նաեւ մեր ներքին պահանջարկը, ինչը բավարար է, որպեսզի մենք կարողանանք նույնիսկ նախորդ տարիների աճի տեմպերն ապահովել։ Կարող եմ ասել, որ այս ոլորտն ամենաիներտն է ճգնաժամի նկատմամբ»։ Նախարարից փորձեցինք պարզել նաեւ, թե պետական ինչ քաղաքականություն է տարվում ոլորտի զարգացման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ըստ Ն. Երիցյանի. «Առաջին խնդիրը, որին խիստ ուշադրություն ենք դարձնում, հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումն է: Այս առումով դրական է նոր օպերատորի մուտքը, ինչը բավականին ուժեղացնում է մրցակցությունը եւ դրական երեւույթ է։ Բացի այդ, մենք Համաշխարհային բանկի հետ նախապատրաստում ենք ծրագիր, որի ընդհանուր արժեքը 24-30 միլիոն դոլար է, եւ այդ ծրագրի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը հեռահաղորդակցության լայնաշերտ ցանցի ձեւավորումն է։ Ընդ որում, ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ տարածշրջանում պետք է ձգտենք ապահովել ինտերնետի հասանելիություն։ Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է էլեկտրոնային քարտերի ներդրմանը, որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ միջավայրում ծառայություններ գնել պետությունից, մասնավոր հատվածից, բանկերից եւ այլն։ Բացի այդ, կառավարության ծառայությունները պետք է էլեկտրոնային լինեն, կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշ ենթակառուցվածքներ նույնպես պետք է էլեկտրոնային կառավարմամբ ղեկավարվեն։ Մոտ 190 հազար անհատական հաշիվներ պետք է կառավարվեն այս տարբերակով։ Այս ամենը կստեղծի պահանջարկ ինտերնետի, հեռահաղորդակցության նկատմամբ, եւ բնական է՝ ներդրումներ կկատարվեն հեռահաղորդակցության ոլորտում»:
Նշենք նաեւ, որ այսօր եւ վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «DigiTec Business» ֆորումը, որն առնչվում է բիզնեսի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը։