Ըստ սիրիահայ գործարարների, թեեւ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է, սակայն շուկան դեռեւս բավարար զարգացած չէ:
Չնայած Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, սիրիահայերը պատրաստակամ են մեր երկրում ներդրումներ կատարելու: Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացած հայ-սիրիական գործարար համաժողովի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում սիրիահայերից շատերը հավաստիացրին, որ մեծ ցանկություն ունեն Հայաստանում գործունեություն ծավալելու, ոմանք էլ արդեն մի քանի տարի է՝ աշխատում են մեր երկրում: «Ավո» ընկերության տնօրեն Մամիկոն-Սարգիս Կարագուլյանը Հալեպում ոսկերչությամբ է զբաղվում, սակայն այստեղ որոշել է կառուցապատում անել. «Արդեն 5 տարի է հոս՝ Հյուսիսային պողոտայում շենքեր կշինեմ»: Մեր այն հարցին, թե չի՞ խանգարում տնտեսական ճգնաժամը նրա կառուցած բնակարանների վաճառքին, պարոն Կարագուլյանը պատասխանեց. «Փառք Աստծո, վաճառվում են: Մեր բիզնեսը չի տուժել ճգնաժամից: Կուզենամ, որ շատ մարդիկ գան Հալեպից ու այստեղ գործ անեն: Պայմանները նպաստավոր են»:
Սիրիահայ գործարար Սուրեն Վարդանյանն էլ ասաց, որ իրենք Հայաստանում ներկայացնում են «Վարդանյան» ընկերությունը. «Եկած ենք այստեղ մասնակցելու այս ուրախությանը եւ ցանկանում ենք այստեղ 2-3 ամսից խողովակների գործարան բանալ»:
Գործարարներից ոմանք էլ դեռ ուսումնասիրություններ էին անցկացնում մեր տեղական շուկայում: Նազար Քրմզյանի խոսքերով, ինքն արդեն 35-40 տարի Հալեպում իր սեփական ռեստորանն է աշխատեցնում. «Եկել եմ, որ գաղափար առնեմ, քանի որ այստեղ էլ եմ ուզում գործունեություն ծավալել»: Մեր այն դիտարկմանը, որ այստեղ ռեստորանները բավականին շատ են եւ մրցակցության առումով դժվար կլինի, նա պատասխանեց. «Այստեղ սիրիական իսկական կերակուր չկա: Մենք մատուցելու ենք արաբական եւ եվրոպական կերակուր»:
«Սանոսյան» ընկերության տնօրեն Հմայակ Սանոսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ արդեն 3 տարի է, ինչ մեր տեղական շուկան է ուսումնասիրում. «Պետք է ասել, որ ճգնաժամը մեր գործերը հետ ձգեց: Շատ մեծ եվրոպական ֆիրմաներու հետ կաշխատիմ, հիմա էլ կուզիմ այդ ֆիրմաներու ապրանքը ներկայացնել Հայաստանում: Շատ ֆիրմաներ կան, որոնք Հայաստան չեն մտել: Մի քիչ ուշ, բայց սկսանք այստեղի շուկա մտնելու մասին մտածել: Եզրակացության եկանք, որ ձեր շուկան ծարավ է եւ այն պետք է քիչ մը զարգանա»: Ըստ Հ. Սանոսյանի, իրենց ընտանիքն արդեն 60 տարի այս բիզնեսով է զբաղվում:
Ի տարբերություն սիրիահայերի, տեղի հայերն այս համաժողովից ակնկալում էին համագործակցել Սիրայից եկած գործարարների հետ՝ տեղական ապրանքների արտահանման ուղղությամբ: «Հայէլեկտրամեքենա» ընկերության փոխտնօրեն Հենրիկ Անտոնյանի ներկայացմամբ. «Մեր ապրանքները պահանջարկ ունեն Սիրիայի Հանրապետությունում: Մենք արտադրում ենք տրանսֆորմատորներ եւ տրանսֆորմատորային ենթակայաններ»: Իրենց նպատակն իրագործելու համար «Հայէլեկտրամեքենա» ընկերությունը արդեն մի քանի տարի բանակցություններ է վարում Սիրիայի գործարարների հետ:
«Բիոքիմ» ընկերության տնօրեն Աշոտ Ավետիսյանին էլ ավելի շատ անհանգստացնում էին արտահանման հետ կապված դժվարությունները: Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է լուծել տրանսպորտային խնդիրները. «Դրանք բավական թանկացնում են արտադրանքի գինը, քանի որ անցնում են մի քանի սահման: Ինչպես նաեւ ուղղակի կապ չկա, ապրանքներն անցնում են Իրանի եւ Իրաքի սահմաններով, որտեղ պատերազմական իրավիճակ է: Հույս ունեմ, որ այս համաժողովը կօգնի այս խնդիրներն էլ լուծել»: Ընկերության տնօրենի կարծիքով, հայկական ապրանքները Սիրիայում մեծ պահանջարկ ունեն եւ իրենց արտադրած կոսմետիկ միջոցներն ու ատամնաբուժական նյութերը եւս կգտնեն իրենց սպառողին. «Դեկտեմբերին Հալեպում էր համաժողով անցկացվում, եւ մենք բացահայտեցինք, որ մեզ համար այնտեղ մեծ շուկա կա»:
Համաժողովի բացման արարողության ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն էլ նշեց, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը կարող է ակտիվացնել հայ-սիրիական տնտեսական հարաբերությունները, քանի որ «երկաթգիծը Հայաստանին հնարավորություն կտա Իրանով, Իրաքով, Պարսից ծոցով եւ Միջերկրական ծովով հասնել մինչեւ Սիրիա: Այսօր 2 երկրների միջեւ ցամաքային կապերի բացակայությունը խանգարում է հայ-սիրիական տնտեսական հարաբերություններին»: