Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՍՏԱՑՎԱԾ ԱՍԵԼԻՔ

Հունիս 19,2009 00:00

Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հավերժությունը կամ վերջանո՞ւմ է արդյոք, եւ ով է, որ դատում է արդար կամ դատում գթությամբ: Չգիտեմ նաեւ, թե ուր է հեռանում անսահմանությունը, եւ որտեղ է, որ այդ անբացատրելի ծիրի մեջ հայտնվում է օրենքը մեր՝ ապրողներիս համար, որ անտեսի արդարներին եւ դատի մեղավորներին: Վաղը մեղավորների համաներման օրն է…

Եվ այսօր ինչքան էլ մեր հարեւան թուրքերի հետ բարեկամություն հաստատենք, միեւնույն է՝ իրենք մեղավոր են, չնայած որ ուզում են քաղաքակիրթ աշխարհ մտնել, միեւնույն է՝ իրենք մեղավոր են: Մեղավոր են առաջին հերթին ոչ միայն եղեռնագործությամբ, այլեւ, որ Ալթայից գաղթելով իրենց շարունակական քոչով, քոչ, որի նպատակը սեփական տարածքը թողած ուրիշի հայրենիքներում սոսկ ուտելիք փնտրելն էր եւ ապրելու տարածք ու սեփական բնակավայրը թողած՝ որպես քոչվոր եւ նվաճող, սկսեցին ապրել ուրիշների հայրենիքներում… Եվ հիմա նրանք են այդ հայրենիքների տերը՝ հայերի, ասորիների, հույների: Այնինչ, մեր կյանքում նաեւ զարմանալի բան տեղի ունեցավ պարսիկների նվաճած Հայաստանում, երբ նրանք տեր ու տնօրեն էին, եւ Երեւանում վաղուց արդեն կառուցված էր Սարդարի պալատը եւ կառուցված էր նաեւ միակ մզկիթը, որ, փառք Աստծո, մինչեւ հիմա էլ կա՝ որպես Աստծո բնակավայր, եւ կարծես թե ամեն ինչ հիմնավորված էր… Թերեւս հիմնավոր էր, սակայն Երեւանը ռուսական զորքերի կողմից գրավվելուց հետո տարօրինակ բան տեղի ունեցավ. բոլոր պարսիկները թողեցին Հայաստանը ու հեռացան իրենց երկիր, իսկ թուրք քոչվորը մնաց: Այսինքն թե՝ ազգը, որ հայրենիք ուներ, եւ երբ տիրապետում էր իր նվաճած երկրներին, տեր էր, եւ երբ արդեն իր գրավյալ երկիրը արդեն իր նվաճածը չէր, սուսուփուս վերադառնում է իր հայրենի տունը, քանի որ ինքն ուներ հազարամյա հայրենիք, եւ ձայնն իր հայրենի կանչում էր իրեն: Եվ պարսիկները վերադարձան տուն…

Ու ինչքան էլ որ Հովհաննես Մկրտչին անվանենք տատրակ անապատի, միեւնույն է՝ հայի ներսում կա մի պատկեր, եւ պատկերն այդ լեռն է Արարատ, որը հայի համար փոխարինում է ծովին ու օվկիանոսին, քանի որ Արարատ լեռը հայի մեջ արթնացնում է անսահմանության այն ցանկալի զգացողությունը, որ իր պատմությունն է եւ իր գալիք օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել