Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կիսաընդդիմադիր կամ ընդդիմադիր չէ

Հունիս 19,2009 00:00

Հայտարարում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, սակայն չի բացառում, որ քաղաքականության մեջ մեկ վայրկյանը կարող է քաղաքական վայրիվերումների առիթ դառնալ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսում պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն չի նեղացել Հանրապետական կուսակցությունից. «Նեղացածություն չկա, պարզապես ընտրությունից հետո, վերլուծական աշխատանքից հետո ընտրության արդյունքը գոհացուցիչ չէր»: Սրա համար ԲՀԿ-ն ոչ թե Հանրապետականին, այլ ինքզինքն է մեղադրում, բայց եւ հայտարարում, որ իրենց անցկացրած նախընտրական քարոզարշավը շատ ավելի լավն էր, քան՝ ընտրության արդյունքը:

Ըստ Խաչիկ Գալստյանի՝ այս իրավիճակի համար մեղավորը մեր ազգային մենտալիտետն է. «Այստեղ մենք կամա թե ակամա պետք է առնչվենք մեր ազգային նկարագրին, ազգային մենտալիտետին, մեր ընտրողների կողմնորոշումներին: Եթե քաղաքակիրթ երկրներում եւ դասական ժողովրդավարություններում քարոզարշավի ազդեցությունը մարդկանց էլեկտորալ վարքագծի վրա էականորեն մեծ է, այսինքն՝ քո քարոզարշավից պայմանավորված է մոտ 20-30 տոկոս էլեկտորատի կողմնորոշումը, ապա Հայաստանում նախընտրական քարոզարշավի ազդեցությունը լսարանի վրա էականորեն քիչ է»: Խաչիկ Գալստյանը նաեւ հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցելու կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քվեարկությանը, կուսակցության պատգամավորներին էլ ազատ քվեարկելու իրավունք է տրված: Ասաց, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է փաթեթին, բայց եթե դեմ քվեարկի, կդառնա թիրախ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունի այդպես ասելով, արդյո՞ք այն, որ դեմ քվեարկելու դեպքում տնտեսապես կնեղեն Ծառուկյանին: Ըստ մամուլի խոսնակի. «Կդառնա թիրախ քննադատության առումով: Լինելով խոշոր գործարար եւ դեմ հանդես գալով այդպիսի հարկային փաթեթին, որը նախատեսում է հարկային տեսուչների առկայությունը խոշոր գործարաններում կամ խոշոր գործարար համակարգերում, բնականաբար դա կդիտարկվի, այսինքն՝ եթե ես լինեի լրագրող, որպես լրագրող անպայմանորեն կկապեի դա տնտեսական շահախնդրության հետ, եւ այդ առումով, բնականաբար, կլինեի նաեւ խոցելի: Հետեւաբար, պարոն Ծառուկյանի դիրքորոշումը միանշանակ է, մենք ազատ ենք թողել մեր պատգամավորներին այդ հարցում: Քանի որ ինքը միակ գործարարը չէ Հայաստանի, եթե մնացած բոլոր գործարար շրջանակներին ձեռք կտա այդ օրենքի նախագիծը, առավել եւս կարող է ձեռնտու լինել պարոն Ծառուկյանին»:

«Առավոտը» նաեւ հարցրեց՝ եթե ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում կոալիցիա չի կազմում մեծամասնություն ստացած ՀՀԿ-ի հետ, չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն ավագանիում դառնալու է ընդդիմություն, մանավանդ՝ ՀԱԿ-ը հրաժարվել է մանդատներից եւ այլ ընդդիմություն ավագանիում չկա: Իսկ եթե դառնալու է ընդդիմություն, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նաեւ ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանի 12 կետից բաղկացած առաջարկները, որոնք հնչեցվեցին ընդդիմության վերջին հանրահավաքում: Ի պատասխան՝ Խաչիկ Գալստյանն ասաց. «Հարցին պատասխանեմ որպես քաղաքագետ-տեսաբան. այո, քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չի լինում, եւ մեկ էպիզոդը, մեկ վայրկյանը կարող է քաղաքական վայրիվերումների առիթ հանդիսանալ, բայց այս պարագայում ԲՀԿ-ն ոչ մի կիսաընդդիմադիր կամ լիովին ընդդիմադիր կեցվածք չի որդեգրել»: Նաեւ բացատրեց, թե ինչու ԲՀԿ-ն վայր չդրեց իր մանդատները. «Բանն այն է, որ ընտրովի պաշտոնների համար աշխարհում ընդունված չէ մանդատները վայր դնել: Մարդիկ վստահել են մեզ: Եթե դուք հետեւում էիք քարոզարշավին, «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր քարոզարշավ չի իրականացրել եւ ընդդիմադիր կեցվածքով չէ, որ այդ էլեկտորատը կանգնած է մեր կողքին: Հետեւաբար, մեր քաղաքական պարտավորությունն է իսկապես հետեւել մեր քաղաքական կուրսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել